"ՄԱՐԱԹՈՒԿ ՀՈԼԴԻՆԳ" ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՎԱԼՈՒՄ Է ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Արխիվ 12-16ԾԱՎԱԼՈՒՄ Է ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Վերջին շրջանում լրատվամիջոցները տարբեր հրապարակումներով անդրադարձել են "Մարաթուկ" տուրիստական ընկերության գործունեությանը` գրելով ընկերության կողմից դրսեւորվող հնարավոր հակամրցակցային գործողության մասին: Մասնավորապես, հոդվածներում նշվում է, որ ընկերությունը տարիներ շարունակ չարտերային թռիչքներ է իրականացնում Երեւան-Հունաստանի Կրետե կղզի ուղղությամբ եւ այդ ոլորտում ունի մենաշնորհային դիրք: Ըստ հրապարակումների` "Մարաթուկը" չարաշահելով իր դիրքը, նույն գործունեությամբ զբաղվող այլ ընկերությունների համար ստեղծում է մուտքի խոչընդոտներ: Ընկերությունը մեղադրվում է նաեւ սպառողներին մոլորեցնելու, մասնավորապես գովազդային բուկլետներում ոչ ճիշտ տեղեկատվություն նշելու եւ դրանք տարածելու համար: Լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ապրիլի 7-ին կայացած նիստում (ՏՄՊՊՀ) հարուցել է վարչական վարույթ` "Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին" օրենքի հնարավոր խախտման, այդ թվում` գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման, անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսեւորման համար: "Իրավունքը" "Մարաթուկ" տուրիստական ընկերության տնօրեն ԶՈՐԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՑ վերոնշյալ հրապարակումների մասին պարզաբանում խնդրեց:
-Տարբեր հրապարակումներում "Մարաթուկ" տուրիստական գործակալությանը մեղադրել էին դիրքի չարաշահման ու հակամրցակցային գործունեության մասին: Ինչպե՞ս եք արձագանքում վերոնշյալ մեղադրանքներին:
- Նախ ասեմ, որ իմ ընկերության մասին այս մեղադրանքներն սկսվել են քաղաքացի Արամ Շահինյանի բողոքից` ուղղված "Իրազեկ եւ պաշտպանված սպառող" ՀԿ-ին: Մասնավորապես քաղաքացի Շահինյանն այս տարվա ապրիլի 13-ին դիմել է "Իրազեկ եւ պաշտպանված սպառող" ՀԿ-ին` տեղեկացնելով հետեւյալը. "2015-ին "Լեւոն Թրավել" տուրիստական գործակալությունից գնել եմ ավիատոմս` դեպի հունական Կրետե կղզի: Այնուհետ մամուլից տեղեկանալով, որ "Մարաթուկ" ընկերությունը դեռեւս չունի Երեւան-Կրետե-Երեւան ուղիղ չվերթ իրականացնելու թույլտվություն, ցանկացել եմ հետ վերադարձնել, սակայն ինձ ասել են, որ տոմսերը, անկախ ամեն ինչից, վերադարձի ենթակա չեն: Խնդրում եմ ձեր միջնորդությունը նշված խնդրի կարգավորման հարցում":
"Մարաթուկ Հոլդինգ" ՍՊ ընկերության կողմից կազմակերպվող "Երեւան-Կրետե-Երեւան" ավիաչվերթի ավիատոմսի վերադարձի հետ կապված որեւէ խախտում առկա չէ:
Մասնավորապես, ավիատոմսի տրամադրմամբ քաղաքացու եւ ավիատոմսը վաճառող ընկերության միջեւ կնքվել է պայմանագիր, եւ քանզի ավիատոմսի վրա նշված է, որ նման կարգի ավիատոմսերը վերադարձի ենթակա չեն, իսկ քաղաքացին տեղյակ է եղել այդ մասին, տոմսը գնելով ազատ կամարտահայտությամբ, ընդունել է պայմանագրի պայմանը:
Չնայած դրան` հաջորդ օրն այդ անձը վերադարձել է եւ մեծ աղմուկ բարձացնելով` պահանջել տոմսի արժեքի վերադարձ:
Նպատակ ունենալով պարզել տոմսը գնած անձի անհասկանալի վարքագիծը եւ վերջին օրերին մեր ընկերության շուրջ բարձրացված աղմուկը` ուսումնասիրվեցին համացանցում տեղ գտած տեղեկությունները, որոնց հիման վրա Facebook սոցիալական ցանցում հայտնաբերվեց տոմսը գնած անձի մտերիմ կապը "Ակտի տուր" ընկերության հետ, որն այս տարի եւս իրականացնում է ոչ կանոնավոր ավիաչվերթ նույն` "Երեւան-Կրետե-Երեւան" ուղղությամբ:
Բացի այդ, մամուլն անդրադարձել էր "Մարաթուկ Հոլդինգ" ՍՊ ընկերության գործունեությանը` նշելով, որ ընկերությունը վաճառում է տոմսեր` գոյություն չունեցող ուղղությամբ եւ չկա թռիչքների իրականացման երաշխիք:
Համաձայն "Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից ՀՀ ոչ կանոնավոր չվերթների իրականացման թույլտվությունների տրման" կարգի` օտարերկրյա օդանավ շահագործողը, որը նախատեսում է ոչ կանոնավոր չվերթներ իրականացնել Հայաստանի Հանրապետություն, պետք է պարտադիր կարգով ստանա Գլխավոր վարչության թույլտվությունը: Նման թույլտվություն ստանալու համար օդանավ շահագործողը չվերթի իրականացման օրվանից 14 աշխատանքային օր առաջ պետք է ներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը:
"Մարաթուկ Հոլդինգ" ՍՊԸ 13.02.2015 թվականին Հունաստանի ազգային փոխադրող AEGEANAirlines ավիաընկերության հետ կնքելով ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու պայմանագիր, կարող էր իրականացնել ավիատոմսերի վաճառքը, իսկ թույլտվություն ստանալու համար` դիմել չվերթից առնվազն 14 օր առաջ: Չնայած դրան` ընկերությունը բարեխիղճ եւ պարտաճանաչ լինելով թե՛ իր գործունեության, թե՛ իրավունք սահմանող փաստաթղթերի հարցում, Գլխավոր վարչություն է դիմել եւ "Երեւան-Հերակլիոն-Երեւան" ոչ կանոնավոր չվերթի թույլտվություն ստացել դեռ ապրիլ ամսին:
"Մարաթուկ Հոլդինգ" ՍՊ ընկերությունն իր գործունեությունը ծավալում է գործող օրենսդրության շրջանակներում: Ընկերության կողմից կազմակերպված բոլոր չվերթները կատարվել են սահմանված ժամկետներում` չվացուցակներին համապատասխան:
Ընկերությունը շարունակելու է գործել գործընկերների հանդեպ փոխադարձ հարգանքի եւ համագործակցության մթնոլորտում` հավատարիմ մնալով սպառողների շահերին:
- Իսկ սպառողներին մոլորեցնելու մեղադրանքներին, որոնք առնչվում են բուկլետի վրա պատկերված Կրետե կղզուն, որը, իբր Կրետեն չէ, այլ Սանտորինին, ի՞նչ կասեք այս մասին:
- Դա եւս իրականությանը չի համապատասխանում: Մեր բուկլետի վրա պատկերված է Կրետե կղզին, որը կարելի է գտնել նաեւ համացանցում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
