ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀՈՒՅՍԵՐԸ
Արխիվ 12-16ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ
ԱՐՑԱԽՅԱՆ ՀՈՒՅՍԵՐԸ
Հայաստանում ընդդիմադիրները, բառիս բուն իմաստով, պարապ են մնացել: Բացի խորհրդարանական "կծոցներից", նրանց այլ բան չի մնացել: Մեկ էլ գրանտածիծ "քաղաքացիական հասարակությունը" զբաղված է գենդերային լոբբինգով, գումարած դրան տրտունջները` խոսքի ազատության վատ որակի մասին: ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՆՐԱՆՑ ՉԻ ՕԳՆԵԼՈՒ
Պարզ է, որ, այսպես կոչված, տիտղոսային ընդդիմությունը չի կարող զբաղվել ֆեմինիզմի եւ համասեռամոլության լոբբինգով` դա ուղիղ ճանապարհ է դեպի փչացում: Նույնիսկ ՀԱԿ-ն ու "Ժառանգությունը" արհամարհում են այդ թեմաները, եւ դա բաժին է մնացել բացառապես գրանտածիծների կառույցներին, այն էլ գրանտային հոսքի էական կրճատման պայմաններում:
Իսկ տիտղոսային արեւմտամետությունը ընդդիմադիր դաշտում այժմ գործնականում տեղ չունի: Մենք արդեն առիթ ունեցել էինք նշելու, որ իշխանական համակարգի ներսում նշմարվում են առանձին "արեւմտամետ" եւ "ռուսամետ" թեւեր: Արեւմուտքը, լինի այն Եվրոպայի, թե ԱՄՆ-ի դեմքով, գերադասում է ոչ թե փայփայել անկարող եւ ապաշնորհ ընդդիմադիրներին, այլ աշխատել ուղղակիորեն իշխանության հետ: Առավել եւս, որ այդ աշխատանքի ընթացքում, հաշվի առնելով Հայաստանի` ԵՏՄ անդամ լինելը, միանգամից հնարավոր է ուրվագծել` ինչն է հնարավոր եւ ինչն անհնարին:
Մայիսի կեսերին Ռիգայում կլինի ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը, որի ընթացքում միգուցե ԵՄ-Հայաստան ինչ-որ հռչակագրային թուղթ ստորագրվի: Իսկ Սերժ Սարգսյանը մինչեւ մայիսի 9-ի մոսկովյան շքերթը, ուղեւորվում է Վաշինգտոն, ուր ծրագրված է նրա ելույթը Ազգային տաճարում: Ի դեպ, ԱՄՆ դեսպան Միլսի խոսքը գործի է վերածվում, եւ ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրի եւ ներդրումների մասին շրջանակային համաձայնագիր է ստորագրվելու:
"Վաղուց սպասված պայմանագիրն ANCA-ի կարեւոր առաջնահերթություններից մեկն էր, որի ուղղությամբ ջանքեր էին գործադրվում` աշխատատեղերի ավելացման եւ կայուն տնտեսական աճի ապահովման, ե՛ւ Հայաստանում, ե՛ւ ԱՄՆ-ում տնտեսական նոր հնարավորությունների ստեղծման համար",- հայտարարել է հանձնախմբի ատենապետ Քեն Հաչիկյանը:
Այսինքն` զուր են ընդդիմադիրների հույսերը, որ Արեւմուտքն իրենց կօգնի: Արեւմուտքն իրենց չի օգնի, Արեւմուտքն ընդամենը բավարարվելու է նրանով, ինչի շուրջ հնարավոր է պայմանավորվել պաշտոնական Երեւանի հետ: Դե, իսկ "մի քիչ" կեղտոտ գործի բաժինն էլ հասել է գրանտային ասեղի վրա նստածներին: Այսպես, համասեռամոլության լոբբիստները, ովքեր մեզ հետ դատական մի քանի վեճեր ունեն, այժմ էլ հարձակվել են ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանի վրա, քանի որ վերջինս շատ կարճ ու չոր ասել է, որ ե՛ւ ԱԺ-ում, ե՛ւ ԵԽԽՎ-ում նրանց, այսպես կոչված, իրավունքները մշտապես ուղարկել եւ ուղարկելու է գրողի ծոցը: Իսկ ինչ վերաբերում է մամուլի որակի մասին տրտունջներին, ապա մեր տեղական գրանտածիծ իրավապաշտպանները պարզապես թութակի պես կրկնում են արեւմտյան կառույցների ասածները: Տիպիկ օրինակ է Ավետիք Իշխանյանի տրտունջը, ով նշելով, որ մամուլի ազատություն կա, բայց ասելիք չկա, պնդում է. "Հեռուստաալիքները վերահսկողության տակ են, կա քաղաքական վերահսկողություն, հանձնաժողովի կողմից եւս վերահսկողության են ենթարկվում, խախտվում է օրենքը, քանի որ այսօր ստվերային կարգով կուսակցությունները, կրոնական կազմակերպությունները ունեն հեռուստաընկերություն: Ինչ վերաբերում է տպագիր, էլեկտրոնային լրատվամիջոցներին, ապա չի կարելի ասել, որ կա գրաքննություն: Գուցե Հայաստանի շուկան է պատճառը, որ տարբեր կլանային ուժերի են սպասարկում, գուցե հարմարվողականությունն է պատճառը, բայց ընդհանուր գորշություն կա, չկա լուրջ քննադատություն, բամբասանք, քծնանք, հայհոյանք է, այն, ինչ քաղաքական դաշտում է, նույնն էլ լրատվամիջոցներում է":
ԻՆՉ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ԱՐՑԱԽՈՒՄ
ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Մենք արդեն նշել էինք, որ Ցեղասպանության 100-ամյակը բացարձակապես անտեսած Ռոբերտ Քոչարյանը շտապել էր հանդես գալ շնորհավորանքով` Արցախի ԱԺ ընտրությունների կապակցությամբ: Դե պարզ է, եթե Երեւանում բան չի ստացվում, ապա հաշվի առնելով սեփական արմատներն ու կապերը, կարելի է փորձել ոտատեղ ունենալ Ստեփանակերտում: Առավել եւս, որ այնտեղ արդեն կա մեկ ապակառուցողական պատգամավոր` տեղական սաքունց Հայկ Խանումյանը:
Իսկ հիմա էլ ԼՏՊ-ն որոշել է հետ չընկնել, եւ ՀԱԿ-ը 5 կետանոց հայտարարությունով է հանդես եկել: Առաջին երեք կետով նրանք ողջունում են ընտրությունները եւ քննադատում Ադրբեջանին, իսկ այնուհետ սատար են կանգնում ընտրություններից բողոքող արցախյան միակ ընդդիմադիրին` վերոնշյալ Հայկ Խանումյանին. "4. Ինչ վերաբերում է ընտրությունների գնահատականին, ապա դիտորդների ընդհանուր տեսակետի համաձայն` դրանք անցել են օրինականության սահմաններում, թեեւ հարկ ենք համարում ընդգծել նաեւ որոշ ընդդիմադիր քաղաքական ուժերի քննադատական արձագանքների արդարացիությունը:
5. Այս առումով անհրաժեշտ ենք համարում այնպիսի քայլերի ձեռնարկումը, որոնք ուղղված կլինեն Ղարաբաղում ժողովրդավարության ամրապնդմանը, ընդդիմության համար ազատ մրցակցության եւ հավասար պայմանների ապահովմանը, ինչպես նաեւ ընտրական գործընթացում վարչական ռեսուրսի կիրառման բացառմանը":
Սակայն նույն Արցախում դիրքերի ամրապնդում են փնտրում եւ Հայաստանում ՀՀԿ-ի հետ Սահմանադրական բարեփոխումների հարցում սերտորեն համագործակցող դաշնակները: Այսպես, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը իր հայտարարությամբ հատուկ նշում է. "Վերջին մեկ ամսում, Արցախում եւ Արցախից դուրս ապրող հարյուր հազարավոր հայրենակիցներ հետեւել են նախընտրական շրջանում ՀՅԴ Արցախի կառույցի արցախահայության վստահությանը ներկայացրած ծրագրին եւ խաղաղություն, արդարություն, աշխատանք կարգախոսին: Ի ուրախություն մեզ բոլորիս, թե՛ ծրագրին, թե՛ կարգախոսին, եւ թե՛ այն ներուժին, որով ներկայանում էր Արցախի կառույցը, հավատաց եթե ոչ ողջ արցախահայությունը, ապա կարելի է ասել` մեծամասնությունը: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ոչ միայն հավատացել են, այլ իրենց վստահության քվեն են տվել ՀՅԴ ծրագրին եւ կարգախոսին: Այսօր ՀՅԴ-ն 2-րդ քաղաքական ուժն է Արցախում, եւ մենք մեր ընտրողների հետ միասնաբար կլծվենք Արցախի հզորացման գործին":
Դե ինչ, ովքեր սեփական խնդիրները չեն կարողանում լուծել Երեւանում, Ստեփանակերտում փորձում են երկրորդ շնչառություն ձեռք բերել: Ինչեւէ, հուսանք, որ առաջին եւ երկրորդ նախագահներին ուղղակի կամ միջնորդավորված ձեւով չի հաջողվի Արցախ ներմուծել այնպիսի երեւույթները, ինչպիսիք են ՀՀՇ-ական ոգին եւ ապակառուցողական անհանդուրժողականությունը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
