ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԱՅԻՍՅԱՆ ԳԱՄԲԻՏԸ
Արխիվ 12-16ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԱՅԻՍՅԱՆ ԳԱՄԲԻՏԸ
Եվ այսպես, ՀՀ նախագահի մայիսյան օրակարգը շատ հագեցած է: Հատկապես վերջին օրերին` միանգամից 2 աշխատանքային այցեր: Շաբաթվա սկզբից` ԱՄՆ, իսկ այսօր` արդեն Մոսկվա, մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին եւ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին: ԽԱՆԴԻ ՏԵՍԱՐԱՆՆԵՐ ՉԿԱՆ
Սերժ Սարգսյանի այցերում ուշագրավ է հետեւյալը` նա գրեթե միաժամանակ այցելում է աշխարհաքաղաքական թունդ հակառակորդներին` Վաշինգտոն եւ Մոսկվա: Գաղտնիք չէ, որ 2 գերտերությունների հարաբերությունները, մեղմ ասած, բարեկամական չեն: Ու դրա պատճառը աշխարհակարգի փոփոխությանն ուղղված Վլադիմիր Պուտինի ջանքերն են: Մայիսի 9-ին տոնական միջոցառումներին ներկայացված է լինելու գործնականում աշխարհի կեսը, այնպես որ, ամերիկյան գերիշխանությունը գնում է դեպի մայրամուտ:
Ու հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել` մի կողմից մեր հարաբերությունները Մոսկվայի հետ գերազանց են` ռազմավարական դաշնակից լինելու եւ ԵՏՄ-ին անդամակցելու զորությամբ, մյուս կողմից` Արեւմուտքը զբաղված է Թուրքիային պատժելով ռուսական էներգետիկ նախագծերի առաջ կանաչ լույս վառելու ու դրանով արեւմտյան պատժամիջոցներն ընդդեմ Ռուսաստանի չեզոքացնելու համար:
Փաստորեն, հիմա ԱՄՆ-ն խանդով չի վերաբերվում մեր անդամակցությանը ԵՏՄ-ին ու ռուսների հետ սերտագույն հարաբերություններին, իսկ Ռուսաստանն էլ խանդով չի վերաբերվում մեր համագործակցությանը Արեւմուտքի հետ` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն առաջ տանելու կապակցությամբ:
Սակայն անդրադառնանք վաշինգտոնյան այցին: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կարեւորագույնը համարում է հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագիրը` առեւտրի եւ ներդրումների շուրջ: Սակայն փաստը մնում է փաստ, որ Հայաստանի արտաքին տնտեսական հարաբերությունները որեւէ երկրի հետ չեն կարող հակասության մեջ մտնել ԵՏՄ-ի փաստաթղթերի հետ: Այսինքն` խոսք անգամ չի կարող լինել, որ Վաշինգտոնը, չնայած դեսպան Ռիչարդ Միլսի հավաստիացումների, դառնա ՀՀ թիվ 1 տնտեսական գործընկեր: Հետեւաբար այդ շրջանակային համաձայնագրի համար երկրի նախագահի մակարդակով այցի կարիք չկար, բավարար էր կառավարության մակարդակով այցը: Եվ, ի դեպ, պաշտոնական լրահոսում Բաղրամյան-26-ը գործնականում չի էլ խոսում շրջանակային համաձայնագրի վերաբերյալ, եւ ամբողջ շեշտը դրված է քաղաքական բաղադրիչի վրա: Ու այդտեղ խոսքը հիմնականում Հայոց ցեղասպանության եւ Արցախի խնդրի մասին է: Եվ Վաշինգտոնում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ասուլիսը գործնականում ամբողջությամբ նվիրված էր Հայոց ցեղասպանությանը: Մասնավորապես, նա շեշտադրեց եւ ԱՄՆ-ի հետ առնչություն ունեցող պահը. "Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման գլխավոր սյուներից մեկը երախտագիտությունն է նրանց հանդեպ, ովքեր Ցեղասպանության ժամանակ օգնել եւ աջակցել են հայերին: Այս առումով ցանկանում եմ ընդգծել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի կոչով ԱՄՆ կառավարության կողմից ստեղծված "Մերձավոր Արեւելքի ամերիկյան օգնություն" կազմակերպության հսկայական բարեգործական աշխատանքը` կանխելու, Մորգենթաուի բնորոշմամբ, "ռասայի ոչնչացման արշավը": Հայտնի է, որ "Մերձավոր Արեւելքի ամերիկյան օգնությունը" հոգ է տարել տածաշրջանով մեկ սփռված ավելի քան 130.000 հայ որբերի մասին:
Գտնվելով Վաշինգտոնում` ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել ԱՄՆ 44 նահանգներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այսօր Վաշինգտոնի Ազգային տաճարում` 100-րդ տարելիցի ոգեկոչման պատարագին, մենք հարգանքի տուրք կմատուցենք նաեւ նախագահ Վուդրո Վիլսոնին, ով միշտ հիշվելու է որպես հայ ժողովրդի իրական բարեկամ եւ ով արտահայտել է իր համոզմունքը, որ Ամերիկայի ժողովուրդը "Հայաստանի հոգսը դարձրել է իր սեփականը":
Հարկ է նշել, որ հենց ՀՀ նախագահի ամերիկյան այցի ընթացքում Լյուքսեմբուրգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ինչը հարուցեց Թուրքիայի հերթական հիսթերիան:
ՌՈՒՍՆԵՐՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ ԵՆ
ԱՐՑԱԽՅԱՆ ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈՅԻ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում հանդիպել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ: Խոշոր հաշվով, ՀՀ նախագահի այցը Վաշինգտոն նաեւ նպատակ ուներ մեղմել ամերիկյան աջակցությունն Ադրբեջանին, քանզի դա իր հերթին սրում է լարվածությունը Կովկասում եւ կարող է հանգեցնել ռազմական ոչ հաճելի հետեւանքների:
Մյուս կողմից, քանի որ Ռուսաստանը հենց Թուրքիայի միջոցով է ճեղքում Արեւմտյան տնտեսական պատժամիջոցները, օբյեկտիվորեն Մոսկվայի կողմից շահագրգռվածություն կա կարգավորել հայ-թուրքական, իսկ որպես դրա բաղադրիչ` հայ-ադրբեջանական հարաբերությունները: Մինչդեռ մեզ առավել ձեռնտուն Արցախի հարցի ոչ թե վերջնական կարգավորումն է, այլ` ստատուս-քվոյի պահպանումը, քանզի կարգավորման ցանկացած տարբերակներ, ում կողմից էլ դրանք ներկայացված լինեն, պարունակում են անընդունելի բաղադրիչ` տարածքների վերադարձ:
Բայց ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեեւը արձանագրում է կարեւոր իրողություններ` Հայաստանի հաջողությունները Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, եւ Արցախի հարցում ստատուս-քվոյի պահպանման կարեւորությունը: 100-ամյակի կապակցությամբ "Հիմնական նպատակն իրագործվեց, այն էր` ուշադրություն հրավիրել այդ խնդրի վրա: Կարելի էր ավելի շատ բան ակնկալել, մասնավորապես, Գերմանիայից, սակայն մի շարք պատճառներով դա տեղի չունեցավ",- ասաց Եվսեեւը:
Արցախի հարցի վերաբերյալ էլ կարեւոր բաներ է շեշտադրել ռուս փորձագետը. "Ղարաբաղի համար ստատուս քվոն օպտիմալ է, չորեքշաբթի "Տարածաշրջանային անվտանգությունը եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքերը" համաժողովի ընթացքում ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ, հասարակական-քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեեւը:
"Ադրբեջանն ընդհանուր առմամբ չունի զգալի գերակշռում, ինչպես նաեւ զինված ուժերի առանձին դիրքերով: Այդ պայմաններում ադրբեջանական բանակի ռազմական գործողություններն անհնար են",- ասաց փորձագետը:
Ըստ նրա, Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, գնում է իրավիճակի արհեստական սրման, ինչը պայմանավորված է նավթի գների նվազման պատճառով ֆինանսական ռեսուրսների կրճատմամբ, ինչպես նաեւ նրանով, որ ուկրաինական ճգնաժամը չափազանց շեղում է միջազգային հանրության ուշադրությունը Լեռնային Ղարաբաղից:
"Այդ տեսանկյունից ստատուս-քվոն օպտիմալ է, բայց ես տեսնում եմ Բաքվի փորձերն ուժերի այդ բալանսը փոխելու եւ իրավիճակն արհեստականորեն ապակայունացնելու ուղղությամբ",- ասաց փորձագետը:
Եթե ամփոփենք, ապա կարող ենք արձանագրել, որ ՀՀ նախագահը ազգային էգոիզմի դիրքերից խաղարկել է փայլուն շախմատային պարտիա, որի արդյունքում մեր տարածաշրջանում հակադիր շահեր ունեցող Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հակամարտությունից մենք ոչ թե տուժել ենք, այլ առավելագույնս առաջ ենք տանում մեր շահը: Տնտեսական ինտեգրման եւ անվտանգության խնդիրները մենք լուծում ենք սերտորեն համագործակցելով ռուսների հետ, իսկ Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման, Թուրքիային նեղը գցելու հարցում համագործակցում ենք ցանկացած խաղացողի հետ` անկախ այդ խաղացողի Մոսկվայի հետ ունեցած հարաբերություններից: Իսկ Արցախի հարցում գերտերությունների հակադիր շահերի առկայությունը հանգեցնում է հենց նրան, որ նպաստում է մեզ համար առավելագույն շահեկան վիճակի` ստատուս-քվոյի պահպանմանը: Ի վերջո փաստացի տիրապետած եւ հսկողության տակ գտնվող տարածքը շատ ավելի կարեւոր է, քան տարատեսակ պաշտոնական ճանաչումները: Չէ որ ճանաչումներն ընդամենը թուղթ են, իսկ հողը այդտեղ կանգնած զինվորով շատ ավելի ծանրակշիռ է, քան նույնիսկ համաշխարհային ամենակարեւոր փաստաթուղթը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
