ՓՈՐՁՎԱԾ ԱԼԻԵՎՆ ԷԼԻ ԹԱԿԱՐԴՈՒՄ Է
Արխիվ 12-16ՓՈՐՁՎԱԾ ԱԼԻԵՎՆ ԷԼԻ ԹԱԿԱՐԴՈՒՄ Է
Մեկ-երկու ամիս առաջ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն իր ներքին ռազմապահեստարաններից իրականացնում է մի փոքր հնացած, բայց էլի իր արդիականությունն ունեցող զինտեխնիկայի բավականին պատկառելի քանակությունների տեղաշարժեր: Շատ չանցած ֆիքսվեց, որ այդ զենքը, այդ թվումª զրահատեխնիկան նկատվել է արեւելաեվրոպական մի շարք երկրներում, եւ ըստ որոշ լուրերիª նույնիսկ Ուկրաինայում:
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶՐԱՀԱՏԵԽՆԻԿԱՆ
ՀԱՍԱՎ ՎՐԱՍՏԱՆ
Դրանից անմիջապես հետո էլ ԱՄՆ-ը, հաճախ նաեւ ՆԱՏՕ-ի անվան տակ, սկսեց այդ նույն տեխնիկան ցուցադրաբար պտտեցնել ողջ Արեւելյան Եվրոպայով եւ Մերձբալթիկայով մեկ, միաժամանակ այդ ողջ տարածաշրջանում կազմակերպելով համապատասխան երկրի հետ համատեղ զորավարժություններª չփորձելով քողարկել անգամ, որ այդ աննախադեպ գործընթացն ուղղված է Ռուսաստանի դեմ: Թե ռուսներն ուր որ է կհարձակվեն այս կամ այն երկրի վրա եւ, որ իրենք էլ մշակում են համապատասխան պաշտպանողական ռազմավարություն: Իհարկե, նման բացատրությունը զավեշտանման կթվար, եթե հետեւանքները, այն էª Արեւելյան Եվրոպայի արագորեն ընթացող միլիտարիզացիան լուրջ մտավախություններ չառաջացնեին:
Մի խոսքով` այն, որ սկսած Բալթիկայից մինչեւ Սեւ ծով, այսինքնª նախկին խորհրդային մերձբալթյան հանրապետություններից մինչեւ Լեհաստան, Ռումինիա եւ Բուլղարիաª Ռուսաստանի ողջ արեւմտյան սահմանով մեկ ստեղծվում է ռազմականացված գոտի, որը, ըստ էության, նաեւ ռուսներին տարանջատում է "հին" Եվրոպայից, չեն կասկածում նաեւ շատ հեղինակավոր արեւմտյան փորձագետներ: Ավելին. նման "երկաթե գծի" անհրաժեշտության մասին ամերիկյան որոշ ստրատեգներ խոսում էին դեռ ամիսներ առաջ, եւ կարելի է կռահել, որ հենց այդ առաջարկներն է, որ այսօր արագ թափով կյանքի են կոչվում: Այդ ստրատեգիական ծրագրերից եւ ընթացիկ իրողություններից ելնելովª ռուսական մի շարք փորձագետներ էլ տեւական ժամանակ այն կարծիքն են հայտնում, որ այդ գործընթացը կշարունակվի դեպի Սեւ ծով եւ Վրաստան, ապա. "Հերթում են Բաքուն, Աշխաբադը, Դուշանբեն եւ Տաշքենդը: Եվ նույնիսկ Բիշքեկի հետ դեռ ամեն ինչ հստակ չէ":
Ահա այս իրավիճակում էլ օրերս հայտնի դարձավ, որ վերջին կանխատեսման համաձայնª ԱՄՆ-ն արդեն իսկ ծանր ռազմատեխնիկայի որոշակի խմբաքանակ է տեղակայում Վրաստանում: Նույն ստանդարտ բացատրությունն էª զինտեխնիկան օգտագործվելու է վրաց-ամերիկյան համատեղ զորավարժությունների ժամանակ: Ընդ որումª մայիսի 11-ին նախատեսված նման զորավարժություններ, որոնց կմասնակցեն 600 ամերիկացի զինվորականներ, անցկացվում են առաջին անգամ:Հայաստանի համար եթե ոչ վրաց-ամերիկյան զորախաղերն ու այդ տեխնիկան, ապա գոնե այդ իրավիճակը, իհարկե, միանգամայն մտահոգիչ է: Առավել եւս, որ պետք է նկատել, որ օրերս նույն Աշխաբադում Ադրբեջանի, Թուրքեմնստանի եւ Թուրքիայի մեջ ձեռք բերված պայմանավորվածությունըª Եվրոպա գազ մատակարարելու մասին, նույնպես տեղավորվում է ռուսական վերոհիշյալ փորձագիտական գնահատականի, որ այդ մեծ խաղում "հերթում են Բաքուն, Աշխաբադը...", տրամաբանության մեջ:
Այսինքնª այն նույն ընդգծված հակամարտությունը, որն ունեն ռուսներն ու ամերիկացիները Արեւելյան Եվրոպայի ուղղությամբ, արդեն նաեւ հարավկովկասյան տարածաշրջանում է սկսում շեշտադրված դառնալ: Եվ հասկանալի է, որ որեւէ երկրի համար չի կարող հաճելի լինել, երբ իր սահմանների հարեւանությամբ է սկսում թիրախավորվել համաշխարհային գլխավոր հակամարտություններից մեկը, հաշվի առնելով նաեւ, որ դա չի կարող շրջանցել նաեւ տարածաշրջանային մեծ տերություններինª Թուրքիային եւ Իրանին:
ՆՈՐ ԽԱՂԸ
ԿԱՐՈՂ Է ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՆ ԱՌԱՋ ՏԱՆԵԼ
Այսպիսովª առաջին պլան է մղվում այն հարցը, թե այս նոր իրողություններն իր զարգացումներ են խոստանում ողջ տարածաշրջանին: Նախª բավականին հակասական վիճակում է հայտնվել ամերիկյան զինտեխնիկան ընդունած Վրաստանը: Այս կերպ նա ենթարկվում է ռուսների աչքերին նորից հիմնական թշնամիներից մեկի կերպարը ստանալու վտանգին: Մինչդեռ Թբիլիսիում հազիվ թե մոռացած լինեն, թե ինչպես 2008թ.-ին նույն ամերիկյան ռազմականացված խաղերի արդյունքում պատերազմի մեջ ներքաշվեցին, որից հազիվ գլուխներն ազատելովª երկար տարիներ անց միայն մի կերպ հնարավորություն ստացան իրենց ապրանքները ռուսական շուկա մտցնել: Ճիշտ է, այս օրերին նորից ճոխ խոստումներ են լսվում, թե ուր որ էª Վրաստանի տարածքով դեպի Եվրոպա հսկայական քանակով գազ կտեղափոխվի, դրա հաշվին երկիրը դրախտ կդառնա: Բայց հարց է, թե նույն գետը մեկ անգամ մտած եւ այս տարիներին նաեւ բազմիցս այլոց օրինակը տեսած Թբիլիսին նորից կգնա՞ ամերիկյան դրախտի ետեւից: Թերեւս Վաշինգտոնում էլ են կասկածում Թբիլիսիի անվերապահ հավատարմությանը, հաշվի առնելով, որ հակառակ դեպքում, հազիվ թե, վերջինիս ավելորդ անգամ նյարդայնացնեինª նախկին նախագահ Սահակաշվիլուն օրերս Բաքու գործուղելով: Թերեւս այդ ակնարկը, որ վաշինգտոնյան աջակցության դեպքում Սահակաշվիլին կարող է եւ նոր "գունավոր" ծրագրերով Թբիլիսիում եւս հայտնվել, վրացիները լավ հասկացան իրենց տարածքում այդքան ընդգծված հակառուսական զորավարժություններ արտոնելուց առաջ: Բայց այն փաստը, որ Թբիլիսին ներկա չէր Աշխաբադում, երբ օրերս Եվրահանձնաժողովի փոխնախագահի քավորությամբ պայմանավորվածություններ էին ձեռք բերում` Թուրքմենստանից եւ Ադրբեջանից Եվրոպայի փրկության համար գազ տանելու հարցով, ավելի շուտ այն տպավորությունն է առաջացնում, որ Վրաստանը լրջորեն չի էլ մտածում այս անգամ էլ հակառուսական խաղում առաջամարտիկի դեր ստանձնել: Կստացվի՞ այդ նախագիծը, լավ: Չի՞ ստացվի... Բայց այդ դեպքում պետք է հաշվի առնել, որ ո՛չ Վրաստան տեղափոխված այդ մեկ-երկու տասնյակ եւ ո՛չ էլ Արեւելյան Եվրոպայում տեղակայված մեկ-երկու հարյուր միավոր, եւ ամենեւին էլ ոչ վերջին նմուշի այդ ռազմական տեխնիկան գործնական առումով էական խնդիր չէ Ռուսաստանի համար. եթե նույնիսկ իրավիճակը զարգանա այն գրեթե անհավանական սցենարով, որ այդ տեխնիկան կամ նույն Արեւելյան Եվրոպայի մոտ 30 հազարանոց ՆԱՏՕ-ական կոնտինգենտը բախման մեջ մտնի ռուսների հետ, կոչնչանա հաշված ժամերի ընթացքում: Առավել եւս, որ մայիսի 9-ի շքերթում ներկայացվելիք եւ օրերս միայն քողազերծված ռուսական նորագույն ռազմատեխնիկան արդեն հասցրել է շոկ առաջացնել Արեւմուտքում: Ամեն դեպքումª հսկաների կռվին ոտատակ գնալու ամենահավանական տարբերակը Թբիլիսիին հաստատ մեծ զգուշավորություն կպարտադրի:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա թեեւ վերջինս բավական ոգեւորված է այդ գազատարով ¥որն, ի դեպ, Ալիեւի համար "սեփական ձեռքերով" մեծ ծավալներով գազ արտաքին աշխարհ հանելու վերջին շանսն է¤ եւ, ամենայն հավանականությամբ, կփորձի մինչեւ իսկ Ռուսաստանի հետ խորքային հակասության գնալովª այդ ծրագիրը առաջ տանել: Սակայն Ալիեւը հաստատ անհանգստանալու տեղ ունի: Նախª ի՞նչ կլինի, եթե վրացիները հանկարծ որոշեն թեքվել դեպի Մոսկվա: Ավելին. նման անթաքույց հակումներ ցուցաբերում է նաեւ "մեծ եղբայրը"ª Անկարան: Աշխաբադում, իհարկե, Էրդողանի ներկայացուցիչը կար: Բայց դա կարող էր նաեւ Պուտինի հայաստանյան այցի հետ կապված դեմարշ լինել: Առավել եւս, որ այդ հանդիպումից հետո վերջապես կարողացավ ռուսներից պոկել գազի գերշահավետ սակագին, ինչի շուրջ երկար ժամանակ "Գազպրոմի" հետ լեզու գտնել չէր կարողանում: Եվ նման սակագին ունենալովª Անկարան արդեն հազիվ թե ձեռքին գտնվող տարեկան 65 միլիարդ խմ ծավալով "Թուրքական հոսք" գազատարը փոխի հույժ քաղաքականացված ու պարզապես Ղարաբաղի, ասենք նաեւ Ռուսաստանի քթի տակով անցնող արդբեջանաեվրոպական ծրագրերի հետ: Եվ արդյունքումª Թուրքիայում եւս նույն վրացական տարբերակն է. կստացվի՞ ադրբեջանական գազատարը, լավ, չի՞ ստացվի, թող Ալիեւը դարդ անի:
Այսպիսով, թեեւ Վաշինգտոնը փորձում է Վրաստան-Ադրբեջան ուղղությամբ էներգետիկ եւ ռազմական առանցք ստեղծել, սակայն առանց Թուրքիայի անվերապահ ներգրավվածության, լուրջ արդյունքի շանս չի երեւում: Իսկ ռուսները թուրքերին հերթական անգամ արեցին առաջարկը, որից Անկարան ոչ մի կերպ չի կարող հրաժարվել: Թերեւս միայն, եթե Վաշինգտոնն օրակարգ բերի Հայոց ցեղասպանության հա՞րցը. սա էլ է տարբերակ, առավել եւս հաշվի առնելով հենց այս օրերինª մոսկովյան այցից առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ԱՄՆ մեկնելու փաստը: Իսկ նման զարգացումների դեպքում Անկարան չի՞ փորձի միջնորդություն խնդրել Մոսկվայից...
Ամեն դեպքում, կարծես թե ամենամոտ ապագայում բավականին հետաքրքիր զարգացումներ են լինելու:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
