"ԱՄՆ-Ն ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԻԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՌԴ-Ի ԴԵՄ ԳԱԶԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ"
Արխիվ 12-16"ԱՄՆ-Ն ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԻԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՌԴ-Ի ԴԵՄ ԳԱԶԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ"
ՆՈՐ ԱՇԽԱՐՀԻ ՈՒՐՎԱԳԻԾԸ
Այս դրվագի առնչությամբ վերլուծաբանները հիմնական ուշադրությունը հրավիրում են հետեւյալ հանգամանքների վրա: Նախª համատեղ զորավարժությունների բուն փաստն արդեն իսկ ցույց է տալիս, որ Ռուսաստանն ու Չինաստանը տնտեսական եւ քաղաքական հարաբերությունների ներկայիս ջերմ մակարդակը տեղափոխում են նաեւ ռազմական ոլորտ: Հետո. այդ ցուցադրական համատեղ զորավարժություններն իրականացնելով միջերկրածովյան այդ կարեւորագույն տարածաշրջանում, այսինքնª միաժամանակ Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի քթի տակ, ի ցույց են դնում, թե այդ ջերմացող ռազմական հարաբերություններն ինչ ուղղվածություն ունեն: Առավել եւս, որ դրան պետք է գումարել մեկ գործոն եւս. վերջերս Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի պաշտպանությունների նախարարների հանդիպման ժամանակ առաջ քաշված եռակողմ ամենասերտ ռազմական համագործակցության գաղափարը: Այսինքնª ռուս-չինական այդ զորավարժությունները հուշում են, որ այդª Ռուսաստան-Իրան-Չինաստան ռազմական համագործակցությունն աստիճանաբար սկսում է գործնական տեսք ստանալª բնականաբար փորձելով հակակշռել ՆԱՏՕ-ին:
Թե ինչն է պարտադրում այդ երեք երկրներինª գնալ մինչեւ իսկ ռազմական դաշինքի, դժվար չէ տեսնել: Իրանն առանց Ռուսաստանի ռազմաքաղաքական աջակցության` վաղուց էր հայտնվել Սիրիայի եւ Իրաքի վիճակում: Սակայն տնտեսական աջակցություն Մոսկվան չի կարող ապահովել, ուստիեւ Իրանի համար առանցքային է նաեւ Պեկինի հետ կապը: Մյուս կողմից էլª Իրանն այն կարեւորագույն օղակն է, որը հնարավորություն չի տալիս Վաշինգտոնինª լայն ճակատով ներթափանցել դեպի Կենտրոնական Ասիաª Ռուսաստանի եւ Չինաստանի շփման միջանկյալ գոտի: Ռուսաստանը նույնպես Վաշինգտոնի թիրախում է, սակայն իր հերթին ծանր վիճակում կհայտնվի առանց չինական տնտեսական աջակցության, իսկ առանց Իրանիª կզրկվի Մերձավոր Արեւելքում եւ Հնդկաստանի ուղղությամբ իր նոր-նոր կայունացող ռազմավարական դիրքերից: Եվ, վերջապես, հենց Չինաստանն է ԱՄՆ-ի թիվ մեկ վտանգըª համաշխարհային տնտեսական լիդերի իր հավակնություններով: Սակայն առանց ռուսական ռազմական տեխնոլոգիաների եւ իրանական նավթիª Պեկինը Վաշինգտոնին դիմակայելու լուրջ շանսեր հազիվ թե ունենա:
Իհարկեª նման ռազմական դաշինքը մահացու վտանգ է ԱՄՆ-ի, համենայնդեպսª նրա ներկայիս համաշխարհային կարգավիճակի համար: Մինչդեռ մի քանի տարի առաջ էր սկսել տեսանելի դառնալ նման դաշինքի, ավելի կոնկրետª Ռուսաստան-Չինաստան-Հնդկաստան-Իրան առանցքի ստեղծման հեռանկարը: Վաշինգտոնը, իհարկե, այդ ժամանակահատվածում փորձեց կանխել այդ վտանգը, սակայն ներկայիս իրողությունները հուշում են, որ չհաջողվեց: Եվ հիմա օրակարգային են դարձել այն հարցերը, թե արդեն հստակորեն ուրվագծվող այդ առանցքն ինչ ազդեցություն է ունենալու այդ հսկայական տիրույթում գտնվող մյուս երկրների, այդ թվումª ամենասուր հատվածներից մեկի` Հայաստանի, հարավկովկասյան տարածաշրջանի եւ Թուրքիայի վրա:
ԻՆՉՔԱՆՈՎ Է ՌԵԱԼ ԱԼԻԵՎԻ ԵՐԱԶԱՆՔԸ
Վերջին հարցի պատասխանը, իհարկե, կախված է նաեւ մեկ էական գործոնիցª այս նոր ջրբաժանումում որն է լինելու Եվրոպայի վերջնական դիրքորոշումըª շարժվել ժամանակին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջ քաշած միասնական Եվրասիայի ծրագրո՞վ, թե փորձել հավատարիմ մնալ ամերիկյան աշխարհակալության մոդելին: Այն փաստը, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եթե ոչ մայիսի 9-ին, ապա 10-ին կայցելի Մոսկվա, իհարկեª հուշում է, որ վաշինգտոնյան տարաբնույթ վետոներն արդեն ամենեւին էլ երբեմնի անառարկելի ազդեցությունը չունեն Եվրոպայում: Եթե դրան ենք ավելացնում Հայաստանում տեղի ունեցած Պուտին-Օլանդ բավականին պերճախոս հանդիպումը, ինչպես նաեւ, որ Մերկելի մոսկովյան այցելության պահին այնտեղ են լինելու նաեւ Չինաստանի ու Հնդկաստանի առաջնորդները, կարելի է կռահել, որ միասնական Եվրասիայի գաղափարն ավանդական Եվրոպայի կողմից այս պահին էլ միանշանակ կընդունվեր, եթե, իհարկե, չլիներ Վաշինգտոնի գործոնը: Նկատի ունենք, որ թեեւ եվրոպական առաջատար երկրների նկատմամբ Վաշինգտոնի երբեմնի անառարկելի հեղինակությունը ակնհայտորեն որոշակի ճաքեր է տվել, սակայն համաեվրոպական կառույցների նկատմամբ վերահսկողությունը դեռ բավականին հստակ է:
Եվ այս իրավիճակը տեղայնացնելով մեր տարածաշրջանում, նկատենք, որ նույն համաեվրոպական կառույցներն այս օրերին շարունակում են ակտիվորեն առաջ տանել Ադրբեջանից Թուրքիայով էներգակիրների տեղափոխման հին հակառուսական ծրագրերը: Այսպես` օրերս Աշխաբադում Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչի մասնակցությամբ Թուրքմենստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցած քննարկումները ցույց տվեցին, որ ադրբեջանական այդ խնդրի լուծման համար ադրբեջանական գազի ակնհայտ անբավարարության հարցը լուծելու համար նորից փորձ է արվում դրան կցել Կենտրոնական Ասիայիª թուրքմենական գազը: Ընդ որում, նաեւ այն տարբերակով, որ խողովակաշարը կարող է անցնել Իրանով: Այսինքնª միաժամանակ բոլոր պատժամիջոցները չեղյալ համարելու եւ Եվրոպա գազ մատակարարելու հեռանկարներով հրապուրելովª կարելի է Թեհրանին հեռու պահել Մոսկվայի եւ Պեկինի հետ հարաբերությունների հետագա խորացումից: Թեեւª Աշխաբադում Իրանի բացակայությունը հուշում է, որ Թեհրանը ռուսական C-300-ներն ավելի է կարեւորում, քան անցյալում քանիցս ձախողված նման գազային ծրագրերը:
Ամեն դեպքում, թե ինչքանով է իրատեսական Թուրքմենստան-Իրան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Եվրոպա երթուղով գերթանկարժեք գազատարի կառուցումը, ով ռիսկ կանի այն ֆինանսավորել, ինչքան գազ կտեղափոխվի ¥ԵՄ-ը խոսում է տարեկան 120 մլրդ խմ-ից, մինչդեռ Ադրբեջանը եւ Թուրքմենստանն ակնարկում են միայն 10-ական մլրդ խմ-ի հնարավորության մասին¤, ինչ ինքնարժեք կունենա նման հեռավորություններ տեղափոխված գազը եւ մրցակցային ինչ համեմատության մեջ կգտնվի ռուսական գազի հետ, թողնենք մասնագետներին, թեեւ նրանց նախնական գնահատականներովª էս գլխից էլ այդ համեմատությունը ռուսական գազի օգտին է: Ավելինª մի շարք մասնագետներ էլ "ֆանտազիա", "անիմաստ երազանք", "Ռուսաստանի նկատմամբ քաղաքական դատարկ սպառնալիք", "ռուսներին պարզապես այս կերպ փորձում են ստիպել հրաժարվել "Թուրքական հոսքից" եւ օրակարգից չհանել Ուկրաինայով Եվրոպա գազամատակարարման ծրագիրը" արտահայտություններով են բնութագրել Շեֆչովիչի այն հայտարարությունը, թե. "2019 եւ 2020 թվականներին Ադրբեջանից դեպի Եվրոպայի սահմաններ բոլոր այդ գազամուղներըª Հունաստանի, Ալբանիայի, Իտալիայի ուղղություններով, պետք է կառուցված լինեն":
Սակայն Հայաստանի համար դա չէ էականը, թեեւ տեսականորեն, եթե այդ գազատարը կառուցվի, այն Ադրբեջանին կդնի մեր համեմատ շատ ավելի շահեկան տնտեսական վիճակում: Եվ ահա այդ առումով պատահական չէ նախագծի նկատմամբ Իլհամ Ալիեւի ցուցաբերած ծայրահեղ ոգեւորությունը. "Երբ Հարավային գազային միջանցքի շինարարությունն ավարտվի, մենք կլինենք Եվրոպայի եւ մեր հարեւանների էներգակիրների մատակարարն առաջիկա 100 տարիներին...": Թեեւ նրա միաժամանակ հնչեցրած այն միտքը, թե նախագծի իրականացման համար "կպահանջվի 45 միլիարդ դոլար", թերեւս ավելի շուտ նրան պետք է սթափեցներ: Բայց ամենաէականը, որ առաջ է գալիս այս իրավիճակից, դա այն է, որ այսպիսով, ըստ էության, Բաքուն ոտով-գլխով մտնում է ԵՄ-ի, ավելի ճիշտª Վաշինգտոնի կողմից Մոսկվային հասցեագրված այս մեծ մարտահրավերի տակ:
Իհարկեª Ալիեւը կփորձի բացահայտ թշնամական այս ֆոնը փոխելª մայիսի 9-ի մոսկովյան շքերթին ադրբեջանական զորախմբին տանելով: Սակայն դժվար թե հաջողվի, հաշվի առնելով, որ ռուսական լրատվամիջոցներով արդեն իսկ շրջանառվում է հետեւյալ տեսակետը. "ԱՄՆ-ն ու Ադրբեջանը միավորվել են Ռուսաստանի դեմ գազային պատերազմում": Իսկ թե այդ տեսակետն ինչ է խոստանում Բաքվին, թերեւս ամենամոտ ապագայում կտեսնենք:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
