ՀՈՒԶԻՉ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՉԻՆԱՐԻՈՒՄ. «ՀՐԱԴԱԴԱՐԻՑ 20 ՏԱՐԻ ԱՆՑ` ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍՈՎ»
Արխիվ 12-16ՀՈՒԶԻՉ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՉԻՆԱՐԻՈՒՄ. «ՀՐԱԴԱԴԱՐԻՑ 20 ՏԱՐԻ ԱՆՑ` ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍՈՎ»
Մայիսյան եռատոնի առիթվ լուսանկարիչ ՅՈՒԼՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆՑԸ բացառիկ նախաձեռնությամբ է հանդես եկել` Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում բացելով իր «Հրադադարից 20 տարի անց` խաղաղության սպասումով» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը: Հատկանշական է այն, որ ցուցահանդեսի ընտրված վայրը պատահական չէր: Լուսանկարները փակցված էին Չինարիի կենտրոնում կառուցված պատի վրա, որը պաշտպանում է սահմանապահ դարձած սահմանամերձ գյուղի բնակիչներին: Ընդգծենք, որ Յուլյա Գրիգորյանցի լուսանկարչական ցուցահանդեսում ընդգծկված էին լուսանկարներ
սահմանամերձ մի քանի գյուղերից, որոնցում ներկայացված է սահմանապահ զինվորների եւ բնակիչների առօրյան: Անդրադառնալով ցուցադրության բովանդակությանը` Յու. Գրիգորյանցը նշում է. «Պատերազմը դե յուրե այդպես էլ չավարտվեց: Այսօր չավարտված պատերազմի ու Ադրբեջանի կողմից հրադադարի պարբերական խախտումների հետեւանքներն իրենց վրա զգում են հատկապես սահմանամերձ շրջաններում: Այստեղ վերջին տարիներին կրակոցները գրեթե չեն դադարում` սահմանելով ապրելու նոր կանոններ: Տեղի բնակիչները 20 տարուց ավելի է
«պատանդի» կարգավիճակում են` խաղաղության ու պատերազմի միջեւ: Գյուղը լքելը` խրամատ լքելու պես մի բան է` անհնարին մոտ»:
Հիշեցնենք, որ «Իրավունքի» հետ զրույցում վերջերս Չինարի գյուղի համայնքապետ ՍԱՄՎԵԼ ՍՈՂՈՅԱՆԸ շեշտել էր, որ չինարեցիներն այսօր խաղաղություն եւ միայն խաղաղություն են ուզում. «Եթե դա լինի, մենք էլ խնդիրներ չենք ունենա: Չինարիում սկսած հրադադարից հետո` 1994 թվականից առ այսօր, կրակոցները չեն դադարել: Ամեն ամիս, եթե ոչ ամեն օր, միշտ էլ, չգիտեմ ինչու, թշնամին իր հենակետերից կրակի տակ է վերցրել գյուղում հողի վրա
աշխատողին եւ երբեք չի թողել, որպեսզի մենք խաղաղ կերպով աշխատենք: Արոտավայրերը եւ վարելահողերը գտնվում են թշնամու վերահսկողության տակ, որոնք, ցավոք սրտի, չեն մշակվում»:
Այո, միայն խաղաղություն ցանկացող ու ամեն օր կյանքի ու մահու պայքար մղող չինարեցիների համար, ովքեր տոնից տոն ու այն էլ Բերդ քաղաքում են միայն մասնակից դառնում մշակութային միջոցառումների, այդօրն, իսկապես, տոն էր…Մնում է հուսալ, հավատալ եւ հորդորել մեր մյուս մշակութային գործիչներին եւս, որպեսզի հնարավորության դեպքում իրենց մշակութային միջոցառումներով գունեղ դարձնեն հերոս չինարեցիների գեթ մեկ օրը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
