"ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ"
Արխիվ 12-16"ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ"
Մայիս ամիսը հաղթանակների ամիս է: Այս շաբաթ կնշվի Շուշիի ազատագրման 23 եւ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակը: Այս կապակցությամբ "Իրավունքը" զրուցեց ՍԻՄ կուսակցության ամենատարեց անդամի` 90-ամյա Ներսես Սիմոնյանի հետ, ով ծնվել է 1925 թվականին Ջավախքի Բոգդանովկայի շրջանի Հեշտիա (Նինոծմինդա) գյուղում: Ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը` 1942 թվականին զորակոչվել է սովետական բանակ. "Ակտիվ մասնակցություն եմ ունեցել Նովորոսիյսկի ազատագրմանը, որի համար պարգեւատրվել եմ Խիզախության երկու մեդալներով: Այնուհետ մեր 318 դիվիզիայով դեսանտ ենք իջել Ղրիմ, որտեղ պայքարել ենք եւ ազատագրել Կերչ քաղաքը, չնայած որ ունեցել ենք շատ կորուստներ: Ես եւս այդ ժամանակ ծանր վիրավորվեցի եւ ստիպված եղա 1944 թվականին վերադառնալ տուն":90-ԱՄՅԱ ՀԱՅ ՎԵՏԵՐԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է
ՄՈՍԿՎԱՅԻ ՇՔԵՐԹԻՆ
Զրույցի ընթացքում տեղեկացանք նաեւ 90-ամյա Սիմոնյանի այլ սխրագործությունների մասին. "Ակտիվ մասնակցություն եմ ունեցել նաեւ Օդեսայի ազատագրմանը, որն անվանում են Հերոս քաղաք, որի համար եւս պարգեւատրվել եմ Խիզախության եւ Մարտական ծառայությունների համար մեդալներով, ինչպես նաեւ Հայրենական պատերազմի Առաջին շքանշան մեդալներով": Նա նաեւ նշեց, որ ազատագրված քաղաքների հոբելյաններին ակտիվ մասնակցություն է ունեցել բոլոր միջոցառումներին, այդ թվում` 2003-2013թթ.` Նովորոսիյսկ քաղաքի ազատագրման 60-70-ամյակներին, որտեղ ներկա է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ն. Սիմոնյանը պատրաստվում է մոտ օրերս էլ մեկնել Մոսկվա` մասնակցելու Մեծ հայրենականի հաղթանակին նվիրված 70-ամյակի շքերթին: Շարունակելով պատմությունը` ասաց. "Նովորոսիյսկ քաղաքի ազատագրման ժամանակ ծանր վիրավորվեց նաեւ Խորհրդային Միության ադմիրալ Իսակովը: Ինձ համար մեծ պատիվ է, որ վերոնշյալ քաղաքի հիմնադիրը ադմիրալ Սերեբյակովն է: Այդ քաղաքի ազատագրման համար, Սովետական Միությունից հերոսի կոչման են արժանացել 10 հոգի, որից երկուսը հայ են` Հունան Ավետիսյանը եւ Ժան Կարախանյանը": Հպարտանալով իր շքանշաններով` նա սիրով ներկայացրեց, որ արժանացել է նաեւ Աշխատանքային արիության, Հունան Ավետիսյանի անվան, ինչպես նաեւ ՀՀ Պն-ի կողմից արժանացել է Մարշալ Բաղրամյան մեդալներին:
Մեծ հայրենականի մասնակիցը պատերազմն ավարտվելուց հետո ընդունվել է Երեւանի պետական համալսարանի պատմալեզվաբանական ֆակուլտետը, որն էլ ավարտելուց հետո երկար տարիներ աշխատել է մանկավարժ. "Ունեմ 42 տարվա մանկավարժական ստաժ` աշխատել եմ մեր գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում, որից 24 տարին եղել եմ նույն դպրոցի տնօրենը: Արժանացել եմ Վրաստանի Հանրապետության վաստակավոր ուսուցչի կոչմանը": Մեր զրուցակիցը մեծ հաջողություններ ունի նաեւ անձնական կյանքում. "Ինչ խոսք, ամուսնացել եւ ունեցել եմ չորս երեխա` երկու տղա, երկու աղջիկ. նրանք եւս ունեն բարձրագույն կրթություն: Հիմա ունեմ 9 թոռ` 7 տղա, երկու աղջիկ` նույնպես բարձրագույն կրթությամբ":
90-ամյա ՍԻՄ-ականի պնդմամբ` Հայրենական պատերազմում հաղթեց ժողովրդի քաջագործությունն ու միասնականությունը, սերն առ հայրենիք. "Ճիշտ է, թշնամին շատ հզոր էր, մենք շատ մեծ կորուստներ ունեցանք, բայց ունեցանք մեծ հաղթանակ, որտեղ մեծ ներդրում ունեցավ հայ ժողովուրդը, տվեց 60-ից ավել գեներալ, 4 մարշալ ու շատ հերոսներ: Կռվելով գերմանացիների դեմ` մենք հաղթեցինք նաեւ թուրքերին, քանի որ նրանք սպասում էին, որ երբ Վոլգոգրադ քաղաքում պարտություն կրենք, նրանք նորից հարձակվեն մեզ վրա: Եվ հենց այդ միասնությունն էր նաեւ, որ մենք հաղթեցինք Արցախյան պատերազմում, քանի որ, ինչպես գիտեք, գտնվում ենք թշնամական շրջափակման մեջ: Ցավոք, նույն միասնականությունը մեր ժողովուդը չի դրսեւորել 1915 թվականին, որի համար մենք ունեցանք այն, ինչ ունեցանք":
"ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՆՔԻՑ ՏՎԱԾ ՊԱՐԳԵՎ Է"
Ի դեպ նշենք, որ չնայած իր տարիքին` մեր զրուցակիցը բավականին մեծ ակտիվությամբ հետեւում է քաղաքական անցուդարձին, եւ մեր այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Հայաստանի` ԵՏՄ անդամակցությանը` միագամից նշեց, որ պետք չէ մեկին տալ ավելի շատ տեղ, իսկ մյուսին էլ` վանել. "Ինչ խոսք, մեր հիմնական դաշնակիցը եւ բարեկամը Ռուսաստանն է, բայց, այնուամենայնիվ, մենք կարող ենք դիվանագիտական լավ հարաբերություններ ունենալ նաեւ Եվրոպայի հետ: Մենք պետք է զարգացնենք մեր արդյունաբերությունը, պետք է ամեն ինչ անենք, որ արտագաղթ չլինի: Շատ ուրախ եմ, որ ապրում ենք անկախ Հայաստանում, իսկ անկախությունը երկնքից տրված պարգեւ է, ինչը հարկավոր է ամուր պահել, իսկ դա հնարավոր է միայն մեր տնտեսության զարգացման շնորհիվ, որպեսզի մարդիկ չլքեն մեր երկիրը",- իր խոսքն այսպես եզրափակեց Մեծ հայրենականի վետերանը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
