ԻՆՉՈՒ ՀԻՄԱ ՀԻՆ ՄԵՂՔԵՐԸ "ԱՍՖԱԼՏԻ ԵՐԵՍ" ԵԼԱՆ
Արխիվ 12-16Մայիսի 6-ին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ¥ՏՄՊՊՀ¤ Երեւանում քաղաքապետարանի կողմից հայտարարված ճանապարհաշինական մրցույթներում հաղթած մի շարք ընկերությունների նկատմամբ մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման կասկածներով հարուցվեց վարչական վարույթ: Հանձնաժողովը տեղեկացնում է, որ ուսումնասիրվել են 2011-2014թթ. ընթացքում փողոցների ասֆալտապատման, շենքերի, բակային տարածքների, վերելակների, շենքերի տանիքների նորոգման, խաղահրապարակների կառուցման եւ այլ շինաշխատանքների իրականացման նպատակով հայտարարված շուրջ 620 մրցույթ, որոնցից 357-ում (ընդհանուր մրցույթների 57%-ը) մասնակիցների միջեւ մրցակցությունն ընդհանրապես բացակայել է: Մասնավորապես, նույն ժամանակահատվածում ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար հայտարարվել է 49 մրցույթª ավելի քան 20 մլրդ դրամ ծավալով: Մասնակցել են 19 ընկերություններ, եւ ՏՄՊՊՀ-ն պնդում է, որ որեւէ մրցույթում մասնակիցների գնային առաջարկները չեն խաչվել: Ուստիեւ, առաջ են եկել այն կասկածները, թե այդ ամենը եղել է ձեւական, ու պարզապես այդ մրցույթները շահած ընկերությունները հիմնականում պայմանավորվել եւ իրար մեջ արհեստականորեն կիսել են այդ "յուղոտ" պատվերները:
Վերոնշյալի վերաբերյալ Երեանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ ԱՐԹՈՒՐ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ տվեց հետեւյալ սպասելի մեկնաբանությունը.
- Երեւանի քաղաքապետարանը իր կարիքների համար գնումները իրականացրել է "Գնումների մասին" ՀՀ օրենքի տառին համապատասխան` այն է, բաց, թափանցիկ եւ հրապարակային: Կազմակերպված գնումների գործընթացներում լիարժեք ապահովել է մրցակացային հիմնարար սկզբունքը, ընդ որում, կախված գնման առարկայի առանձնահատկություններից` կազմակերպված մրցույթներին մասնակցության քանակային ցուցանիշները մի շարք դեպքերում եղել են տարբեր: Ընդհուպª մասնակիցներ չլինելու պատճառով որոշ մրցույթներ չեն կայացել: Ավելորդ չենք համարում նշել նաեւ, որ չի սահմանափակվել որեւէ կազմակերպության մասնակցությունը հայտարարված մրցույթներին: Հավելենք նաեւ, որ քաղաքապետարանի մրցույթներում միշտ հաղթող են ճանաչվել առավել ցածր գին առաջարկած մասնակիցները, ինչի արդյունքները օրենքով սահմանված կարգով նույնպես հրապարակվել են:
Այսպիսովª կարելի է արձանագրել, որ մրցույթներում օրինականության ձեւական կողմը պահպանվել է: Բայց դա չի նշանակում, որ ՏՄՊՊՀ-ն չափազանցրել է վիճակը: Պարզապեսª կարծես թե, այստեղ նույնպես գործել են ստանդարտ մեխանիզմները. տվյալ ուղղությանբ գործող ընկերությունները հավաքվում ու "կիսում" են պատվերները: Այսինքնª ընկերություններից մեկը մի մրցույթի ներկայացնում է խելքին մոտ առաջարկ: Նույն մրցույթին օրինականության պատրանք տալու համար մասնակցում են նաեւ այլ ընկերություններ, բայց արդեն խելահեղ առաջարկներով: Հասկանալի էª խելամիտ առաջարկ ներկայացնողը դառնում է հաղթող: Բայց ահա հաջորդ մրցույթում նա է ոչ խելամիտ արաջարկ ներկայացնողը, եւ առաջին մրցույթում պարտվողներից մեկն իր խելամիտ առաջարկով դառնում է երկրորդի հաղթողը: Ապաª նույն մեխանիզմով անցնում է երրորդ մրցույթը, չորրոդ ու այդպես շարունակ: Մինչդեռ, երբ ամեն մրցույթում իրար գլխի են հավաքվում այդքան "շնաձկներ"ª իրենց համապատասխան "տանիքներով" հանդերձ, ապա դրսից որեւէ "անկապ" ընկերություն չի էլ համարձակվի քիթն այդտեղ մտցնել: Արդյունքումª ամեն ինչ "օրինական" է, բոլորը` կուշտ եւ երջանիկ: Միայն թեª շատ հաճախ է հարկ լինում այս տարվա նորոգված այդ "շնաձկային" ասֆալտը գալիք տարի էլ կարկատել: Բայց դա էլ իր "լավ" կողմն ունի. եթե "ուտելիքը" պակասի, շնաձկներն իրար կուտեն: Չնայած, եթե տարիներով մշակված այս "համերաշխության մեխանիզմը" ՏՄՊՊՀ-ն տեսավ, երեւում է, որ կերն իրոք մի քիչ պակասել է...
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
