ԱՐՑԱԽԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ՈՉ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԴԱՇԻՆՔ ԿԿԱԶՄԵ՞Ն
Արխիվ 12-16Մայիսի երեքին Արցախում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Նախնական տվյալների համաձայն` անցողիկ շեմը հաղթահարել են` "Ազատ հայրենիք" կուսակցությունը` 47%,"Արցախի ժողովրդավարական կուսակցությունը"` 19%, "Հայ հեղափոխական դաշնակցություն" կուսակցությունը` 19%, "Շարժում-88" կուսակցությունը` 6.5%, "Ազգային վերածնունդ" կուսակցությունը` 5%-ի շեմին է: "Շարժում-88" կուսակցությամբ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու, ազատամարտիկ ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՑ, ով մեծամասնական ընտրակարգով առաջադրել էր իր թեկնածությունը Ասկերանի 5-րդ ընտրատարածքում եւ հաղթահարել անցողիկ շեմը "Իրավունքը" հետաքրքրվեց, թե ինչպես են անցել ընտրությունները: "Ընտրություններն Արցախում անցել են հանդարտ, հանգիստ մթնոլորտում: Խախտումներ մեր կողմից չեն գրանցվել, լցոնումներ, վարչական ռեսուրսի կիրառում եւս չենք արձանագրել: Ընտրությունների անցկացումը գնահատում ենք բավարար",- ասաց Վ. Բալասանյանը:
–Պրն Բալասանյան, սպասելի՞ էր, որ "Շարժում-88" կուսակցությունը, ըստ նախնական տվյալների, 6,5% ձայն կստանա:
– Դե ընտրողներն են այդպես որոշել: Ես ի՞նչ կարող եմ ասել: Ամեն մեկն էլ ուզում է հաղթել, բայց դե ի՞նչ կարող ենք անել: Ընտրողներն այդպես են որոշել:
– Տպավորությունն այնպիսին է, որ Արցախի խորհրդարանում ստեղծվել է իշխանության եւ ոչ իշխանական ուժերի հավասարակշռություն:
– Այո, այդպես է:
– Հնարավո՞ր է խորհրդարան անցած ոչ իշխանական ուժերը դաշինք կազմեն:
– Դա կորոշվի, երբ կձեւավորվի ազգային ժողովը: Հիմա այդ մասին ոչինչ չեմ կարող ասել:
– Որպես մեծամասնականով առաջադրված եւ հաղթած թեկնածու` Արցախի խորհրդարանում ի՞նչ խնդիրներ եք բարձրաձայնելու:
– Հիմնականում աշխատելու եմ Արցախի անվտանգության ամրապնդման ուղղությամբ, ինչպես նաեւ բարձրաձայնելու եմ սոցիալական բազմաթիվ չլուծված խնդիրներ:
– Փաստորեն կարո՞ղ ենք արձանագրել, որ Արցախը ժողովրդավարական մակարդակով ընտրություններ անցկացրեց:
– Այո: Ավելին ասեմ` որպես մեծամասնականով առաջադրված թեկնածու` ես վստահված անձինք չեմ ունեցել, բայց արդարացվել է նրանց չլինելը, քանի որ ընտրական հանձնաժողովները լուրջ են վերաբերվել ընտրական գործընթացին` հատկապես հաշվարկներ կատարելիս: Այս մշակույթը պետք է Հայաստանում էլ մտցվի:
– Որպես ոչ իշխանական ուժի ներկայացուցիչ, ըստ էության գո՞հ եք Արցախի իշխանությունից:
– Այո: Մենք տեսնում ենք, որ քաղաքական նոր մշակույթ է ձեւավորվել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
