ՈՐՈՆՔ ԵՆ ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱ ՊՈՏՆԵՑԻԱԼԸ ԵՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արխիվ 12-16ՈՐՈՆՔ ԵՆ ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱ ՊՈՏՆԵՑԻԱԼԸ ԵՒ
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
BPA ընկերությունը նախաձեռնել է Հայաստանում ներդրումները խթանող և բիզնես միջավայրի բարելավմանը նպատակաուղղված «Invest Armenia» ծրագիրը, որը կրելու է ամենամյա բնույթ: Այս մասին այսօր «Invest Armenia 2015» բիզնես ֆորումի մեկնարկին հայտարարեց BPA ընկերության նախագահ Վրույր Փենեսյանը: Վերջինիս խոսքով. «Invest Armenia 2015» բիզնես ֆորումի նպատակն է հանգամանալից ներկայացնել Հայաստանի տնտեսության պոտենցիալը և ներդրումային հնարավորությունները»:
Նշենք, որ բիզնես ֆորումին մասնակցում էին ՀՀ պետական գերատեսչությունների ղեկավարներ, 22 երկրի առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչներ, 100-ից ավելի սփյուռքահայ գործարարներ, միջազգային ներդրումային ֆոնդերի անդամներ, հայաստանցի գործարարներ, օտարերկրյա CEO-ներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բազմաթիվ երկրների դեսպանատների հրավերով Հայաստան ժամանող գործարար խմբեր:
Ֆորումում բացման խոսքով հանդես եկավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով ողջունելով ներկաներին, մասնավորապես ասաց. «Աշխարհաքաղաքական ներկա զարգացումները, բնականաբար, նոր պահանջներ են առաջացնում տնտեսական և գործարար դաշտում: Եվ այդ համատեքստում առանձնակի է կարևորվում են նման համաժողովները: Սա յուրօրինակ հարթակ է դառնում հետաքրքրող հարցեր քննարկելու համար, հաջողված փորձի փոխանակման և նոր կապեր հաստատելու համար: Հրաշալի առիթ է ընձեռվում Հայաստանի, մասնավորապես, Երևանի տնտեսության պոտենցիալ ներդրումային հնարավորությունները գործարար աշխարհին ներկայացնելու համար»:
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն էլ, ողջունելով ներկաներին ասաց.«Այն նախաձեռնվել է մասնավոր անձանց կողմից և իրենց նախաձեռնությամբ. հավաքելու մի տեղ հիմնականում Հայաստանի և այլ երկրների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարներին, որոնք այն օղակներն են, որոնք հիմնականում կապում են Հայաստանի առևտրական և գործարար համայնքը, և միևնույն ժամանակ փոխադարձ հետաքրքրություն առաջացնող ծրագրերի, հիմնական առաջ մղողը պետք է հանդիսանան: Նմանատիպ նախաձեռնությունները զարգացնելու տեղ ունեն՝ ավելի մասնագիտական համաժողովներ կազմակերպելու և ավելի շատ ներդրողներ Հայաստան հրավիրելու առումով»:
Իսկ ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն էլ կարեւորելով գյուղատնտեսության ոլորտը ասաց.«Գյուղատնտեսության ոլորտը երկրի կարևորագույն ոլորտներից մեկն է, որը վերջին տարիներին դինամիկ աճ է ապահովում: Իսկ այս համաժողովը հրաշալի հարթակ է գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի ներդրումային ներուժը ներկայացնելու և արտասահմանցի գործարարների հետ նոր գործարար կապեր հաստատելու համար:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
