«ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ» ՄՈՆՈՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԲԱՐՁՐ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Արխիվ 12-16«ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ» ՄՈՆՈՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԲԱՐՁՐ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
«Արմմոնո» միջազգային թատարեկան 13-րդ փառատոնի շրջանակներում այսօր Հայաստանի թատերական գործիչների միությունում տեղի ունեցավ «Անլռելի զանգակատուն» մոնոներկայացումը, որը հանդիսատեսին ներկայացրեց Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնի դերասանուհի ԶԱՐՈՒՀԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Կոմիտաս վարդապետի կյանքի լիրիկական պատմվածքի միջոցով դերասանուհին հանդիսատեսին ներկայացրեց ոչ միայն վարդապետի կյանքն, այլեւ հայ ժողովրդի ոգբերգական էջերից մեկը`Հայոց ցեղասպանությունը, որին ականատես եղավ նաեւ վարդապետը: «Ղողանջ Ավետիսից» մինչեւ «Ղողանջ թաղման եւ հարության», Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանից մինչեւ Եվրոպա Կոմիտաս վարդապետի փառավոր եւ ողբերգական կյանքն էր, իր հայկական զուլալ երգ ու երաժշտությամբ, որոնք հնչեցին նաեւ ներկայացման ժամանակ:
Մոնոներկայացումն արժանացավ հանդիսատեսի բարձր ծափահարություններին, որոնց ավարտին դերասանուհի Զ. Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց հանդիսատեսից եւ հարազատ թատրոնի գեղարվեստական ղեկավարից:
Անդրադառնալով մոնոներկայացմանը դերասանուհի ՆԱՐԻՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում խոստովանեց, որ շատ տպավորված է դերասանուհու անկեղծ եւ անմիջական խաղով. «Շատ կոկիկ էր, առանց ավելորդությունների, կանացի էր ու մայրական: Հրաշալի էր, ուրախ եմ, որ Զարուհին աշխատել էր եւ ունեցավ նման արդյունք: Ամենակարեւորը ներկայացման մեջ շատ էր պանջատիրության ոգին: Եթե որեւէ հարցում մենք շատ ավելի զիջող ենք, ապա պահանջատիրության հարցում ոչ մի զիջում: Կարծում եմ մեր պահանջը ամպայման իր արդյունքը պետք է ունենա տարբեր ատյաններում: Նպատակ, գաղափար եւ միաբանություն, ահա եւ վերջ: Սիրենք միմյանց, սա է ամենակարեւոր զենքը»,-եզրափակեց դերասանուհին:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
