ՄԵԾԱՄՈՐԻ ԱՐԳԵԼՈՑ -ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԻՏԱԺՈՂՈՎ, ՈՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՀՆԱԳԵՏՆԵՐ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻՑ
Արխիվ 12-16ՄԵԾԱՄՈՐԻ ԱՐԳԵԼՈՑ -ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԻՏԱԺՈՂՈՎ, ՈՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՀՆԱԳԵՏՆԵՐ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻՑ
Այս տարի լրանում է Մեծամորի հնագիտական պեղումների 50 եւ արգելոց-թանգարանի հիմնադրման 45-ամյակը: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն»ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքերի գծով տնօենի տեղակալ ԱՇՈՏ ՓԻԼԻՊՈՍՅԱՆԸ տեղեկացրեց, որ այս առիթով սեպտեմբերի երկրորդ կեսին թանգարանում տեղի կունենա գիտաժողով, որին կմասնակցեն մասնագետներ Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինիայից, Իտալիայից, Լեհաստանից եւ այլ երկրներից. «Հնագետներն ու մասնագետներն, ովքեր տարիներ շարունակ աշխատել են այստեղ, ունեն որոշակի նյութեր, որոնք հավաքվել են կեսդարյա պեղումների արդյունքում: Գիտաժողովին մասնակցելու են այն մարդիկ, ովքեր գիտեն հուշարձանի արժեքը եւ այն ճանաչում են»,- նշեց Ա. Փիլիպոսյան եւ ընդգծեց, որ գիտաժողովի ընթացքում կամփոփվի նաեւ հիսուն տարիների ընթացքում իրականացրած հնագիտական պեղումների արդունքները: Ինչպես նաեւ կսահմանվեն այն ուղիները, որի համաձայն հետագայում հնավայրում կիրականացվի պեղման աշխատանքերը:
1965 թվականից մինչեւ այժմ Մեծամորում պարբերաբար իրականացվում են պեղման աշխատանքներ: Մինչեւ այժմ պեղված մշակութային շերտերը վերաբերում են բրոնզի եւ երկաթի պարբերաշրջաններին: Պեղված նյութերը վկայում են, որ բրոնզե պարբերաշրջանում Մեծամորը եղել է մշակույթի ծաղկող կենտրոն: Գիտնականները նաեւ պարզել են, որ Մեծամորը խոշոր քաղաք-բնակատեղի էր, որը զբաղեցնում է 10,5 հա տարածք, ուներ կիկլոպյան պարսպով շրջապատված ամրոցզիկուրատ-աշտարակ:
Հնավայրում պեղման աշխատանքերի արդյունքում հայտնաբերված ամենանշանավորը բաբելոնյան թագավոր Ուլամ Բուրարիաշի սարդոնիքսից պատրաստված գորտ –կշռաքարն է եւ բաբելոնյան մեկ այլ արքայի` Կուրիգալզու 2-ին պատկանող եգիպտական արձանագրություններով ագաթե կնիքը: Հնավայրում հայտնեբերված գտածոների մի մասը վերամշակվելուց հետո տեղ է գտել արգելոց-թանգարանում, որը բացվել է 1970 թվականին:
Պարոն Փիլիպոսյանի խոսքով`թանգարանում այսօր պահվում է մոտավորապես 28 հազար ցուցանմուշ, ցուցադրված է միայն 9-10 հազարը.«Պեղումների արդյունքում յուրաքանչյուր տարի նյութերն ավելանում են, դրանց մի մասն այժմ մշակման փուլում է, որն ավարտվելուց հետո կհամալրեն ցուցանմուշների շարքերը: Թանգարաում մինչեւ այժմ բաց է 1982 թվականի ցուցադրությունը , որը պարբերաբար փոփոխվում է, չնայած հիմնական սկզբունքը մնացել է նույնը»,-ավելացրեց Աշոտ Փիլիպոսյանը:
Նշենք, որ 2013-2014 թվականներին Մեծամորի հնավայրում արդյունավետ աշխատում է հայ-լեհական միջազգային հնագիտական արշավախումբը: Աշխատանքերը հիմնականում կենտրոնացված են բնակավայրի քաղաքային թաղամասի հատվածում եւ վերաբերում են մ.թ.ա. 11-9 դարերին:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
