ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՍԱՀՄԱՆԸ ՀԱՏԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ԱՊԱՍՏԱՆ Է ՀԱՅՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
Արխիվ 12-16ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՍԱՀՄԱՆԸ ՀԱՏԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ
ԱՊԱՍՏԱՆ Է ՀԱՅՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
Ապրիլի 25-ին Հայաստան-Իրան սահմանն ապօրինաբար հատած 1992 թվականին ծնված իրանցի զինծառայողը, որին հայտնաբերել եւ հայկական կողմին էին հանձնել ռուս սահմանապահները, ապաստան է հայցում Հայաստանի Հանրապետությունից: Այս մասին "Իրավունքի" հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ԱԻ նախարարության Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը: "Նա դավանափոխության հիմքով է ապաստան հայցում եւ դիմել է ՀՀ իշխանություններին: Միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից համապատասխան ընթացակարգի համաձայն` ուսումնասիրություններն ավարտելուց հետո, եթե համոզմունք ծնվի, թե երկյուղ կա, որ դավանափոխության պատճառով նա հալածանքների կենթարկվի, այդ դեպքում նյութերի համադրման արդյունքում համապատասխան որոշում կկայացվի",- ասաց Գ. Եգանյանը:
Միգրացիոն ծառայության պետի տեղեկացմամբ` տարեկան 400-ից 500 ապաստան հայցող է դիմում Հայաստանի իշխանություններին, եւ այս դեպքը հերթական դեպքերից մեկն է եւ չի կարող երկու երկրների միջեւ դիվանագիտական կոնֆլիկտի պատճառ դառնալ:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
