ԱՐՈՆՅԱՆԸ ԲԱՐԵԼԱՎԵԼ Է ՎԱՐԿԱՆԻՇԸ
Արխիվ 12-16ԱՐՈՆՅԱՆԸ ԲԱՐԵԼԱՎԵԼ Է ՎԱՐԿԱՆԻՇԸ
Շախմատի թիմային առաջնությունում բավարարվելով միայն բրոնզե մեդալովª շախմատի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները կփորձեն իրենց ուժերի առավելագույն չափով ներկայանալ առաջիկա այլ առաջնություններում: Ի դեպ, ինչ վերաբերում է Ծաղկաձորում անցկացված թիմային առաջնությանը, այստեղ հայ գրոսմայստերներից լավագույն արդյունքը Լեւոն Արոնյանին էր. նա 9 հնարավորից վաստակել է 6 միավոր: Նույն ցուցանիշով երկրորդը չինացի Լիրեն Դին է, ով 9 պարտիաներում հավաքել է 5.5 միավոր: Իսկ շախմատի կանանց թիմային առաջնությունում, որտեղ հայ շախմատիստուհները 7-րդն էին, լավագույնը Լիլիթ Մկրտչյանի արդյունքն էր. երկրորդ խաղատախտակի վրա Մկրտչյանը 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր:
Այս օրերին Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանն արդեն հնարավորություն ունի ոչ միայն սեփական ցուցանիշը բարելավելու, այլեւª թիմային միավորներ վաստակելու: Հայ գրոսմայստերը Նովոսիբիրսկի "Սիբիրի" կազմում մասնակցում է Ռուսաստանի ակումբային առաջնությանը, որի առաջին տուրում նա արդեն պարտության է մատնել գրոսմայստեր Ալեքսանդր Մոտիլյովին: Այս հաղթանակի շնորհիվ Արոնյանի թիմը` Նովոսիբիրսկի "Սիբիրը", 3,5:2,5 հաշվով հաղթեց Սվերդլովսկի "Մալախիտին": Երկրորդ տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վիտյուգովի հետ, սակայն "Սիբիրն" այնուամենայնիվ 2,5:3,5 հաշվով առավելության հասավ Սանկտ Պետերբուրգի "Պղնձե հեծյալ" թիմի նկատմամբ: Երրորդ տուրում հայ գրոսմայստերը դարձյալ ոչ-ոքի գրանցեց իր անվան դիմացª առաջին խաղատախտակի վրա սեւերով միավորը կիսելով գրոսմայստեր Սանան Սյուգիրովի հետ: "Սիբիրը" սակայն, դարձյալ 3,5:2,5 հաշվով հաղթեց Սամարայի "Ժիգուլիին": Այժմ Նովոսիբիրսկի թիմը 6 միավորով Բելորեչենսկի "Ունիվերսիտետ" թիմի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այսպիսովª աշխարհի թիմային առաջնությունում կարեւոր միավորներ վաստակած Արոնյանը դարձյալ 10-րդն է Շախմատի միջազգային ֆեդերացիայի հրապարակած դասակարգման հերթական աղյուսակում. նրա վարկանիշը 2770-ից բարձրացել է 2776: Առաջատարը դարձյալ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է, ում հաջորդում է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը. հնդիկ գրոսմայստերը բարելավել է վարկանիշը եւ 6-րդ հորիզոնականից բարձրացել է երկրորդ տեղ:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
