«ԳԵՐՄԱՆԻԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ Է»
Արխիվ 12-16«ԳԵՐՄԱՆԻԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՃԱՆԱՉԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ Է»
Այսօր Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկման կդնի Հայոց ցեղասպանության մասին խորհրդարանի երեք խմբակցությունների բանաձեւերը: Հիշեցնենք, որ այս երեք բանաձեւերն էլ, որոնցում այս կամ այն չափով ֆիքսված է "ցեղասպանություն" տերմինը, Բունդեսթագում շրջանառության մեջ էին դրվել ապրիլի 24-ին:
Եվ նույն օրն էլ Գերմանիայի նախագահ Յ. Գաուկը Բեռլինի Մայր տաճարում Գերմանիայի պատմության մեջ առաջին անգամ 1915 թվականի հայերի ջարդերը բնորոշեց «ցեղասպանություն» եզրույթով:
«Իրավունքի» հետ զրույցում հայաստանյան որոշ վերլուծաբաններ անդրադառնալով Բունդեսթագի այսօրվա քննարկմանը, հայտնեցին, որ ունեն որոշ դրական ակնկալիքներ:
Քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ խոսքով` Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի առաջին քննարկումները եւ Գերմանիայի նախագահի ապրիլքսանչորսյան ելույթը հաշվի առնելով, կարելի է ասել, որ Գերմանիայի իշխանական շրջանակները հարցի վերաբերյալ դրական են տրամադրված. «Նրանք փորձելու են այնպես անել, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւն անցնի: Իհարկե, այստեղ կա լուրջ հակազդեցություն, որը բազմաբովանդակ է, ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին բնույթ ունի: Ամեն դեպքում հույսը քիչ չէ, որ քննարկումից հետո հնարավոր է` բանաձեւն ընդունվի: Բայց եթե անգամ Գերմանիայի խորհրդարանը զերծ մնա այդ բանաձեւն ընդունելուց, ապա միայն այն փաստը, որ Գերմանիան զբաղված է Հայոց ցեղասպանության հարցի քննարկմամբ ¥ինչը բավականին մեծ հնչեղություն է ստացել¤, արդեն մեծ ձեռքբերում է: Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում Գերմանիան կմիանա այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»:
Թուրքագետ ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ փաստեց, որ Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման առաջին քայլերն սկսվել են դեռ 2005 թվականին, սակայն այդ ժամանակ խուսափել են 1915 թվականի հայերի ջարդերը բնորոշել ցեղասպանություն բառով. «Փաստորեն այս քննարկումը նոր սկսվող գործընթաց չէ, պարզապես այսօր իրերը կոչում են իրենց անունով: Այսինքն` պատմական փաստին տալիս են իրավական գնահատական, ինչը շատ կարեւոր է: Պետք է հասկանանք, որ այստեղ ավելի լուրջ թեմա է ի հայտ գալիս, քանի որ Հայոց ցեղասպանությունն իրականացնելիս` Գերմանիան Օսմանյան կայսրության հիմնական դաշնակիցն էր եւ դեռ այն ժամանակներից էր տարածված կարծիքը, որ իր հերթին որոշակի մասնակցություն եւ պատասխանատվություն ունի Ցեղասպանության հարցում: Ամեն դեպքում, Գերմանիան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում վերջին շրջանում փոխել է իր քաղաքականությունը: Այս փոփոխությունը չի վրիպել նաեւ Թուրքիայի աչքից, տեղի լրատվամիջոցները նույնպես անդրադարձել են Գերմանիայի քաղաքականության փոփոխությանը` հօգուտ Հայոց ցեղասպանության ճանաչման: Ակնհայտ է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Գերմանիայի խորհրդարանում ստեղծվել են հետաքրքիր նախադրյալներ»:
Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար, փորձագետ ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑՅԱՆԸ եւս քննարկումից ունի դրական ակնկալիքներ. «Գերմանիան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ճանապարհին է եւ ըստ էության իր որոշումներից չի հրաժարվի: Գերմանիայի օրենսդրության համաձայն, երբ հարցի վերաբերյալ նախնական ընթերցումներ եւ լսումներ եղել են եւ հիմնական խնդիրը ստացել է լուծում, ապա օրենքի համաձայն` այն պետք է ստանա դրական ելք: Ամեն դեպքում սպասվում են դրական տեղաշարժեր»:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
