"ՕՐԵՆՔԸ ՉԻ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ԴՐՍՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՀԱՐԿԵԼՈՒՆ"
Արխիվ 12-16"ՕՐԵՆՔԸ ՉԻ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ԴՐՍՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՀԱՐԿԵԼՈՒՆ"
Այս օրերին զգալի աղմուկի տեղիք տվեց ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ մտած եւ անմիջապես էլ "խոպանչիների հարկ" անվամբ կնքված օրինագիծը: Իրականում ի՞նչ է ենթադրում այն, արդյոք սա Հայաստանում աշխատանք չգտած ու ճարահատյալ օրվա հացը ռուսաստաններում փնտրող մեր բազում հայրենակիցների գլխին պատուհաս չի՞ դառնալու: Թե՞ ավելի ճիշտ են այն պաշտոնական պարզաբանումները, որ օրենքը եւ ոչ մի կերպ չի առնչվում "խոպանչիների" հետ: Օրենքի ընդունումից հետո էլ այս հարցերը մնում են հրատապ, եւ պարզաբանումների համար դիմեցինք ԱԺ տարբեր խմբակցությունների ներկայացուցիչների:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ կարծիքով.
- Ցավոք սրտի, ընդդիմությանը հաջողվեց աղավաղել օրենքի բուն իմաստը, երբ այն շատ պարզ է: Օրենքն ընդամենը փորձում էր լեգալացնել այն վիճակը, որն այսօր ունենք: Տեսեքª շատերը մեկնում են ՌԴª աշխատելու որեւէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի մոտ: Երբեմն առանց պայմանագրի, երբեմն անօրինական, բայց, ամեն դեպքում, հանուն եկամտի գնում են այդ ռիսկին: Ըստ այդմ էլ, օրենքն ասում է հետեւյալը` եկեք, որ ոչ թե մեր քաղաքացիները գնան ՌԴª վարձու աշխատող դառնան, այլ թող մեր քաղաքացիները մեր իրավաբանական անձի մոտ ընդունվեն աշխատանքի, այդ իրավաբանական անձը պայմանագիր կնքի, մրցույթ շահի եւ ինքը շինարարական ծառայություններ մատուցի ՌԴ-ում: Որպեսզի այս ծրագիրը խթանվի, չառաջանա, այսպես ասած, հարկային մկրատ, կառավարությունը առաջարկում է օգտագործել 13 տոկոսանոց եկամտահարկի գաղափարը: Ընդամենը սա` ոչ ավել, ոչ պակաս:
- Այդ դեպքում ինչո՞վ եք պայմանավորում, որ ընդդիմադիր գործիչներից ոմանք "խոպանչիների հարկ" անվանումը տվեցին այս օրենքին:
- Օրինագծի վերաբերյալ ելույթ ունեցողների մի ստվար զանգված օրենքը չէր էլ կարդացել, պարզապես այստեղից-այնտեղից լսելով` խոսում էին: Եվ քանի որ նրանք ընդդիմություն են, իսկ ընդդիմությունը, մեր ընկալումներով, կարող է միայն հայհոյել, ապա նրանք հայհոյում են: Ես չեմ ասում միշտ է այդպես, բայց կոնկրետ այս օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումների ընթացքում ընդդիմադիրների կողմից ակնհայտորեն խեղաթյուրվեց բուն գաղափարը:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ եւս նույն մտքին է.
- Օրենքի նախագիծը չի վերաբերում դրսում աշխատողներին հարկելուն: Իրականում սխալ է ներկայացվում օրինագծի հիմքը, նպատակը, այդ սխալը, համենայնդեպս, այս դեպքում, եկավ ոչ թե կառավարության կողմից, այլ առանձին ընդդիմադիր գործիչների ոչ ճիշտ մոտեցումներից, ինչը ես համարում եմ սխալ կեցվածք: Հարկավոր է իսկապես յուրաքանչյուր օրինագիծ ներկայացնել ըստ էության: Իմ տեսակետը այս օրենքի նախագծի վերաբերյալ դրական է:
Մենք փորձեցինք զրուցել նաեւ ձեռնպահ քվեարկած ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ հետ, եւ պարզել, թե ինչով է պայմանավորված ԲՀԿ-ի ձեռնպահ լինելը.
- Որովհետեւ ռիսկեր ենք տեսնում. կառավարությունը չի կարողանում հիմնավորի, թե սրա արդյունքում ինչ է ակնկալում, որ կստանա արտագնա աշխատողը, ինչ կստանա պետական բյուջեն, եւ արդյոք ռիսկեր կա՞ն այնտեղ շինարարության ոլորտում աշխատող ընկերությունների համար: Օրինակ, որ այս օրենքի պատճառով տենդերներ չշահեն եւ այլն:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
