«ՄԱՅԻՍԻ 9-Ը ՄԵՆՔ ՄԻՇՏ ՏՈՆՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԵՏՔ Է ՏՈՆԵՆՔ»
Արխիվ 12-16«ՄԱՅԻՍԻ 9-Ը ՄԵՆՔ ՄԻՇՏ ՏՈՆՈՒՄ ԵՆՔ
ԵՎ ՊԵՏՔ Է ՏՈՆԵՆՔ»
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատմական իրադարձությունների էջը դեռ չթերթած, ընդամենը օրեր անց կնշենք մայիսյան հաղթանակները: Իհարկե, այս ընթացքում հայրենի ներքաղաքական զարգացումներն իրենց տեղը զիջեցին` ողջ հանրության ու քաղաքական ուժերի հայացքն ուղղելով դեպի արտաքին քաղաքականություն: Բայց այս օրերին էլ կուտակվեցին որոշակի հարցեր, որոնք այսպես, թե այնպես առնչվում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական օրակարգին: Այս ամենի շուրջ երեկ` ԱԺ արտահերթ նիստից հետո, «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:
«ԼՂՀ-ՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՆՈՐՄԵՐԻՆ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ
ԱՆՑԿԱՑՎԵԼ»
–Պարոն Բաղդասարյան, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը խորհրդարանում վարման կարգի վերաբերյալ հարց բարձրացնելով` նշեց, որ պետք է ԱԺ քաղաքական ուժերի հետ քննարկել Սիրիայում բնակվող հայ բնակչության համար լուծումներ գտնելու տարբերակը, քանի որ այնտեղ շատ ծանր իրավիճակ է:
Այս հարցի առնչությամբ որեւէ քննարկում տեղի ունեցե՞լ է:
– Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրեցինք եւ պայմանավորվեցինք, որ քննարկումները գործադիրի հետ շարունակենք եւ ճշտենք մեր վերաբերմունքն այդ հարցի շուրջ: Անպայման, մենք պետք է արձագանքենք եւ գործադիրի հետ քննարկումներն ավարտելուց հետո, մեր դիրքորոշումը կհայտնենք:
– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում, որ Վրաստանն ու Ուկրաինան հայտարարություններ են տարածել, թե չեն ճանաչում ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը:
– Բնականաբար, նրանք նույնպես ունեն խնդիրներ եւ ցանկացած ձեւով պետք է բացասական արձագանք տային: Ես դա մասնավոր կարծիք եմ համարում, որովհետեւ իրենք այլ ելք չունեն, եւ նմանատիպ երկրները պետք է իրենց քննադատական խոսքը ասեին: Ավելի կարեւոր էր խորհրդարանական ընտրություններին ներկա դիտորդների արձագանքը, երբ նրանք տեսել են, որ գործ ունեն կայացած պետության հետ: Փաստ է, որ ԼՂՀ-ում ժողովրդավարական բոլոր նորմերին համապատասխանող ընտրություններ են անցկացվել:
«ԱՊՐԻԼԻ 24-Ի ՇԵՄԻՆ ՆՄԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ
ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ ԷԻՆ ԵՎ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ»
–Այս օրերին ներքաղաքական դաշտում լայն արձագանք է գտել սպանության նախապատրաստության կասկածանքով ձերբակալված ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի դեպքը: Հետաքրքիր է, ՀՀԿ խմբակցությունում տեղի ունեցածի վերաբերյալ որեւէ դիրքորոշում կա՞:
– Ազգային ժողովի նախագահն անձամբ զբաղվում է այդ հարցով, եւ երբ իրավապահները իրենց վերջնական կարծիքը կհայտնեն ու կլինեն հիմնավոր փաստեր, այն ժամանակ մենք մեր վերաբերմունքը կարտահայտենք:
– Ի դեպ, «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության հեղինակ Ժիրայր Սէֆիլյանի ու իր թիմակիցների ձերբակալությունն էլ լայն քննարկման առարկա դարձավ, որը բարեհաջող ավարտ ունեցավ, եւ նրանք կրկին ազատության մեջ են:
– Խնդիրը մինչեւ ապրիլի 24-ն էր, իսկ հիմա իրենք ազատ են իրենց գործողությունների մեջ եւ կարող են իրենց խնդիրները բարձրաձայնել: Այնպես որ, եթե իրենք քաղաքական գործիչներ են, կարող են իրենց քաղաքական հայացքներն ազատ արտահայտել: Մենք խնդիր չունենք, բայց ապրիլի 24-ի նախաշեմին նման երեւույթները, պարզապես, դատապարտելի էին եւ անթույլատրելի:
«ՄԵՆՔ ՊԱՐԶԱՊԵՍ ՀԱՂԹՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ ԵՆՔ»
–Անդրադառնանք նաեւ Մայիսի 9-ին, մասնավորապես` հայերիս մասնակցությանը Հայրենական մեծ պատերազմի 70-ամյա հաղթանակի գործում:
– Մենք խոնարհվում ենք Երկրորդ համաշխարհային պատերազմի մեր բոլոր զոհերի առջեւ, որին մասնակից է եղել ամբողջ հայ ժողովուրդը: Մենք այդ պատերազմում ունեցել ենք ե՛ւ հերոսներ, ե՛ւ բավականին մեծ թվով զոհեր, եւ դա, բնականաբար, հաղթանակ է մեզ համար, որը մենք միշտ տոնում ենք եւ պետք է տոնենք: Եվ այս ավանդույթը մենք պետք է փոխանցենք մեր սերունդներին, որպեսզի չմոռացվի այն, ինչ կատարվել է 1939-45 թթ.-ին: Իրոք, սարսափելի երեւույթ է տեղի ունեցել, մեծ թվով զոհեր են եղել, բայց մենք այսօր պարզապես հաղթողի կարգավիճակում ենք: Այն ժամանակ, ճիշտ է, Սովետական Միության մեջ ենք եղել, բայց, համենայնդեպս, հայերը լուրջ մասնակցություն են ունեցել, բավական է նշել, որ բնակչության համեմատությամբ` ամենաշատ հերոսները մենք ենք տվել:
– Մայիսի 9-ը նաեւ Շուշիի ազատագրման օրն է ու կրկնակի տոն մեզ համար...
– Բնականաբար, մայիսը հաղթանակների ամիս է: Մենք ամեն տարի մեր պատվիրակությունով այդ օրը լինում ենք Շուշիում եւ դա, իրոք, ցնծություն է: Հենց հայ ժողովրդի ձեռք բերած այդ հաղթանակը հիմքերից մեկն է այսօրվա Ղարաբաղի անկախ հանրապետության:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
