ԻՆՉՊԵ՞Ս ՓՐԿԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ ԹՈՒՐՔ-ՎՐԱՑԱԿԱՆ ՆԵՆԳ ԳՈՐԾԱՐՔԻՑ
Արխիվ 12-16ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ ԹՈՒՐՔ-ՎՐԱՑԱԿԱՆ ՆԵՆԳ ԳՈՐԾԱՐՔԻՑ
Վերջին շրջանում Թուրքիայի եւ Վրաստանի հարաբերությունները բավականին բարելավել են: Երկուստեք այցելություններն ու հանդիպումներն այնքան են ջերմացել ու հաճախակի դարձել, որ Թուրքիան իր "դաշնակցին" ընդունում է նվերներով եւ նույնկերպ ճանապարհում: Սակայն, այդ ընծաները Թուրքիան Վրաստանին նվիրաբերում է Հայաստանի հաշվին, դե բնական է, իր սիլի-բիլիների համար Վրաստանին չէր կարող տալ այնպիսի նվերներ, որոնք կվնասեին սեփական երկրին:
Այս երեւույթը Թուրքիան ժառանգել է իր նախնիներից, որոնք մշակութային արժեքները հայերից գողանալով` սեփականաշնորհել են: Հենց հայերից գողացված` Սուրբ Ստեփանոս, Հովհաննես եւ Աստվածածին եկեղեցիներն էլ Թուրքիան նվիրել է Վրաստանին, իսկ վերջինս "քաղաքավարությունից" դրդված` ընդունել: Մոռանալով, որ Արեւմտյան Հայաստանում հայերին թուրքերը համարում էին իրենց եղբայրները, իսկ հարմար պահի իրագործեցին իրենց ոճիրը: Օգտագործելով Վրաստանին, Թուքիան հետապնդում է հեռահար նպատակներ, որ դաշնակիցը չի բարձրաձայնի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Բացի այդ, այս ամենով Թուրքիան մասամբ Վրաստանի վրա է բարդում հայերի նկատմամբ իրագործած իր մեղքերի մի բաժինը: Մեղքը հայերի նկատմամբ այնքան շատ է, որ Թուրքիան միայնակ դժվար թե կարողանա տանել: Ի վերջո, մինչեւ ե՞րբ Թուրքիան պետք է շարունակի նվիրաբերել ու ոչնչացել հայկական մշակութային կոթողները, եւ այդ նվիրատվությունները վերադարձնելու համար ի՞նչ պետք է անի Հայաստանը: Այս հարցերի պատասխանը "Իրավունքը" փորձեց ստանալ հոգեւորականից եւ Ազգային արխիվի տնօրենից:
"ԱՅԴ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆՆ
ԱՅՆՔԱՆ ԷԼ ԱՆԴԱՎԱՃԱՆ ՉԷ"
Ախթալայի համայնքի հոգեւոր հովիվ տեր ՎԻԳԵՆ քահանա ՂԱԶԱՐՅԱՆ.
- Իմ կարծիքով` պետք է ճանապարհներ գտնենք Վրաստանի հետ մեր բարեկամությունն ու ընկերությունն ավելի խորացնելու համար: Որպեսզի դարավոր եղբայրության վրա որեւէ մեկը բիծ չդնի: Ճիշտ է, ասում ենք, որ դարավոր եղբայրներ ենք, բայց ամեն ինչ ցույց է տալիս, որ այդ եղբայրությունն այդքան էլ անդավաճան չէ: Նախ` պետք է գտնենք թերացման մեր բաժինը, ապա դիմացինի թերացումները, միգուցե քաղաքական եւ մշակութային համատեքստում տարածությունների նոր հարթության բարձրանանք հարեւան Վրաստանի հետ` բանակցություններ վարելու եւ բարեկամությունը պահպանելու համար: Անկեղծ ասած, այդքան էլ հմուտ չեմ քաղաքականությանը վերաբերող հարցերում, բայց նվազ պատկերացումներով էլ գիտեմ Վրաստանի եւ Թուրքիայի ամերիկյան կողմնորոշումները: Այս առումով Ամերիկան ամեն ինչ անում է, որպեսզի Ռուսաստանից կտրի Հայաստանին եւ տանի դեպի Ամերիկա` կովկասյան տարածաշրջանում ոտքերն ավելի հաստատուն տանելու համար: Ահա սա է իմ համեստ քաղաքական դիտարկումը, որը կարող է եւ չհամապատասխանել իրականությանը:
"ԱՅԺՄ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ"
Հայաստանի ազգային արխիվի տնօրեն ԱՄԱՏՈՒՆԻ ՎԻՐԱԲՅԱՆ.
- Թուրքիայի կողմից Վրաստանին նվիրաբերած եկեղեցիները վերադարձնելու համար անհրաժեշտ են իրավունքը հաստատող համապատասխան փաստաթղթեր: Այժմ նախապատրաստում ենք համապատասխան փաստաթղթեր եւ դեռ միայն այսքանը կարող եմ ասել:
Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
