ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՋՐԵՐԸ ԷԼԻ ՄԻ ԱՌՎՈՎ ՉԵՆ ՀՈՍՈՒՄ»
Արխիվ 12-16ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՋՐԵՐԸ ԷԼԻ ՄԻ ԱՌՎՈՎ ՉԵՆ ՀՈՍՈՒՄ»
Մայիսի 4-ին Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն անցկացրեց ըստ ոլորտների «2014 թ.-ի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման մասին» ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի քննարկումը:
Նիստում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները հանդես եկան ՀՀ արդարադատության նախարարությանը եւ Հատուկ քննչական ծառայությանը վերաբերող զեկույցներով: Սակայն, ՄԻՊ-ի արձանագրած խախտումներին մեծամասամբ դեմ արտահայտվեցին Արդարադատության նախարարության եւ քննչական ծառայության ներկայացուցիչները` այն համարելով կա՛մ ուռճացված, կա՛մ խեղաթյուրված: ՄԻՊ-ի գրասենյակի անդամները սկսեցին օրինակներով խոսել, իսկ կառավարության ներկայացուցիչները դրանք շարունակեցին համարել առանձնակի դեպքեր: Ինչեւէ, քննարկումը չվերածվեց բանավեճի` շնորհիվ հանձնաժողովի նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ, ով անընդհատ պնդում էր, որ կարեւորը մարդու իրավունքների գերակայությունն է, անկախ ստեղծված օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից: Բայց այն, որ ՄԻՊ-ի մյուս ոլորտներին վերաբերող զեկույցներն էլ թեժ կընթանան, դա ակներեւ է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
