"ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ԿՈՊԵԿԸ ՎՃԱՐԵՑԻ, ՎԵՐՋԱՑԱՎ"
Արխիվ 12-16
Նույն օրըª մայիսի 4-ին, երբ կալանքի տակ հայտնվեց ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը, մեկ այլ ԱԺ նախկին պատգամավորª ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ դուրս եկավ կալանավայրից: Հիշեցնենք, որ, ի տարբերություն տիկին Ենոքյանի, պարոն Հակոբյանը մեղադրվում է պատգամավորին ավելի յուրահատուկ հանցանքի մեջª ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելու, չարամտորեն հարկերից խուսափելու, սրան-նրան ֆինանսական վնաս պատճառելու, ֆինանսական փաստաթղթեր կեղծելու եւ այլն: Թե այդ ամենից հետո պարոն Հակոբյանն ինչ հրաշքով հայտնվեց "դրսում", հենց նա էլ մեզ հետ զրույցում բացատրեց այսպես.-Դե, Հարկայինի հետ կապված խնդիրներ էին էլի, հիմա էլ վճարեցինք, վերջացավ:
- Ամբողջը վճարե՞լ եք:
- Այո, այո:
- Այսինքն` քրեական գործը փակվե՞լ է:
- Չէ: Ճիշտն ասած, իրավապահները դեռ որոշ պարզելու բաներ ունեն: Հիմա, երբ կանչեն, կգնամ ցուցմունք-բան, ինչ հարց ունենանª կպատասխանեմ կգամ: Ոնց որ ասում ենª վատթարագույնը հետեւում մնաց:
- Պարոն Հակոբյան, Ձեր կալանավորումից անմիջապես հետո խոսակցություններ տարածվեցին, որ Ձեր ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի: Կա՞ր նման բան:
- Չէ, չէ, ես ի՞նչ եմ արել, որ քաղաքական պատվեր լիներ: Չէ իհարկե, ոչ մի քաղաքական պատվեր չկա: Հո խիղճս չեմ կորցնի ասեմ` քաղաքական պատվեր է եղել. մնացածի նման, որ հլը մի բան չեղած` կապում են քաղաքականության հետ, ինչի՞ համար կապեմ: Մարդ պիտի մի քիչ ազնիվ լինի, հարկերի հետ կապված բան էր, ո՞նց կարային քաղաքականացնել:
- Այսինքնª համաձա՞յն եք, որ հարկային պարտավորությունները պատշաճ չեք կատարել:
- Այո, հիմնականում դա էր: Պարզապես, ոչ թե ես եմ հարկային պարտավորություններից խուսափել, այլ ձեռնարկությունը, որի սեփականատերն եմ ես: Հաշվապահը սխալ հաշվարկների արդյունքում նման խնդրի առաջ էր կանգնեցրել բոլորիս, ես էլ էսօր, որպես սեփականտեր, լրիվ, միչեւ վերջին կոպեկը վճարեցի, վերջացավ: Էսօր առաջին օրն է, որ ազատության մեջ եմ. մի երկու օր կհետազոտվեմ ու կանցնեմ իմ բնականոն, սովորական աշխատանքներին: Տեսնենքª ինչ կարող ենք անել մեր պետության համար, մեր ընտանիքների համար, լուրջ անելիքներ ունեմ անելու:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
