"ՍԱ ՊԱՐԶԱՊԵՍ ՀՈՐԻՆՎԱԾ ՍՑԵՆԱՐ Է ՊԱՏՎԻՐՎԱԾ ՔՐ.ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ"
Արխիվ 12-16"ՍԱ ՊԱՐԶԱՊԵՍ ՀՈՐԻՆՎԱԾ ՍՑԵՆԱՐ Է
ՊԱՏՎԻՐՎԱԾ ՔՐ.ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ"
Մայիսի 4-ին ձերբակալված ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր 73-ամյա Գոհար Ենոքյանին երեկ վերցրցին նախնական կալանքի: Նրան վերագրվող մեղադրանքը կապված է Գոհար Ենոքյանի եղբոր որդու` Արայիկ Ենոքյանի հետ, ով այժմ գտնվում է կալանավայրում: Վերջինս, ըստ տարածված վարկածի, ժամանակին ինչ-որ գործարքների մեջ է մտել ԲՀԿ-ական պատգամավոր Յուվեցի Կարոյի (Կարո Կարապետյան) հետ, որն ավարտվել է լարված հակամարտությամբ եւ սպառնալիքներով: Արդյունքում` Արայիկ Ենոքյանը հայտնվել է բանտում, իսկ նրա հորաքրոջը` Գոհար Ենոքյանին կասկածում են ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի սպանության նախապատրաստման մեջ, ում անունը, ի դեպ, պարբերաբար հոլովվում է տարբեր աղմկոտ գործերի շրջանակներում:
Ինարկեª այս ակնհայտորեն հին պատմությունը դեռ "շատ ջուր կվերցնի": Իսկ նախնական տպավորություն կազմելու համար զրուցեցինք տիկին Ենոքյանի փաստաբան ԳԵՂԱՄ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ, ով մեզ հետ զրույցում մանրամասնեց տեղի ունեցածը` բնականաբար այն որակելով "պետական ռեկետ", "հորինված" եւ "պատվիրված" սցենար:
-Շուրջ մեկ տարի այս գործը քննվում է, եւ մեկ տարվա ընթացքում` զուտ զրպարտության շրջանակներում տիկին Ենոքյանի անունը հոլովվում էր, որպեսզի նրան ներքաշեն այս պատմության մեջ: Մեկ տարվա ընթացքում նախաքննական մարմինը գոնե մեկ անգամ չի հարցաքննել Գոհար Ենոքյանին, նույնիսկ մենք էինք միջնորդել` հարցաքննել նրան, սակայն նրան այդպես էլ չեն հրավիրել ոչ հարցաքննության, ոչ էլ` առհասարակ: Այսինքն` մեկ տարվա ընթացքում երբեւէ նախաքննական մարմինը չի հիշել տիկին Ենոքյանին, իսկ երեկ առաջին անգամ էին Ենոքյանին հրավիրել ՀՔԾ, որտեղ էլ ձերբակալեցին բացարձակ ապօրինի ձեւով:
- Ձեր պաշտպանյալը կասկածվում է սպանության նախապատրաստման մեջ: Ի՞նչ կասեք այդ առնչությամբ:
- Գոհար Ենոքյանն ընդհանրապես կապ չունի այդ դեպքի հետ, նրան ձերբակալելու ո՛չ հիմքեր կան, ո՛չ փաստեր: Ամբողջը հորինված, պատվիրված, ապօրինի գործողություններ են, որն իրականացվում է Հատուկ քննչական ծառայության կողմից: Սա քրեական հետապնդում է Ենոքյանի նկատմամբ, որը նպատակ ունի հափշտակություն կատարել նախկին պատգամավորից: Բնականաբար այդ ապօրինի գործողությունները բողոքարկվել են համապատասխան կարգով` Գլխավոր դատախազություն եւ այլ համապատասխան մարմիններ:
Նորից եմ կրկնում` սա պարզապես հորինված սցենար է պատվիրված քրեական գործի շրջանակներում: Իբր թե սպանության նախապատրաստություն է տեղի ունեցել, որն իրականության մեջ գոյություն չունի ու չի էլ կարող ունենալ, նման փաստ չկա: Ցավում եմ, որ այս գործը, փաստորեն, հովանավորվում է հատուկ քննչական ծառայության եւ Գլխավոր դատախազության ղեկավարության կողմից. հակառակ պարագայում քննիչը չէր կարող ինքնուրույնաբար նման ապօրինություն գործել` շատ լավ հասկանալով, որ դրանով իրեն դնում է քրեական պատասխանատվության վտանգի տակ:
- Ո՞րն է խնդրի էությունը:
- Տիկին Ենոքյանի ազգականի հետ կապված գույքային բնույթի վեճի խնդիր է եղել այլ անձանց, մասնավորապես Կարո Կարապետյանի հետ առնչվող: Վերջինս փորձում է հորինված սցենարով նրան նեղ, ծանր դրության մեջ դնել եւ ինչ-ինչ խնդիրներ լուծել: Ըստ կասկածանքի, իբր 2012 թվականի փետրվար ամսին տիկին Ենոքյանը նախապատրաստել է Կարո Կարապետյանի սպանությունը: Սա աբսուրդի ժանրից է:
- Անձամբ Ձեր պաշտպանյալի հետ խոսե՞լ եք ձերբակալվելուց հետո:
- Այո, նա եւս կարծում է եւ համոզված է, որ իր նկատմամբ կոպիտ ասած` "պետական ռեկետ" է իրականացվում, այսինքն այս եղանակով փորձում են իր ունեցվածքը հափշտակել հօգուտ այլ անձի: Միտումը միանշանակ դրան է տանում:
- Ի՞նչ հարաբերությունների մեջ են եղել տիկին Ենոքյանը եւ Կարո Կարապետյանը:
- Շատ նորմալ հարաբերություններ են ունեցել:
"ԻՆՔԸ ՆՈՒՅՆԻՍԿ ԳՈՐԲԱՉՈՎԻ ԺԱՄԱՆԱԿ ՇԱՏ ԼՈՒՐՋ
ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ Է ԿԱՏԱՐԵԼ"
Մենք փորձեցինք կապվել նաեւ պատգամավոր ԿԱՐՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ, ով հեռախոսը վերցնելուն պես ասաց.
- Ազիզ ջան, հիմա հիվանդանոցում պառկած եմ, կես ժամից զանգի` խոսենք:
Բայց ոչ կես ժամից, ոչ էլ դրանից հետո պարոն Կարապետյանը հեռախոսին այլեւս չպատասխանեց:
Եվ քանի որ երկու հիմնական գործող անձիք նաեւ կուսակցական ընկերներ են ¥կամª եղել¤, դիմեցինք նաեւ ԲՀԿ մամուլի քարտուղար ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻՆ: Նա էլ անդրադառնալով Կարո Կարապետյան-Գոհար Ենոքյան հակամարտությանը` մեզ հետ զրույցում մասնավորապես ասաց.
- Այս պահին զերծ կմնամ գնահատականներ տալուց, քանի որ տեղյակ չեմ նախաքննական մարմնի ապացույցներից եւ ընդհանուր գործողություններից: Տեղի է ունեցել 73 տարեկան կնոջ` մեր նախկին գործընկերոջ ձերբակալություն: Այսօր առաջնային խնդիրը դա է մեզ համար, քանի որ վերջինս առողջական ծանր վիճակում է: Եվ ես` որպես պատգամավոր, կարծում եմ ավելի մարդկային կլիներ` խափանման միջոցը փոխել: Մնացածը, թե ինչ է եղել, օրենքի շրջանակներում ինչ խախտումներ, մեղադրանքներ, ապացույցներ կան, դա արդեն մեր խնդիրը չէ, դա իրավապահ մարմինների իրավասության ներքո գտնվող հարց է:
- Իսկ ինչպե՞ս կբնութագրեք Գոհար Ենոքյանին եւ Կարո Կարապետյանին:
- Տիկին Ենոքյանի հետ, ճիշտն ասած, չեմ աշխատել ԱԺ-ում, բայց տեղյակ եմ, որ ինքը նույնիսկ Գորբաչովի ժամանակ շատ լուրջ գործառույթներ է կատարել, մնացածի մասին չեմ կարող ասել: Նույն կերպ էլ Կարո Կարապետյանի մասին չեմ կարող որեւէ բան ասել: Համենայնդեպս երբեւէ չեմ լսել, որ նրանց միջեւ խնդիրներ են եղել, առաջին անգամ եմ լսում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
