«ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴԱ ԱՍԵԼՈՎ ՀԱՍՏԱՏ ԻՆՁ ՆԿԱՏԻ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ». ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Արխիվ 12-16«ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴԱ ԱՍԵԼՈՎ ՀԱՍՏԱՏ ԻՆՁ
ՆԿԱՏԻ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ». ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
«Եկամտային հարկի» մասին և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի շուրջ քննարկումները շարունակում են առօրյայի մաս կազմել: Ընդդիմությունը շարունակում է պնդել, որ պետությունը որոշել է «խոպանչիների» «գրպանը» մտնել, որ դա 100 %-ով հակասում է տնտեսագիտության կանոններին, սակայն տնտեսագետների մի մասը կարծում է, որ կառավարության նման առաջարկը նորմալ է, եթե այն արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացուն չի կանգնեցնում կրկնակի հարկման, կամ այլ ռիսկերի տակ:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի կարծիքով ընդդիմադիրները խեղաթյուրեցին նախագծի իմաստը, քանի որ օրենքն ընդամենն ուզում է լեգալացնել այն, ինչ այսօր կա: Ընդդիմադիր ճամբարից հանդես եկող ԲՀԿ-ականները օրինագծի քվեարկության ժամանակ չեզոքություն ցուցաբերելով ձեռնպահ քվեարկեցին և այնքան էլ պարզ չդարձավ, թե նրանք ինչին են դեմ, և ինչին՝ կողմ, կամ այլ կերպ ասած օրենքի բուն էության խեղաթյուրմանը որքանո՞վ են մասնակից:
«Իրավունք»-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանից փորձեց պարզել, թե ընդդիմությունն ինչու՞ է խեղաթյուրում նախագծի էությունը և դրանում որքա՞ն է ԲՀԿ-ի բաժինը: «Խոսրով Հարությունյանը այդ ասելով հաստատ ինձ նկատի չի ունեցել: Դա ուրիշներին ուղղված կլինի, քանի որ մենք մշտական քննարկումների մեջ ենք: Դա այլոց տեսակետներին է վերաբերում: Անուններ չտամ, իսկ ԲՀԿ-ի տեսակետն այսպիսին է: Գաղափարը լավն է, բայց մենք ձեռնպահ ենք քվեարկել, քանի որ հիմնական զեկուցողը չի կարողացել պատասխանել մի շարք հարցերի, որ մենք դրել ենք: Օրինակ՝ աշխատողների ապահովագրման հարցերը, դրսում աշխատելու հետևանքով արտագաղթի հարցերը, ինչ եկամուտ են նրանք ստանալու՝ միջին աշխատավարձը Ռուսաստանում և Հայաստանում ինչքան է, Հայաստանի բյուջեն ինչքան գումար կստանա դրա արդյունքում»,- ասաց է պատգամավորը:
Մ.Մելքումյանի կարծիքով, օրենքի նախագիծը ոչ թե այստեղից գնացող շին.կազմակերպություններին է վերաբերում, այլ՝ այնտեղ գործողներին, որոնց մի մասը մեր հայրենակիցներն են, իսկ Ռուսաստանը շահագրգռված չէ, որ հարկերը ռուսական բյուջեի փոխարեն հայկական բյուջե հոսեն: «Մեր այդ ռիսկային հարցադրումներին հիմնական զեկուցողը պատասխան չտվեց, դրա համար ենք մենք ձեռնպահ քվեարկել, բայց նաև ասում ենք, որ որպես գաղափար վատ չէ:»,- ասաց Մ. Մելքումյանը:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
