«ՎԵՐԱԾՆՎԱԾ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՎԵՐԵԼՔԻ ԿՆԻՔԸ ԴՐՎԵՑ»
Արխիվ 12-16«ՎԵՐԱԾՆՎԱԾ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ
ՎԵՐԵԼՔԻ ԿՆԻՔԸ ԴՐՎԵՑ»
Մայիսյան եռատոնն այս տարի կհատկանշվի Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին նվիրված` Մոսկվայում կայանալիք հզոր ռազմական շքերթով: Սա, թերեւս, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հաջորդող այս տարվա երկրորդ պատմական մեծ իրադարձությունն է, որի ականատեսը կլինենք ամենքս: Իհարկե, այս ամենն ուղեկցվում է աշխարհաքաղաքական ակտիվ գործընթացներով, որի զարկերակում այսօր գտնվում է Հայաստանը` ապրիլի 24-յան հիշատակի արարողություններից հետո:
Հենց արտաքին քաղաքական գործընթացների, Մայիսյան հաղթանակների ու ճակատագրով մեզ բաժին հասած «հարեւան» պետությունների վարքագծի մասին էլ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ:
«ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՈՉ ՄԻԱՅՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՅԼ ՆԱԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ»
–Պարոն Զոհրաբյան, վերջին շրջանում ներքաղաքական զարգացումներն իրենց տեղը զիջել են արտաքին քաղաքական գործընթացներին: Ի՞նչ կասեք այս մասին:
– Արտաքին հարաբերություններում ակտիվությունը պայմանավորված էր Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներով, որի հետեւանքով, իսկապես, Հայաստանն արդեն ուզի, թե չուզի ներգրավված է այդ գործընթացում: Եթե նկատել եք, գրեթե ամեն օր, ամեն շաբաթ մի որեւէ պետություն ճանաչում է Ցեղասպանությունը: Սա նշանակում է, որ Հայաստանը համաշխարհային քաղաքականության մասն է, եւ, կարծում եմ, որ դա շարունակվելու է:
– Հայոց ցեղասպանությունը ճանաչող պետությունների կողքին կան նաեւ այդ մասին համառորեն լռող երկրներ...
– Որոշ պետություններ իրենց շահերից ելնելով` դեռ որեւէ պահանջ չեն ներկայացնում Թուրքիային, բայց դա կարող է լինել վաղը, որովհետեւ Թուրքիան իր պատմության ընթացքում շատ պետությունների հետ է ունեցել բացասական հարաբերություններ: Այսօր, կարծես թե, հարցերը պարզելու ժամանակն է եկել, եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը դարձավ նաեւ պատճառ, որը հետեւանք է ունենալու: Այնպես որ, կարծում եմ` Հայաստանն էլ պետք է ակտիվ մասնակցի այդ ամենին:
– Ի դեպ, հետեւանքների մասին. ըստ Ձեզ, Ցեղասպանության ճանաչման ակտիվ գործընթացն ի՞նչ հետեւանք պետք է ունենա մեզ համար:
– Այսօր դեռեւս ընդունված չէ պահանջատիրություն ներկայացնել Թուրքիային, բայց գործընթացը գնում է դրան: Ի վերջո, մենք առանձին չենք ապրում այս մոլորակում եւ պետք է քայլենք աշխարհի հետ: Իսկ աշխարհն այսօր տանում է դրան, այսինքն` հատուցումը պետք է լինի ոչ միայն ֆինանսատնտեսական, այլ նաեւ տարածքային: Այսօր 10-13 միլիոն հայությունից ընդամենը 3 եւ ավելի միլիոնն է ապրում Հայաստանում, իսկ մնացածը դրսում են, որոնք հիմնականում Արեւմտյան Հայաստանից են գնացել: Այդ ժողովորդին պետք է վերադարձնել իր Ավետյաց երկիրը: Ինչպես հրեաները կարողացան գնալ եւ ապրել Իսրայելում, այնպես էլ հայերին պետք է վերադարձնել իրենց Ավետյաց երկիրը: Իհարկե, այդտեղ կան խնդիրներ, որ մեծ մասամբ հիմա Արեւմտյան Հայաստանում քրդեր, թուրքեր են ապրում, իսկ հայեր քիչ կան, բայց կան ծպտված հայեր, որոնք վաղը կարող են գլուխ բարձրացնել եւ հայտարարել իրենց հայ լինելու մասին: Եվ, իհարկե, կան տարբեր միջազգային օրենքներ, որ հնարավորություն են տալիս համատեղել այդ ամենը, եւ համակեցության կարգով հայությունը կամաց-կամաց պետք է կարողանա ներգաղթել Արեւմտյան Հայաստան: Ցեղասպանությունն այսօր արդեն պետք է լինի մեր քաղաքական մեծ գործիքը: Իհարկե, կարող են ասել, թե բարոյական չէ Ցեղասպանությունը շահարկել, բայց վառ օրինակ հրեաները, որոնք Հոլոքոստն ամեն վայրկյան, ամեն օր օգտագործում են` ի շահ իրենց ազգի: Չնայած Հոլոքոստը ճանաչվել է, հատուցում տրվել է, բայց իրենք ամեն օր շահարկում են դա: Իրենց ազգային անվտանգությունը պահելու համար նրանք մշտապես հիշեցնում են, թե գերմանացիները ցեղասպանություն են արել, եւ պետք է անընդհատ հսկել, որպեսզի այլեւս նման բան տեղի չունենա իրենց նկատմամբ: Հիմա նույն կերպ պետք է հայությունը վարվի եւ Ցեղասպանությունն օգտագործի քաղաքականության մեջ: Մենք այսօր մտել ենք քաղաքական մեծ օվկիանոսի այդ հորձանուտը եւ պետք է բոլոր գործիքներն օգտագործենք, որպեսզի կարողանանք այն մինիմումի ու մաքսիմումի իդեալները, որն ունի Հայաստանը, իրականացնել:
«ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՊԱՏՄԱԿԱՆՈՐԵՆ ՄԻՇՏ ԷԼ ԵՂԵԼ ԵՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ»
–Անդրադառնանք նաեւ առաջիկա պատմական իրադարձությանը` Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին նվիրված հաղթական շքերթին, որին կմասնակցի նաեւ Հայաստանը:
– Նախեւառաջ նշեմ, որ հայ ժողովուրդը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, տվել է շատ զոհեր եւ Սովետական Միության հերոսներ: Այդ պատերազմում մենք ունեցել ենք սպաներ, գեներալներ, մարշալներ, այսինքն` այդ պատերազմին մասնակցել ենք լիարժեք: Հետեւաբար մեր իրավունքն է նշել, տոնել եւ մասնակցել 70-ամյակին նվիրված մեծ միջոցառումներին:
– Ինչպես գիտեք, Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանը չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները` նշելով, թե սա Էրդողանի ակնհայտ պատասխանն է ՌԴ նախագահ Վ. Պուտինի` 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն որակելու որոշմանը:
– Իհարկե, ՌԴ Պետդուման վաղուց է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց Վ. Պուտինն ապրիլի 22-ին եւս մեկ անգամ «ցեղասպանություն» տերմինն արտաբերեց` բացահայտ ասելով, որ Ռուսաստանն իր դաշնակցին` Հայաստանին, լիարժեք պաշտպանում է: Թուրքիայի ղեկավարը չի ուզում գնալ մայիսի 9-ի տոնակատարություններին մասնակցելու` ցույց տալով, թե իրենք նույն կերպ են վերաբերվում Ռուսաստանին, ինչպես Ռուսաստանն իրենց: Եկեք չմոռանանք, որ ռուս-թուրքական հարաբերությունները պատմականորեն միշտ էլ եղել են բացասական: Գուցե ինչ-որ դրական հատվածներ եղել են, բայց հիմնականում այդ երկու հզոր պետությունները միշտ պատերազմել են: Եվ այսօր, եթե նրանց միջեւ կա ինչ-որ տնտեսական համագործակցություն, ապա պետք է նշել, որ քաղաքականությունն այնպիսի բան է, որ մի որոշ ժամանակ համագործակցելուց հետո, կարող են այդ հարաբերությունները բացասական երանգ ստանալ: Եվ ահա պատճառը դարձավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Վ. Պուտինի ելույթը եւ չգիտենք, թե ինչպես կշարունակվեն այդ հարաբերությունները: Սա կոչվում է համաշխարհային քաղաքականություն, որի մեջ ներգրավված չեն միայն Ռուսաստանն ու Թուրքիան, այլ նաեւ մնացած պետությունները: Իսկ քաղաքականության մեջ ամեն պետություն իր շահերն է հետապնդում: Այնուամենայնիվ, Թուրքիայի համեմատ` Ռուսաստանը գերհզոր պետություն է եւ խոսել Ռուսաստանի հետ «ուլտիմատումներով», թուրքերը երկար չեն կարող:
«ԱՐՑԱԽԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԳՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՃԱՆԱՉՄԱՆ»
–Մեկը մյուսին հաջորդող այս քաղաքական զարգացումները կարո՞ղ են նպաստել նաեւ Արցախյան հիմնախնդրի կուլմինացիային:
– Արցախը, որ մենք կորցրել էինք եւ այսօր մի կերպ ազատագրեցինք, նույնպես կապված է Հայոց ցեղասպանության հետ: Եվ ոչ միայն 1915 թվականի, այլ 1894-98 թթ.-ին Համիդյան ջարդերի եւ դրանից առաջ էլ, այսինքն` անընդհատ Հայաստանին ջարդել են, կոտորել, չեն թողել պետություն դառնա եւ, բնականաբար, կորցրել ենք տարածքներ: Հետեւաբար, Ցեղասպանության ճանաչման այս քաղաքականությունը, որը պահանջում ենք Թուրքիայից, նպաստելու է Արցախի անկախության ճանաչմանը: Իսկ Արցախն այսօր դե ֆակտո անկախ է, եւ աշխատում ենք, որ դե յուրե ճանաչվի: Ի վերջո, մենք տուժել ենք, եւ աշխարհը բարոյական առումով պետք է վերականգնի մեր կորցրածը: Այնպես որ, Արցախի գործընթացը գնում է դեպի ճանաչման: Թե որ օրը կլինի, չեմ կարող ասել, բայց այն դե ֆակտո պետություն է բոլոր առումներով` իր նախագահով, Ազգային ժողովով, կառավարությամբ, կառույցներով ու գործունեությամբ, այսինքն` մնում է ընդամենը ճանաչել այն: Եվ եթե մի պետություն 20 տարուց ավել անընդհատ ապրում, գոյատեւում է այս նորմերով, այն հետագայում անպայման ճանաչում են, միշտ այդպես է եղել: Մենք գնում ենք դեպի Ցեղասպանության ճանաչման, դրա հետեւանքների վերացման եւ հատուցման եւ Արցախի անկախության դե յուրե ճանաչումը դրա մի մասն է կազմում:
– Թերեւս, այսօր չէինք կարողանա խոսել Արցախի արդեն դե յուրե ճանաչման մասին, եթե 1992 թվականին այս օրը չազատագրվեր Շուշին: Ինչի առթիվ շնորհավորում եմ նաեւ Ձեզ:
– Ես նույնպես շնորհավորում եմ ամենքիս: Մայիսի 8-ին մեր զորքերն ազատագրեցին Շուշին եւ դա մեծ հաղթանակ էր: Դրանով հենց վերածնված հայ ժողովրդի վերելքի կնիքը դրվեց: Մենք այլեւս հաղթող կողմ ենք միշտ լինելու, այլ ոչ թե պարտվող:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
