ՖՈՐՇԻ ՏՂԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԴԱՀԼԻՃԻՑ «ՎՌՆԴԵՑ« ԻՐ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ
Արխիվ 12-16ՖՈՐՇԻ ՏՂԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԴԱՀԼԻՃԻՑ «ՎՌՆԴԵՑ« ԻՐ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ
Այս տարի Հայաստանում անցկացվող «Արմմոնո» միջազգային թատերական 13-րդ փառատոնի բացումը ստանձնել էր երիտասարդ դերասան Արեգ Գեւորգյանը ` ռեժիսոր Գոռ Մարգարյանի «Լյուսիեն Լյուկ» մոնոներկայացմամբ: Իր ինտերակտիվ ներկայացմամբ` դերասանը մեկ բեմում էր, մեկ էլ` հանդիսատեսի շարքերում: Մեկ բեմ, մեկ դերասան եւ բազում հանդիսատես, որին պետք էր գոհացնել: Հավանական եւ անհավանական լուծումներով Լյուսեն Լյուկը` նույն Ա. Գեւորգյանը կարողացավ արժանանալ հանդիսատեսի ծափահարություններին, որոնք ներկայացման վերջում դադարեցրեց եւ Լ. Լյուկի անունից հայտարարեց` դուրս գնացեք, ձեր ծափահարություններն ինձ պետք չեն: Թերեւս, ներկայացման մեջ հանդիսատեսի համար ամենաանսպասելին այն էր, որ դերասանը ներկայացման ժամանակ մեծ ախորժակով կերավ կարմիր վարդ: «Իրավունքի» հետ զրույցում Արեգը խոստովանեց, որ առաջին անգամ էր վարդ «համտեսում».«Փորձերի ժամանակ վարդ չեմ կերել, առաջին անգամ էի ուտում: Իհարկե` բեմում դժվար էր ուտել մեկ ամբողջական վարդ ու հետո` խոսել: Այն ատամներիս էր կպչում ու խանգարում էր խոսել»,- նշեց Արեգը:
Անդրադառնալով բեմադրությանը եւ իր ստանձնած դերին` դերասանը շատ չբողոքելով` ընդգծեց, որ այդքան էլ գոհ չէ իր խաղից: Սպասելի են եղել, որ կլինեն որոշ խնդիրներ. «Չենք արդարանում եւ պետք է առայժմ բավարարվենք այսքանով: Ապագայում ներկայացումն ավելի հետաքրքիր տեսք կունենա, որովհետեւ պատրաստվում ենք շատ բաներ փոփոխել, որից հետո նախատեսված է ներկայացման պրեմիերա»,- ավելացրեց դերասանը:
Ի դեպ, ի տարբերություն Արեգ Գեւորգյանի, որն անկեղծ զրույց ունեցավ մեզ հետ, նրա հայրը` երգիչ Ֆորշը, շատ ժլատ գտնվեց եւ նույնիսկ կարծիք չհայտնեց տղայի խաղի վերաբերյալ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
