Ո՞ՒՄ ԿՎԱՃԱՌԻ ՖՐԱՆՍԻԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՌԱԶՄԱՆԱՎԵՐԸ
Արխիվ 12-16Ո՞ՒՄ ԿՎԱՃԱՌԻ ՖՐԱՆՍԻԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՌԱԶՄԱՆԱՎԵՐԸ
Ռուսաստանի համար պատրաստված «Մինստրալ» տեսակի ուղղաթիռակիր ռազմանավերի հետագա ճակատագիրը շարունակում է լինել անորոշ: Այս մասին գրում է Ֆրանսիական «Le Figaro» թերթը:
Թերթի փոխանցմամբ` ուղղաթիռների խնդիրը լուծելու հնարավոր տարբերակներից մեկը դրանց ջրասուզումն է: «Եթե փոխհատուցման խնդիրն ինչ-որ կերպ լուծվել է, ապա նավի ճակատագիրն իսկական գլխացավանք է դարձել: Մի քանիսը հավանության են արժանացրել ուղղաթիռակիր ռազմանավերի ոչնչացման գաղափարը: Քննարկվում է նաեւ ուղղաթիռակիր ռազմանավերի ապամոնտաժումը, անգամ դրանց ջրասույզ անելը ծովում»,- գրում է թերթը:
Հիշեցնենք` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե Ֆրանսիան չի մատակարարի «Մինստրալ» տեսակի ռազմանավերը, ՌԴ-ի վճարած կանխավճարը կվերադարձվի ռուսական կողմին:
Ֆրանսիայի ռազմական ներկայացուցիչը, սակայն, հայտարարել է, որ նավը կառուցողների համար ոչնչացման տարբերակը անհնար է իրականացնել:
Թերթը քիչ հավանական է համարում ռազմանավերի ետ վերադարձը Ֆրանսիայի ռազմածովային նավատորմ` հաշվի առնելով ռազմական բյուջեի կրճատումը, ինչպես նաեւ ռուսական չափանիշներին համապատասխան նավերի թանկարժեք վերասարքավորումը:
Քիչ թե շատ ընդունելի լուծումը, ըստ թերթի, նավերի վաճառքն է այլ երկրի` Եգիպտոսին կամ Կանադային:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
