«ՈՎ ՄԵԶ ՈՒՐԻՇ ԱՉՔՈՎ Է ՆԱՅՈՒՄ, ԹՈՂ ՀԻՇԻ` ԷԼ ԾՆԿԻ ՉԵՆՔ ԳԱԼՈՒ»
Արխիվ 12-16«ՈՎ ՄԵԶ ՈՒՐԻՇ ԱՉՔՈՎ Է ՆԱՅՈՒՄ, ԹՈՂ ՀԻՇԻ`
ԷԼ ԾՆԿԻ ՉԵՆՔ ԳԱԼՈՒ»
Ընդամենը օրեր անց կնշենք հայկական տոնացույցի փառավոր էջը` մայիսի 9-ը: Մեր պապերը ուղիղ 70 տարի առաջ այդ օրը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակ տարան ֆաշիստների դեմ: 47 տարի անց նույն օրը մեր հայրերն ու եղբայրները, նաեւ քույրերը, ազատագրեցին Շուշին` մայիսի 9-ը դարձնելով կրկնակի տոն: Մայիսյան հաղթանակների, ինչպես նաեւ հաղթանակած պապերի գործը այսօր էլ շարունակողների մասին «Իրավունքը» զրուցեց Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ ՄՈՒՐԱԶ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ: Հիշեցնենք, որ պարոն գեներալ-լեյտենանտը Խորհրդային բանակում ծառայել է 30 տարի (հեռավոր Արեւելքում, Լեհաստանում, Մոսկվայում, Կերչում, Թեոդոսիայում, Մոլդովայում, Բիրոբիջանում, Սամարղանդում) ու կանգնած է եղել Հայոց բանակի կազմավորման ակունքներում:
«ՄԵՐՈՆՔ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԴԵՄ ՔՉՈՎ
ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿ ԵՆ ՏԱՐԵԼ»
–Պարոն գեներալ, ե՛ւ Հայրենական մեծ պատերազմում, ե՛ւ Շուշիի ազատագրման ժամանակ բազմաթիվ հերոսներ ենք ունեցել, այսօր ինչպե՞ս կգնահատեք մեր բանակի մարտական ոգին:
– Բանակի ե՛ւ մարտական, ե՛ւ ազգային ոգին այսօր էլ շատ բարձր է: Մենք տեսանք, թե մեր զինվորները, սպաները ինչ հերոսություն արեցին անցած տարվա սեպտեմբերին ու այս տարվա հունվար ամսին, երբ ադրբեջանցիները փորձում էին «ստուգել» այդ ոգին: Մերոնք հակառակորդի դեմ քչով մեծ հաղթանակ են տարել, այնպես որ, մեզ հետ խաղեր թող չխաղան:
– Այդ մարտական ոգին հաստատուն է նաեւ Ձեր շնորհիվ, քանի որ մեծ ներդրում ունեք ինչպես Խորհրդային բանակում, այնպես էլ Հայոց բանակի կազմավորման գործում:
– Ուրախ եմ ու հպարտ, որ դպրոցում սովորելուց հետո որոշեցի ծառայության անցնել Խորհրդային բանակում: Իհարկե, ծառայությունը թեթեւ չէր, ավելին` դժվարին էր, բայց հարգելի ծառայություն էր: Խորհրդային բանակում գեներալի կոչման եմ հասել, որը մի հասարակ գյուղացի երեխայի համար, որի հայրն ու մեծ եղբայրները զոհվել են Հայրենական պատերազմում, այնքան էլ հեշտ չէր, բայց գնահատվեց իմ ծառայությունը հայրենիքի հանդեպ: Այսօր հպարտ եմ, որ ծառայությունս գնահատվել է եւ հպարտ եմ, որ այն շարունակվել է Հայոց բանակում: Մասնակցել եմ մեր սահմանների պաշտպանությանը, մասնավորապես Սյունիք աշխարհի (այն ժամանակ Զանգեզուր էին ասում): Իհարկե, ես մենակ չեմ եղել, քանի որ հրամանատարները, սկզբնական ջոկատներն ու ֆիդայինները արել են հնարավորինս: Իսկ ես եկել եմ որպես գեներալ ու կատարելագործել եմ այդ գործընթացը իմ հնարավորության սահմաններում: Եվ ստեղծեցինք Հայոց նորաստեղծ բանակի զորամասերը, վաշտերը, գումարտակները, զորամիավորումները:
«ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ ՄՈՏ 20 ՏԱՐԻ
ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ ԷԻՆ ՄԱՏՆՎԵԼ»
–Անդրադառնանք նաեւ Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին, որն այս տարի մեծ շուքով նշվելու է Ռուսաստանում:
– Մարդիկ կան, որ այդ հաղթանակը վերագրում են հենց Ռուսաստանին, բայց այն Սովետական Միության հաղթանակն է, այսինքն` Ռուսաստան ասելով` Միության անդամ բոլոր երկրներիս պիտի նկատի ունենալ: Հայրենական մեծ պատերազմին միայն 300 հազար հայ մասնակցել է Խորհրդային Հայաստանից, 200 հազար հայ մասնակցել է Խորհրդային Միության անդամ այլ երկրներից եւ 100 հազար հայ էլ` Եվրոպայից, ԱՄՆ-ից են եկել ու մասնակցել: Դրա համար պետք է թացը չորից ջոկենք ու հպարտանանք, որ ունենք Հայրենական մեծ պատերազմի 117 հերոս, Փառքի բոլոր աստիճանների շքանշանի 27 ասպետ եւ Խորհրդային Միության 5 մարշալ:
– Հերոսների պակաս երբեք չենք ունեցել: Հետաքրքրիր է, ըստ հերթականության, ո՞ր մարզերն են աչքի ընկել առավել շատ հերոսներով:
– Արցախն ամենաշատ հերոսներն ունի, հետո գալիս է Զանգեզուրը` մերօրյա Սյունիքը եւ Գյումրին:
– Իսկ ինչպե՞ս եք պատրաստվում հոբելյանական ամյակին:
– Մենք արդեն Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին ընդառաջ` նշել ենք ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանի 100-ամյակը ու իր սխրագործությունների մասին պատմող մեկժամանոց ֆիլմ ենք նկարահանել, որը ցուցադրում ենք զորամասերում, դպրոցներում: Նաեւ մեր մյուս հերոսի` Սուրեն Առաքելյանի մասին պատմող ֆիլմն ենք ցուցադրում, որը կրկնել է նույն սխրագործությունը` 8 օր հետո: Այսօր Հայրենակամ մեծ պատերազմի երկու հերոս ունենք, որոնք ողջ են, եւ նրանց մեր նախարարի աջակցությամբ եւ հրահանգով «Հունան Ավետիսյան» հիմնադրամի կողմից արժանացրել ենք մեդալների: Մենք պետք է մեծարենք մեր հերոսներին եւ, իհարկե, դպրոցներում պետք է մեծ թափ ստանա անդրադարձը` ոչ միայն արցախյան հերոսներին, այլեւ Հայրենական պատերազմի, որոնք մոտ 20 տարի մոռացության էին մատնվել:
«ՄԵԶ ՈՒԶՈՒՄ ԷԻՆ
ԿՈՏՈՐԵԻՆ, ՈՉՆՉԱՑՆԵԻՆ, ԲԱՅՑ ՉՍՏԱՑՎԵՑ»
–Ի դեպ, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը ոչ պակաս իրենցն են համարում նաեւ ադրբեջանցիները: Ի՞նչ կասեք նրանց մասնակցության մասին:
– Այդ գործում իրենք վերջին տեղերում են: Հայրենական մեծ պատերազմում հայերը 7 դիվիզիա են ունեցել, իրենք` 5: Եվ բացի 7 դիվիզիայից, 21 դիվիզիայում եղել են մեծ թվով հայեր, ինչը մեր հպարտությունն է: Մեզ դեռեւս 1915 թվականին էին ուզում կոտորեին, ոչնչացնեին, բայց չստացվեց: Տեսնո՞ւմ եք` ինչ հզոր ազգ ենք: Բայց ով մեզ ուրիշ աչքով է նայում, թող հիշի` էլ ծնկի չենք գալու:
– Քանի որ այս օրերին Արցախում եք, չեմ կարող չհարցնել Ձեր տեսակետը ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների եւ սահմանում տիրող իրավիճակի մասին:
– Ընտրությունների հետ գործ չունենք, մենք զինվորական ենք: Իսկ ժողովուրդը գիտի դա ու իր ընտրությունն անում է: ԼՂՀ գերագույն հրամանատար Բակո Սահակյանը ճիշտ խնդիր է դրել, որ զորքը չխառնվի ընտրություններին, եւ ոչ մեկն էլ չի խառնվել: Եվ բանակն այսօր իր գործն է կատարում` ապահովում է մեր անկախությունը եւ սահմանների պաշտպանությունը: Իսկ սահմանում հերթափոխը իր հունով շարունակում է ծառայությունը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
