ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՈՂՆԵՐԸ ԼՂՀ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԵՆ ՀԱՄԱՐԵԼ
Արխիվ 12-16ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՈՂՆԵՐԸ ԼՂՀ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԵՆ ՀԱՄԱՐԵԼ
Ամենայն հավանականությամբ, միջազգային հարթակներում իրենց "առեւտուրը" չվտանգելու համար որոշ երկրներ, մասնավորապես` Վրաստանը, Ուկրաինան, Չեխիան հապշտապ հայտարարեցին, որ մայիսի 3-ին Արցախի Հանրապետությունում կայացած ԱԺ ընտրությունները չեն ճանաչում: Արցախի Հանրապետության նախագահի մամլո խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ "Իրավունքի" հետ զրույցում ասաց, որ պետությունները, որոնք հայտարարել են, թե չեն ճանաչում Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ընտրությունները, շատ տարօրինակ է, քանի որ նման հայտարարություններ կատարելիս` տվյալ երկրները հիմնվել են այն փաստի վրա, որ Արցախը` որպես պետություն, ճանաչված չէ:
Սակայն Դ. Բաբայանը նշում է, որ երկրի ճանաչված լինել-չլինելը եւ տվյալ երկրում ժողովրդավարական չափանիշներով, նորմալ ընտրություններ անցկացնելը տարբեր երեւույթներ են: "Պետությունը կարող է լինել ճանաչված, բայց կարող է անցկացնել ոչ լեգիտիմ ընտրություններ, ինչպես Ադրբեջանն է: Դրա համար, կարծում եմ, միշտ պետք է տարանջատել դա եւ ողջունել, երբ իրականացվում են նորմալ, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններ",- ասում է Դ. Բաբայանը:
ԱԺ ընտրությունները կայացած, ճանաչած եւ հատուկ շնորհավորած երկրների շարքում Արցախի Հանրապետության մամլո խոսնակն առաջին հերթին նշում է Հայաստանի Հանրապետությանը, քանի որ Արցախում ՀՀ-ն հանդես է եկել պաշտոնական դիտորդական առաքելությամբ, բարձր է գնահատել անցկացված ընտրությունները, այն հայտարարել է կայացած եւ շնորհավորել է Արցախին: "Շնորհավորել են տարբեր այլ պետությունների ներկայացուցիչներ նույնպես, բայց այս համատեքստում կարելի է անուղղակի ճանաչում եւ շնորհավորանք համարել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից կատարված հայտարարությունը, որտեղ փաստորեն նշել են, որ ընտրությունները ընդունելի են եւ ժողովրդավարական: Սա անուղղակի նույնպես շնորհավորանք է եւ ճանաչում",- ասում է մամլո խոսնակը:
Արցախյան ընտրությունները կայացած են համարել եւ շնորհավորել են նաեւ Աբխազիայի Հանրապետությունը, Հարավային Օսիան, Մերձդնեստրը: Դ. Բաբայանի տեղեկացմամբ` շուտով կշնորհավորեն նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները` ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, քանի որ. "Փաստորեն, իրենք ճանաչել են այս ընտրությունները: Սա էլ է շատ կարեւոր, եւ բոլոր այն երկրների մասնակիցները, որոնք եղել են այստեղ, կարելի է նաեւ անուղղակի ճանաչում համարել: Իհարկե, շատ հաճելի կլիներ, եթե շատ պետություններ ճանաչեին, բայց սա ամենեւին էլ չի նշանակում, որ մենք ընտրություններն անցկացնում ենք, որպեսզի մեր ընտրությունները ճանաչվեն այլ պետությունների կողմից: Սա ուղղակի մեր պետականաշինության կարեւորագույն հատվածն ու ուղղությունն է",- ասում է Դ.Բաբայանը:
ԼՂՀ նախագահի մամլո խոսնակի տեղեկացմամբ` շուտով շնորհավորական նամակներ կստացվեն նաեւ ԱՄՆ կոնգրեսականների, Ֆրանսիայի սենատորների եւ այլ ներկայացուցիչների կողմից, բայց այն, որ կոնկրետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են փաստորեն ճանաչել ընտրությունները, սա առաջին անգամ է:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
