«ՊՈՒՏԻՆԸ ԿԿՏՐԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԹԱՓ ՏՎՈՂ ՄԱՏԸ, ԱՌԱՆՑ ՆԱՅԵԼՈՒ` ՆԱՎԹ ԿԱ ՄԵՋԸ, ԹԵ` ՈՉ»
Արխիվ 12-16«ՊՈՒՏԻՆԸ ԿԿՏՐԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԹԱՓ ՏՎՈՂ ՄԱՏԸ, ԱՌԱՆՑ ՆԱՅԵԼՈՒ` ՆԱՎԹ ԿԱ ՄԵՋԸ, ԹԵ` ՈՉ»
Մայիսյան հաղթանակների մասին «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու Պաշտպանության նախկին նախարար, ղարաբաղյան պատերազմի մասնակից, գեներալ-մայոր ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ, ով նախեւառաջ անդրադարձավ 1992 թ. մայիսի 8-ին Շուշի ամրոց-քաղաքի ազատագրմանը.
-Այս տոնը որքան կարեւոր է, այնքան էլ խորհուրդ ունի: Մայիսի 8-ը մեր բանակի կազմավորման առաջին փուլն ու կուլմինացիոն կետն է, որտեղ հայկական ուժերը լիիրավ, միասնականորեն, անկախ կուսակցական պատկանելությունից, լիարժեք հաղթանակ տարան եւ սկիզբ դրվեց Հայկական բանակի եւ Պաշտպանության բանակի ստեղծմանը:
Շուշին գրավվեց շատ հիասքանչ կազմակերպված օպերացիայով` սակավաթիվ ուժերի եւ կրկնակի-եռակի գերազանցող թշնամու բանակի դեմ հանդիման: Ոչ միայն Շուշիի, այլ 4 ուղղություններով ճեղքումը կատարվեց, եւ անկախ նրանց զինվածության, ունեցած զինվորների թվի, Աղդամի ու Ֆիզուլիի կողմից հրետակոծության, բոլոր ուղղություններով անթիվ անհամար ավիացիայի կիրառման, մենք կարողացանք շատ կարճ ժամանակամիջոցում` ընդամենը մեկ օրվա ընթացքում, ազատագրել Շուշին: Դա կուլմինացիոն եւ ճակատագրական պահ էր: Շուշիի ազատագրումը, իմ կարծիքով, մեր ժողովրդի հավաքական ուժի հաղթանակն էր:
– Պարոն գեներալ, ըստ Ձեզ, այսօ՞ր էլ նույն ոգին մնացել է, եւ, Աստված մի արասցե, հարկ եղած դեպքում կկարողանա՞նք առանց կուսակցական բաժանումների կրկին հաղթանակներ տանել:
– Իհարկե կարող ենք: Այսօր էլ այդ ոգին պահպանվել է, եւ նոր սերնդի, մեր բանակի մեջ դա տեսնում ենք: Մերօրյա բանակը ոչ միայն ունի եւ պահպանել է այդ ոգին, այլ այն գենետիկորեն, որպես ժառանգականություն, փոխանցվել է նոր սերնդին: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը եւս ցույց տվեց, որ նրանք գիտեն, թե որտեղից են եկել մեր ակունքները, եւ գիտեն, որ այդ ակունքներից պարզ ու արդարամիտ ջուր խմելու ճանապարհը նաեւ Շուշիի ազատագրումն էր եւ մեր Պաշտպանության բանակի կազմավորումը: Այսօր Պաշտպանության բանակը եւ Հայկական ընդհանուր բանակն ունի միասնական կամովի ուժ եւ, ինչպես տեսնում եք, այսօր արդեն ունենք Հայաստանում եւ Ռուսաստանում պատրաստված, նույնիսկ մագիստրանտ դարձած բանակայիններ: Արդյունքում երեկվա կուրսանտները, մոնթեականներն այսօր խմբերի, կորպուսների հրամանատարներ եւ տեղակալներ են: Պատկերացրեք, որ նրանց ոգին բարձր է եւ անպայմանորեն նրանք կշարունակեն ստրատեգիական, մարտավարական նոր հնարքներով պաշտպանել երկրի սահմանները: Բայց այնպես պետք է անեն, որ փոքրաթիվ ուժերով եւ ոչ սպառազինության այնպիսի մեծ պաշարներով հասնեն էական հաղթանակների: Այդ ոգեղեն, հայրենապաշտության զսպաշապիկը բերում է մեր միասնությանն այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է յուրաքանչյուրիս զավակին, յուրաքանչյուրիս ծնողին, քրոջը:
– Վաղը նաեւ Մոսկվայում կկայանա Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին նվիրված մեծ ռազմական շքերթը, որին կմասնակցի նաեւ Հայաստանը. ի՞նչ կասեք այս մասին:
– Դա պատմական գունեղ իրադարձություն է: Ես հիշում եմ Հայրենական մեծ պատերազմի 50 եւ 60-ամյակները, թե ինչպես մենք ռազմական շքերթին պատրաստվեցինք: Հիմա իմ ընկերը` Միշա Գրիգորյանը, առաջնորդում է մեր բանակի հնարավոր երթը եւ ամենակազմակերպված, ամենագեղեցիկ ու նշանակալից կերպով, վստահ եմ, որ կներկայանան: Հայրենական պատերազմի հաղթանակը կարեւոր էր մեզ համար, որովհետեւ Գերմանիան ու նրա դաշնակից Թուրքիան ատամները սրած սպասում էին, եւ անպայմանորեն դա վնասելու էր մեր հայրենիքին: Ուղղակի, չիրականացավ մեր երազանքը, որովհետեւ արյուն թափելով` մենք ազատագրեցինք յուրաքանչյուր երկիր, բայց մեր երկիրը չազատագրվեց, որովհետեւ գնալով Բեռլին, մենք նախեւառաջ մտածում էինք Վանի կամ Կիլիկիայի ազատագրման մասին: Չէ որ մենք կորցրել էինք մեր ունեցվածքը, մեր հողերը, 1,5 միլոն մեր հայրենակիցներին: Մեր մասնակցությունն այդ պատերազմում շինծու չէր մյուս ազգերի պես, եւ բավական է հիշել, որ ունեցել ենք 6 դիվիզիա եւ երկու տանկային զորամաս:
– Ի դեպ, Ադրբեջանն այս օրերին «մատ է թափ տալիս» Ռուսաստանի վրա եւ պահանջում, որ Բաքուն ճանաչեն որպես հերոս քաղաք, իբր մեծ է եղել իրենց դերը Հայրենական մեծ պատերազմում:
– Կռահելի էր այդ վարքագիծը, բայց Ռուսաստանի կամ Սովետական Միության հաղթանակները ոչ մի կապ չունեին Ադրբեջանի հետ` թե՛ տված հերոսների թվով, որից 47-ը արցախցի էին, եւ թե՛ իրենց տված թվաքանակով, որովհետեւ ոչ մի ադրբեջանական ազգային դիվիզիա Կովկասից այն կողմ չհասավ: Հիշում եմ հորս խոսքերը, որ ասում էր, թե նրանք մարտ գնալուց առաջ թութուն էին խմում, որպեսզի հիվանդություն ձեռք բերեն ու նահանջեն: Հիմա էլ մատ են թափ տալիս, ինչն էլի հիվանդություն է: Բայց ՌԴ նախագահ Վ. Պուտինը կկտրի Ադրբեջանի թափ տվող մատը, առանց նայելու` նավթ կա մեջը, թե` ոչ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
