ԵԿՄ ՆԱԽԱԳԱՀԸ ԱԼԻԵՎԻ ՄԱՍԻՆ. «ՍԵՎԱՆՈՒՄ ԷԼ ՈՒԶՈՒՄ Է ԼՈՂԱԼ, ԲԱՅՑ ՋՈՒՐԸ ՍԱՌՆ Է, ՎԱԽԵՆՈՒՄ Է»
Արխիվ 12-16ԵԿՄ ՆԱԽԱԳԱՀԸ ԱԼԻԵՎԻ ՄԱՍԻՆ. «ՍԵՎԱՆՈՒՄ ԷԼ ՈՒԶՈՒՄ Է ԼՈՂԱԼ, ԲԱՅՑ ՋՈՒՐԸ ՍԱՌՆ Է, ՎԱԽԵՆՈՒՄ Է»
Երկրապահ կամավորների միությունն այսօր տոնեց իր կազմավորման 25-ամյակը: Օրը հագեցած էր տոնակատարություններով: Բայց, ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես ԵԿՄ-ն առավոտ կանուխ նախեւառաջ հարգանքի տուրք մատուցեց «Եռաբլուրում» ննջող զինակից ընկերներին:
ԱԼԻԵՎԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՍԵՎԱՆԻ ՍԱՌԸ ՋՐԻՑ
ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ, զորավար, Ազգային ժողովի պատգամավոր ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ գլխավորությամբ` ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը, այլ բարձրաստիճան այրեր, ինչպես նաեւ ԵԿՄ վարչության անդամները, մարզային խորհուրդների եւ տարածքային բաժանմունքների ներկայացուցիչները, երիտասարդ եւ պատանի երկրապահները «Եռաբլուր» պանթեոնում ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի եւ մնացյալ զոհված նահատակների շիրիմներին: Ի դեպ, լրագրողներիս հաջողվեց ԵԿՄ վարչության նախագահից կարճ մեկնաբանություն վերցնել այն մասին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մի առիթով ասել է, թե երազում է Շուշիում նամազ անել, ինչին ի պատասխան գեներալը նշեց. «Նա միայն Շուշիի մասին չէ, որ երազում է: Սեւանում էլ ուզում է լողալ, բայց ջուրը սառն է, վախենում է՝ վիրուս ընկնի»:
«ԱՎԵԼԻ ՄԵԾ ՍԵՐ ՈՉ ՈՔ ՉՈՒՆԻ, ՔԱՆ ԱՅՆ, ՈՐ ՄԵԿՆ ԻՐ ԿՅԱՆՔԸ ՏԱ ԻՐ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
«Եռաբլուրից» երկրապահներն ուղեւորվեցին դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Գերաշնորհ Տ. ՀՈՎԱԿԻՄ եպիսկոպոս ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ձեռամբ մատուցվեց սուրբ եւ անմահ Պատարագ: Հովակիմ Սրբազանը նշեց, որ չկա ավելի մեծ զոհաբերություն, քան այն, որ անձը իր կյանքն ընծայաբերում է Հայրենիքի զոհասեղանին, հայրենի եզերքը պաշտպանելիս` վասն հավատո եւ վասն հայրենյաց: Պատարագիչ Սրբազանն ընդգծեց, որ այս գաղափարը դարեր ի վեր առաջնորդող է եղել Եկեղեցու համար, եւ Եկեղեցին իր ողջ պատմության ընթացքում օրհնել ու մեծապես գնահատել է, երբեմն էլ դասել սրբերի շարքը Եկեղեցու այն զավակներին, ովքեր կանգնել են իրենց սրբությունների, հայրենի սահմանների եւ արդարության պաշտպանության համար: «Այս եկեղեցու խորանից պատմության բերմամբ վերջին հարյուրամյակների
ընթացքում օրհնվել են շատ հայորդիներ, ովքեր զենքը ձեռքին պաշտպանել են մեր հայրենի սահմանները: Այսպես գործեցին Ներսես Աշտարակեցի, Խրիմյան Հայրիկը` Արծիվը Վասպուրականի, Գեւորգ Ե Սուրենյանց եւ Գևորգ Զ Չորեքչյան կաթողիկոսները: Հայ զորքին օրհնեց նաեւ Վազգեն Ա երջանկահիշատակ հայրապետը, եւ այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ տնօրինությամբ օրհնության են արժանանում հայ երկրապահները, ովքեր մեր երիտասարդ հայորդիներին հոգի եւ շունչ են հաղորդում` պաշտպանելու մեր հայրենի եզրերը», - եզրափակեց իր խոսքը Սրբազան Հայրը` մաղթելով, որ Աստված միշտ օրհնի հայ ժողովրդին եւ հայի բազուկն իր պայքարի մեջ, խաղաղություն պարգեւի Հայրենիքին եւ ողջ աշխարհին:
Հավելենք, որ Պատարագի ավարտին, նախագահությամբ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն` արցախյան հերոսամարտի ընթացքում զոհված հայ քաջարի մարտիկների հոգիների հանգստության եւ խաղաղության համար:
ԹԵ ՈՎՔԵՐ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ԵԿՄ-Ի 25-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
Երկրապահ կամավորների միության կազմավորման 25-ամյակն ամփոփվեց Էջմիածնի «Վան» ռեստորանում, որտեղ ավելի քան 700 հյուրերի համար մեծ ընդունելություն էր կազմակերպված: Առաջին կենացով, իհարկե, գեներալ Մանվել Գրիգորյանը հիշեց սպարապետ Վազգեն Սարգսյանին, ապա բաժակ բարձրացրեց սահմանին կանգնած զինվորների համար, որոնց ինքը պաշտպանել է դեռ այն ժամանակ, երբ նրանք ծնված չեն եղել, բայց այսօր այդ տղաները սահմանին կանգնած պաշտպանում են իրեն եւ իր ընտանիքին:
Եվ, իհարկե, էլ ինչ տոնակատարություն, առանց պարգեւատրումների: «Վազգեն Սարգսյան» հուշամեդալով պարգեւատրվեց ԱԺ նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ, ԵԿՄ 20-ամյա հուշամեդալով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, ԵԿՄ 25-ամյա հուշամեդալով պարգեւատրվեցին ԵԿՄ վարչության նախագահ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ ՍԵՅՐԱՆ ՍԱՐՈՅԱՆԸ, առաջին կին-գեներալ, Մանվել Գրիգորյանի կինը՝ ՆԱԶԻԿ ԱՄԻՐՅԱՆԸ, Երեւանի քաղաքապետ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ:
Պարգեւատրվեցին նաեւ մի շարք ԵԿՄ-ականներ, որոնց թվում էր նաեւ «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության վարչության փոխնախագահ, խմբագիր ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ, ում համար Հայաստանի Երկրապահ հուշամեդալին արժանանալը ե՛ւ պատասխանատվություն է, ե՛ւ հաճելի զգացում: Այս մասին նա նշեց. «Հպարտ եմ, որ մասն եմ կազմում երկրապահական այն ընտանիքի, որն արարում, հաղթում եւ իր բեղուն գործունեությամբ փառք ու պատիվ է բերում Հայրենիքին` սերունդներին ժառանգելով հաղթության դափնիներ, ամուր կամք եւ կուռ միասնականություն... Շնորհակալ եմ Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանին, ԵԵԿ նախագահ Էդգար Բարսեղյանին, երկրապահական իմ ավագ, երիտասարդ ու պատանի բոլոր ընկերներին: Վստահ եմ, որ առաջիկա տարիները
նույնպես հայի, հայկականի ու Հայոց եռագույնի տարիներ են լինելու, մեր պատմական հողերի վերադարձով, տարածքների ընդլայնմամբ ու հաղթություններով...»:
Հայրենիքից դուրս ունեցած ռազմահայրենասիրական մեծ ավանդի համար` հոբելյանական մեդալով պարգեւատրվեց նաեւ ՌԴ-ում ԵԿՄ երիտասարդական թեւի ղեկավար ՆԱԻՐԱ ՆԻԱԶՅԱՆԸ, ով մեզ հետ զրույցում ընդգծեց. «Մեր հայրենիքի շատ երախտավորների հետ եւ ես պարգեւատրման արժանացա, ինչը շատ ոգեւորող եւ, միեւնույն ժամանակ, պարտավորեցնող է, որպեսզի լինեմ էլ ավելի հայրենասեր»:
ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԶԵԿՈՒՅՑԸ ՍՊԱՐԱՊԵՏԻՆ ԵՎ ՆԱՀԱՏԱԿ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
Ամփոփելով` տոնական օրվա իրադարձությունները, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նաեւ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մ. Գրիգորյանի շնորհավորանքը` Երկրապահի օրվա կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. «Այս տոնական օրը ես կամենում եմ զեկուցել Սպարապետ Վազգեն Սարգսյանին եւ մեր նահատակ ընկերներին, թե իրենց պատգամները հարգելու, իրենց ժառանգությանը տեր կանգնելու ուղղությամբ ինչ քայլեր ենք կատարել վերջին տարիներին: Ամենասկզբում հենց օրվա խորհրդի մասով: Մեր ձեռքբերումներից է այն, որ 2000 թվականից սկսած Երկրապահի օրն ընդգրկվել է ազգային տոնացույցում, սա պետականորեն նշվող տոն է: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Մայր տաճարում, նաեւ` բոլոր առաջնորդանիստ եկեղեցիներում նշվում է Երկրապահ կամավորականի օրը` հնչում են զանգերն ու մատուցվում է սուրբ պատարագ: Ես հպարտ եմ զեկուցել, այսպիսով, որ Երկրապահ կամավորականի օրը ճանաչվել է պետականորեն եւ ստացել Մայր եկեղեցու օրհնությունը:
Շարունակելով երկրապահ կամավորականի ճանաչման թեման` նշեմ, որ 2013 թվականին պաշտոնապես ընդունվեց «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքը: Այս կերպ պետական ճանաչում ստացավ երկրապահ կամավորականությունը: Սա լուրջ բարոյական նշանակություն ունի մեր պետության համար: Ես հատուկ պետք է ընդգծեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի դերն այս օրենքի ընդունման հարցում: Պարտավոր եմ արձանագրել, որ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, ով մեր մարտական ընկերն է, ամենաիսկական երկրապահ է` քաջածանոթ երկրապահի դարդ ու ցավին, երկրապահների բոլոր խնդիրներին եւ միշտ էլ պատրաստակամ է օգտակար լինել Երկրապահին: Ի կատարումն նշված օրենքի այսօր արդեն լայն թափով ընթանում է Երկրապահ կամավորականի կարգավիճակի վկայականների հանձնումը»։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
