Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՆՈՐԱ ԱՐՄԱՆԻ. «ՆԵՐԳԱՂԹՈՂ ԶԱՐՈՒՀՈՒ ԿԵՐՊԱՐՆ ԻՆՁ ՀՈԳԵՀԱՐԱԶԱՏ ԷՐ»

Արխիվ 12-16

ՆՈՐԱ ԱՐՄԱՆԻ. «ՆԵՐԳԱՂԹՈՂ ԶԱՐՈՒՀՈՒ

ԿԵՐՊԱՐՆ ԻՆՁ ՀՈԳԵՀԱՐԱԶԱՏ ԷՐ»


Ամերիկահայ հայտնի դերասանուհի ՆՈՐԱ ԱՐՄԱՆԻՆ գրեթե ամեն տարի լինում է Հայաստանում, հատկապես ապրիլին, իր հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս անգամ Ն. Արմանին հայրենիքում է` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված դրամատուրգ Անուշ Ասլիբեկյան-Արծրունու «Մերսեդես» ներկայացման առաջնախաղի համար, քանի որ հանդես է գալիս ներկայացման գլխավոր հերոսի` Զարուհու դերում: ՀԹԳՄ նախագահ, բեմադրիչ Հակոբ Ղազանչյանի ռեժիսուրայով «Մերսեդես» ներկայացումը, 2 օր Պատանի հանդիսատեսի թատրոնում երեւանյան հանդիսատեսին ներկայացնելուց հետո, վաղը` մայիսի 7-ին, հասանելի կլինի նաեւ Գյումրու հանդիսատեսին: Ներկայացման երեւանյան առաջնախաղից հետո «Իրավունքի» հետ զրույցում Նորա Արմանին տպավորված էր հայ հանդիսատեսի ջերմ ընդունելությունից:

«ԻՄ ԵԼՈՒՅԹԸ ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ՋԱՐԴԵՐԸ ՎԵՐԱՊՐԱԾ ՄԵԾ ՄՈՐՍ ՀԻՇԱՏԱԿԻՆ»

- Հոտնկայս ծափերով ընդունեց հայաստանյան հանդիսատեսը, զգացված եմ, ուղղակի դա ինձ համար մեծ պատիվ էր: Զգացված եմ, որ Հակոբ Ղազանչյանը ինձ վստահեց ներգաղթող Զարուհու դերը: Ես իմ ելույթը նվիրում եմ ջարդերը վերապրած մեծ մորս հիշատակին եւ հայրենադարձ ազգականներին, ովքեր այսօր եւ միշտ կապրեն Հայաստանում:

Այս թատերախաղը մեր հայրենի իրողության շատ կարեւոր եւ ճակատագրական մի հանգրվանն է, 40-ական թվականների վերջերին սկսած ներգաղթի եւ հայրենադարձության մասին է: Այս նյութի մասին մեր գրականության մեջ շատ անդրադարձ չի եղել` հասկանալի պատճառներով: Այսօր, այս թատերախաղով մենք կպատվենք ամբողջ մի սերնդի, որ կոտորածներից փախավ եւ ապաստանեց օտար ափերում, եւ կամ այդ ափերին ծնվեց ու թողնելով ամեն ինչ` վերադարձավ Հայաստան եւ կյանքի գնով, իր ամենաբեղուն տարիները նվիրեց ի նպաստ հայրենիքը կերտելու սրբազան գործին: Առանց այդ սերնդի զոհաբերության, Հայաստանը, ստալինյան ծրագրի համաձայն, կարող էր լրջորեն վտանգված լինել:



«ՍՐՏՈՎ ԽԱՂԱՑԻ ԻՄ ԴԵՐԸ»



-Տիկին Նորա, հաճախ եք լինում Հայաստանում ու հայ հանդիսատեսին ներկայանում փառատոների շրջանակներում:
- Միայն փառատոների շրջանակներում չեմ եկել, մեկ անգամ էլ Արմեն Ջիգարխանյանի հետ ներկայացում խաղացինք Հայաստանում, բայց այդ ներկայացման մեջ էլ տեսագրված տարբերակով էի բեմում` ներկայացման մաս էի կազմում, բայց բեմում չէի, այլ էկրանին: Իսկ այս անգամ լիովին բեմում էի ու գլխավոր հերոսուհին: Պիտի ասեմ, որ ներգաղթող Զարուհու կերպարը եւ ընդհանրապես ներկայացման թեման ինձ հոգեհարազատ էր` ապրումները, ընտանիքի պատմությունը, հայրենադարձների խնդիրները, որոնց մոտիկից եմ ճանաչել` այդ հարցերի մասին լսել եմ իմ հարազատներից, մի խոսքով շատ հագեհարազատ նյութ էր: Դրա համար էր գուցե, որ սրտով խաղացի իմ դերը:
- Կարո՞ղ ենք ասել, որ այն դժբախտ կնոջ կյանքի պատմություն էր:
- Դժբախտ չէր, կին էր, որը, այսպես ասած, իդեալիստական պատկերացումներով գալիս է հայրենիք եւ գլխին փորձանքներ են գալիս:
- Այսինքն` հայրենասիրությունը գլխին փորձանքնե՞ր է բերում:
- Այո, կարող ենք այդպես ասել, բայց իրենց հանցանքը չէր դա, ոչ մեկի հանցանքը չէր, բոլորն էլ իրականում զոհեր էին: Ներկայացման ժամանակ դահլիճում էին իմ ներգաղթած հարազատներից ոմանք եւ հերթով հուզված ինձ էին մոտենում:



«ՆՈՒՅՆԻՍԿ ԱՅԴ ՑՈՒՐՏ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԵՄ ԵՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»



-Տիկին Նորա, Ձեր կապը հայրենիքի հետ երբվանի՞ց սկսվեց:
- Իմ մանկության տարիներին սենյակի անկյունում մի սնդուկ կար դրված, մեջը հաստ գուլպաներ էին ու հաստ հագուստներ: Միշտ զարմացած էի, թե Եգիպտոսի մեջ այս այս տաք հագուստներն ինչի պետք կգան ու ինձ համար բացատրությունն այն էր, որ Հայաստանի համար էին գնված: Մենք երբեք չէինք եկել Հայաստան, եւ դրանք այդպես խնամքով մնացել էին սունդուկի մեջ, եւ տպավորված էի, թե ինչու այդքան ժամանակ Հայաստան չեմ եկել: Այդպես, առաջին անգամ Հայաստան եկա որպես պիոներ` 12 տարեկանում, ինձ համար խենթանալու տպավորիչ էր այն ժամանակ Սովետական Հայաստանը` անկարելի, անհասանելի ու անտեսանելի բան էր: Այդպիսով իմ կապը սկսվեց Հայաստանի հետ, դրանից հետո արդեն եկա 1975 թվականին, 1987-ին, հետո 1991, 1992, 1993 թվականներին... Ներկայացման մեջ այն, ինչ պատմում էի, ես այդ ամենը տեսել եմ, նույնիսկ այդ ցուրտ տարիներին եմ  եղել Հայաստանում:



«ՄԻՇՏ ՈՒՐԱԽ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԻ ԼԱՎ ԼՈՒՐ ՍՏԱՆԱԼՈՒ»



-ԱՄՆ-ում ինչո՞վ եք զբաղվում եւ առաջիկայում ի՞նչ պլաններ ունեք Հայաստանի հետ կապված:
- Հիմա ավելի շատ ֆիլմերում եմ նկարահանվում, քան թատրոնում, հակառակ նրան, որ վերջին տարիներին թատերական մեծ գործունեություն եմ ծավալել: Շատ դժվար է Ամերիկայում այդ պայմանները գտնել, այնտեղի թատերական կյանքն էլ տարբեր է: Թատրոնները խաղացանկային չեն, մի ներկայացման համար հրավիրում են դերասանների, խաղում են ներկայացումը մի քանի անգամ ու կրկին մեկնում իրենց տուն: Բացի դա` ամեն տարի կազմակերպում եմ ֆիլմերի փառատոն, որը կենտրոնանում է սոցիալական խնդիրներ արծարծող ֆիլմերի շուրջ, որոնք ուղղակի մարդկային պատմություններ են: Իսկ Հայաստանի հետ կապված մասնավոր ծրագիր դեռ չկա, միայն "Մերսեդես" ներկայացումն է, որը  հուսամ, կխաղանք նաեւ Հայաստանից դուրս: Այնուամենայնիվ, անշուշտ ուրախ եմ միշտ Հայաստանից մի լուր ստանալու, որ ցանկանում են ինձ հրավիրել այս կամ այն գործն անելու:



«ՆՈՐԱՆ ԱՅԴ ԽՆԴԻՐԸ ԼԱՎ ԳԻՏԵՐ, ԻՐԵՆՔ ԵՎՍ ԳԱՂԹԱԾ ԵՆ»



Ներկայացման բեմադրիչ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ նույնպես փաստեց. «Ներգաղթյալների ճակատագիրը մեր գրականության մեջ պատշաճ ձեւով վերլուծված չէ, այնինչ դա եղեռնի խնդրի հաջորդ հարթությունն է: Այսինքն` դրանք եղեռնի երեխաներն էին, որոնք պայծառ երազներով եկան Հայաստան եւ պատրաստ էին ամեն տեսակի զրկանքի, միայն թե ապրեին իրենց հողում: Բայց այդ զրկանքները, պարզվեց, հազարապատիկ ավելի դաժան են, խորն են, քան կարելի էր պատկերացնել: Բնականաբար Սովետական երկրի կենսագրության տարբեր էտապներ նրանք յուրովի տարան իրենց մաշկի վրա",- "Իրավունքի" հետ զրույցում ասաց Հ. Ղազանչյանն ու պատմեց, որ առաջին անգամ խնդրի առաջ է կանգնել, թե ո՞վ պիտի խաղա ներգաղթյալ հերոսուհուն, որ կարողանա արեւմտահայերենով ազդեցիկ ներկայացնել. "Անընդհատ ինձ թվում էր, որ պետք է իրոք լինի արեւմտահայ դերասանուհի, որը կարողանա ավելի լավ մեզ փոխանցել կերպարի ապրումները: Իսկ Նորան այդ խնդիրը լավ գիտեր` իրենք եւս գաղթած մարդիկ են, Եգիպտոսում են ապրել, հետո ԱՄն-ում, իր շատ ազգականներ եկել են Հայաստան ու բնակություն հաստատել: Մի խոսքով, նա Հայաստանի հետ կապված է ու գիտի այդ խնդիրը, այդպես իմ մոտքով անցավ նրան առաջարկել, եւ նա մեծ սիրով ընդունեց այն»:



ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ