ԹՈՒՐՔԵՐԸ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԻՑ 25 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ ԿԱՇԱՌՔ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԵՋ
Արխիվ 12-16ԹՈՒՐՔԵՐԸ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ
ՀԱՅԵՐԻՑ 25 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ ԿԱՇԱՌՔ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԵՋ
Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Նորին սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցված պատարագը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ոչ մի կերպ հանգիստ չի տալիս թուրքական եւ ադրբեջանական քաղաքական շրջանակներին եւ նրանց սպասարկող լրատվամիջոցներին: Մի շարք թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցներ, ինչպիսիք օրինակ` Haber7, Haqqin.az, Vesti.az եւ այլն, իրենց հիսթերիկայի մեջ հասել են նրան, որ Հռոմի պապին մեղադրում են հայերից 25 միլիարդ դոլար կաշառք վերցնելու մեջ: Թուրք-ադրբեջանական անհաջողությունների համար հորինված այդ ծիծաղելի բացատրությունը կասկածի տակ են առնում անգամ քիչ թե շատ սթափ մտածող թուրք-ադրբեջանական լրագրողները: Ինչպես գրում է Vesti.az-ում ադրբեջանական լրագրող Ինգվար Րյուրիկսոնը. "Ինչպես ցույց է տալիս քննարկումը ցանցերում, բազմաթիվ նույնիսկ ադրբեջանական ընթերցողները անհավատությամբ վերաբերվեցին այդպիսի վարկածին: Առաջինը` Հռոմի պապը դժվար թե վաճառի իր խոսքը, ինչպես կանաչի ծախողը շուկայում, եւ երկրորդը` հայերը դժվար թե վճարեին այդպիսի աստղաբաշխական գումար մեկ խոսքի համար":
Այնուամենայնիվ, հրաժարվելով ակնհայտ ապուշ "կաշառքի վարկածից", վերոհիշյալ լրագրողը առաջ է քաշում, իր կարծիքով, ավելի արժանահավատ հոդված, թե իբր Քըրք Քըրքորյանն իր փողերը շվեյցարական բանկերից տեղափոխել է Վատիկանի բանկ եւ, սակայն, Քըրքորյանի փողերը շարունակում են պատկանել Քըրքորյանին եւ որեւէ կաշառքի մասին, ըստ լրագրողի խոստովանության` որեւէ կաշառքի մասին խոսք լինել չի կարող, սակայն բանկը ձեռք է բերում շատ թանկարժեք հաճախորդ: Այնուհետեւ, այսպես կոչված, լրագրողը հայհոյանքների մի տարափ է լցնում ոչ միայն ներկայիս Հռոմի պապի, այլ ընդհանրապես կաթոլիկ եկեղեցու վրա, հասնելով մինչեւ անգամ 751 թվականի իրադարձություններին: Այնուհետեւ ադրբեջանցիները անդրադարձ են կատարում պատմական տարբեր իրադարձություններին, որոնք առնչվում են Վատիկանի հետ, եւ փորձում են "ապացուցել", թե ինչպիսի ծանր հանցանքների հետ է առնչվում կաթոլիկ եկեղեցին:
Մի խոսքով, թուրք-ադրբեջանական կեղտոտ արշավն ընդդեմ Վատիկանի շարունակվում է: Վիրավորանքները եւ զրպարտանքները ստանում են նորանոր արտահայտություններ, զարգացումներ, եւ, ինչպես բնորոշ է թուրքին, պատերազմ է հայտարարվում արդեն ամբողջ կաթոլիկ աշխարհին:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
