ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ
Արխիվ 12-16Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի նախաձեռնությամբ ապրիլի 30-ից մայիսի 2-ը կազմակերպվեց ծնողների հանդիպում Պաշտպանության բանակում ծառայող իրենց զավակների հետ:
Այդ նպատակով քաղաքապետարանը տրամադրել էր տրանսպորտային միջոցներ, եւ շուրջ ութ տասնյակ ծնողներ հանդիպեցին Դիլիջանից զորակոչված իրենց զավակներին, ծանոթացան զորամասային պայմաններին եւ զինվորականների առօրյային:
Նախօրոք Ստեփանակերտ ժամանած քաղաքապետը եւ քաղաքի զինկոմ, փոխգնդապետ Հովհաննես Հակոբյանը անձամբ էին դիմավորում Դիլիջանից ժամանած ծնողներին, նրանց ուղեկցում զորամասեր, հոգ տանում հանդիպումների կազմակերպման մասին, հանձնում քաղաքապետարանի եւ քաղաքի հոգեւոր հովիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի կողմից պատրաստած նվերները` հեռուստացույցները, մարզական պարագաները:
Այցելություններ եղան Ստեփանակերտի, Մարտակերտի, Մարտունու եւ Հադրութի զարամասեր, որոնց ընթացքում Դիլիջանից ժամանած հյուրերը հպարտությամբ էին լսում դիլիջանցի զինծառայողների` Հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը բարձր պատասխանատվությամբ կատարելու մասին հրամանատարների դրվատանքի խոսքերը:
N զորամասում կայացած հանդիպման ընթացքում կատարվեց հիշատակի արարողություն` նվիրված իր ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված, մեր համաքաղաքացի, 12-րդ վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Մհեր Հովհաննեսի Հակոբյանի հիշատակին:
Արարողությանը ելույթ ունեցան եւ զինվորներին խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթեցին Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, քաջարի սպայի հայրը` Դիլիջանի զինկոմ, փոխգնդապետ Հովհաննես Հակոբյանը, զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Լալա Բաղդասարյանը, Մհերի ծառայակից ընկերները:
Զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Լալա Բաղդասարյանը հրապարակեց ՊԲ հրամանատարության հրամանագիրը, որով Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը և քաղաքի զինկոմ, փոխգնդապետ Հովհաննես Հակոբյանը երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության եւ մարտիկների բարոյական ոգու բարձրացման գործում ներդրած ավանդի համար պարգեւատրվում են ՊԲ պատվոգրով:
Հանձնելով պարգեւները` Լ. Բաղդասարյանը նրանց մաղթեց հետագա բեղմնավոր գործունեություն` բանակ- հասարակություն կապի ամրապնդման գործում:
Գ. ԱՄՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
