"ԱՆԳԱՄ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ ԲԱԺԱՆՄԱՆ ԼՈՒՐԵՐ ՉԵՄ ԼՍԵԼ ԱՐՑԱԽՈՒՄ"
Արխիվ 12-16ԲՀԿ պատգամավոր ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ որպես դիտորդ մեկնել է Արցախ` հետեւելու խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: "Իրավունքը" պատգամավորից պարզեց` ինչպես են անցել ընտրությունները Արցախում, արդյոք խախտումների ու լցոնումների ականատես եղել է նա: "Ես անձամբ եղել եմ Շուշիում, Ասկերանում, Աստղաշենում եւ մի շարք այլ բնակավայրերում, օրինակ, Խնձորեստանում եւ վստահաբար կարող եմ ասել` խախտումներ չեն եղել: "Լցոնում" հասկացությունը Արցախում ընդհանրապես չկա: Ամեն ինչ անցել է միասնականութան, օրինականության եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտում",- պատասխանեց պատգամավորը:
Փորձեցինք պարզել` այս պահի դրությամբ կարելի է մոտավորապես ասել` որ ուժերը կհաղթահարեն անցողիկ շեմը եւ կանցնեն խորհրդարան: Պատգամավորը չշտապեց հստակ պատասխանել. "Ես կսպասեմ արդյունքների հրապարակմանը: Այստեղ միակ հաղթողը Արցախի ժողովուրդն է":
Վահան Բաբայանի խոսքով` անգամ ընտրակաշառքի բաժանման մասին լուրեր Արցախում չի լսել: "Երեւի Երեւանում դա դժվար է պատկերացնել, բայց ես շատ կցանկանայի` մեզ մոտ էլ նման մակարդակի ընտրություններ լինեն",- եզրափակեց ԲՀԿ պատգամավորը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
