ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՍՐՃԱՐԱՆ ԿԱՄ ՌԵՍՏՈՐԱՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՆՄԱՆ ՄԻ ԲԱ՞Ն Է
Արխիվ 12-16
Ապրիլի 23-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել էր, որ նախկին նախագահը չի կարող ապրիլի 24-ին լինել Հայաստանում` արտերկրում վիրահատվելու պատճառով: Նախկին նախագահն արդեն Հայաստանում է եւ ինչպես "Իրավունքին" տեղեկացրեց Ռ. Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, պրն Քոչարյանի առողջական վիճակը շատ լավ է: "Շնորհակալ եմ անհանգստության համար",- ասաց պրն Սողոմոնյանը:Թե կոնկրետ ինչ վիրահատություն է ունեցել նախկին նախագահը, մամլո խոսնակը դժվարացավ հստակ պատասխանել. "Բժշկական տերմինները չեմ ճշտել: Բարդ վիրահատություն չէր, բայց պետք էր վիրահատվել: Վիրահատությունից հետո պրն Քոչարյանը վերադարձել է Երեւան":
Արդյոք վիրահատությունից հետո` ուշացումով, նախկին նախագահը այցելե՞լ է Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: "Ամեն օր էլ հնարավոր է, ամեն օր էլ կարող է գնալ Ծիծեռնակաբերդ: Ես հարցի իմաստը չեմ հասկանում",- ասաց պրն Սողոմոնյանը:
Հետաքրքիր է, մի՞թե Ռոբերտ Քոչարյանի վիրահատությունը պետական գաղտնիք է, որ այդպես էլ հստակ պատասխան չի տրվում մամլո խոսնակի կողմից: Կամ ի՞նչ է նշանակում` ամեն օր էլ կարող է նախկին նախագահը այցելել Ծիծեռնակաբերդ, այն դեպքում, երբ տասնյակ երկրներից բարձրաստիճան պաշտոնյաներ էին եկել Հայաստան` իրենց հարգանքի տուրքը մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին: Տպավորությունն այնպիսին է, որ Ծիծեռնակաբերդ այցելելը նախկին նախագահի համար սրճարան կամ կինոթատրոն գնալու նման մի բան է: Երբ քեֆը տա, այն ժամանակ էլ կայցելի:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
