ԵՐԵՎԱՆ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՌԵՏՐՈ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՇՔԵՐԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՌԱՏՈՆԻՆ
Արխիվ 12-16ԵՐԵՎԱՆ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՌԵՏՐՈ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՇՔԵՐԹ՝
ՆՎԻՐՎԱԾ ԵՌԱՏՈՆԻՆ
Հայոց եռատոնի՝ Արցախի բանակի կազմավորման, Շուշիի ազատագրման 23-րդ և Հայրենական Մեծ պատերազմի 70-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան կազմակերպել է Երևան-Շուշի-Ստեփանակերտ ռետրո ավտոմեքենաների շքերթ: Շքերթի մեկնարկը կտրվի մայիսի 8-ին, Երևանի Արցախի փողոցից: Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը «Իրավունք»-ին փոխանցեց, որ թեպետ ավտոերթին մասնակցելու համար ներկայացված է եղել մոտ 60 հնաոճ մեքենա, սակայն տեխնիկական վիճակի վերլուծության արդյունքում դրանցից միայն 21 մեքենայի է ֆեդերացիան թույլատրել մասնակցել միջոցառմանը: «Մոտավորապես 60 հոգանոց խումբ է մեկնելու: Յուրաքանչյուր մեքենա ունի երկուական վարորդ: Բացի այդ, շարասյան հետ Երևանից Ստեփանակերտ կմեկնեն տեխնիկական անձնակազմը, ուղեկցող անձնակազմը և ֆեդերացիայի անդամները: Հայաստանում նմանատիպ մեքենաներ շատ կան, սակայն այդ ծանր ճանապարհն անցնելու հնարավորություն բոլոր մեքենաները չէ որ ունեն»,- ասաց Գ.Աղաջանյանը:
Առաջին օրը՝ մայիսի 8-ին, հնաոճ ավտոմեքենաների շարասյունը Երևանից կմեկնի Գորիս, մայիսի 9-ին կժամանի Շուշի: Շուշիում երթի մասնակիցները ծաղկեպսակ կդնեն ազատամարտիկների հուշարձանին, որից հետո կմեկնեն Ստեփանակերտ: «Նախապես պլանավորված ժամանակացույցի համաձայն Ստեփանակերտում ժամը 12.00-ին ծաղկեպսակ կդնենք Հայրենական պատերազմի մասնակիցների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին, որից հետո տեղի կունենա ռետրո մեքենաների ցուցադրություն Ստեփականկերտի կենտրոնական հրապարակում»,- տեղեկացրեց Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահը:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
