ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ԵՐԵՎԱՆԻՑ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
Արխիվ 12-16ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ԵՐԵՎԱՆԻՑ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
Եվ այսպես, ՀՀ ներքաղաքական դաշտում բավականին հանդարտ վիճակ է: Կա որոշակի բանավեճ Սահմանադրական բարեփոխումների շուրջ, ընդ որում` միակ քաղաքական ուժը, որը կատարյալ ժխտողականությամբ է մոտենում դրանց, ՀԱԿ-ն է, այն էլ ՀԱԿ խմբակցության ոչ բոլոր անդամներն են կիսում Տեր-Պետրոսյան եւ Զուրաբյան Լեւոնների մոտեցումները: Ինչ վերաբերում է ծայրահեղ ընդդիմությանը` ի դեմս "Հիմնադիր խորհրդարանի", ապա ապրիլի 24-ը ապակայունացման օր դարձնելու նրանց ծրագիրն ամբողջովին տապալվեց:ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ
ԱՐՑԱԽՈՒՄ
"Հիմնադիր խորհրդարանի" ղեկավարները Ժիրայր Սէֆիլյանի գլխավորությամբ երեկ ազատ արձակվեցին` խափանման միջոցը փոխելու հիմքով: Դե պարզ է, ապրիլի 24-ից հետո նրանց կալանքի տակ պահելը դարձել էր աննպատակահարմար, քանզի ներքաղաքական իրավիճակի ապակայունացում եւ զանգվածային անկարգությունների հրահրում նրանք ի վիճակի էին իրականացնել միայն ապրիլի 24-ին: Իսկ այժմ նրանք առավելագույնս ընդունակ են մինի հանրահավաքների, եւ բացի այդ, գտնվելով ազատության մեջ, այլ ընդդիմադիրների պաշտպանության սուբյեկտից միանգամից վերածվում են նույն ընդդիմադիրների քննադատության թիրախի:
Մինչ Երեւանում ընդդիմադիր ակտիվությունը ձգտում էր զրոյի, Ստեփանակերտում ընդհակառակը` ԼՂՀ ԱԺ ընտրությունների կապակցությամբ բավականին մեծ մրցակցություն ծավալվեց: Ընտրություններին մասնակցեցին 7 կուսակցություն, որոնցից 5-ը տեղ են գտնելու խորհրդարանում:
Ընդ որում, ձայները բաշխվեցին հետեւյալ կերպ. "Ազատ հայրենիք" կուսակցությունը ստացել է 32 հազար 632 ձայն կամ 47,35 տոկոս, "Արցախի ժողովրդական" կուսակցությունը` 13 հազար 105 ձայն կամ 19,01 տոկոս: ՀՅԴ-ին կողմ է քվեարկել 12 հազար 965 ընտրող կամ ընտրողների 18,81 տոկոսը, "Շարժում- 88" կուսակացությանը` 4777 ընտրող կամ 6,93 տոկոսը, "Ազգային վերածնունդ" կուսակցությանը` 3709 ընտրող կամ ընտրողների 5,38 տոկոսը, Կոմունիստական կուսակցությունը ստացել է 1136 ձայն կամ ձայների 1,65 տոկոսը, "Խաղաղություն եւ զարգացում" կուսակցությունը ` 591 ձայն կամ 0,86 տոկոս:
Ինչ վերաբերում է ընտրությունների կազմակերպմանը, ապա բոլորը միաձայն ամենաբարձր գնահատականն էին տալիս` դիտորդներով սկսած, ՀՀ իշխանական եւ ընդդիմադիր գործիչներով վերջացրած: Ընդհանուր տոնայնությունը, որ հնչել էր դիտորդների գնահատականներում, փաստացի լեգիտիմացնում է այդ ընտրությունները, սակայն ռեալ, իրավաբանորեն ճանաչում եղավ միայն չճանաչված պետությունների կողմից: Արցախի ներսում էլ բոլորը, բացառությամբ "Ազգային վերածնունդ" կուսակցության առաջնորդ Հայկ Խանումյանի, ընտրությունները գնահատել են չեզոք կամ դրական:
Ու թեեւ Արցախի ընդդիմությունը հիմնականում կառուցողական է, այնուամենայնիվ, այժմ հենց Ստեփանակերտում է կատարվում արմատականության սերմնացանը: Այն, ինչ չի ստացվել Երեւանում, աստիճանաբար փորձում են արմատավորել Արցախում:
ԱՐՑԱԽՅԱՆ ԳՐԱՆՏԱԿԵՐՆԵՐԸ ԵՎ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Ինչպես արդեն նշեցինք, ընտրությունների վերաբերյալ Ստեփանակերտում բացասաբար էր արտահայտվել միայն Հայկ Խանումյանը. "Նախընտրական քարոզարշավը ցույց տվեց, որ իշխանությունները պատրաստ են ամեն ինչ անել` սեփական վերարտադրությունն ապահովելու համար: Մենք իշխանություններին չենք վստահում",- Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր "Ազգային վերածնունդ" կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը:
"Երբ ասում եմ խախտումներ, խոսքը թե՛ ոչ հավասար լուսաբանման մասին է, թե՛ ԱԱԾ-ի կողմից ամենաայլանդակ միջամտությունների մասին է",- իր խոսքը շարունակեց նա:
Իսկ թե ինչ է իրենից ներկայացնում այդ գործիչը եւ համապատասխանաբար` նրա թիմը, պատկերավոր ասած, դա Արցախի Սաքունցն է: Տարիներ շարունակ նա հայտնի է բազում սկանդալային պատմություններով, ու թերեւս միակն է, ով փորձում է Արցախում արմատավորել պատերազմող երկրամասին հակացուցված, այսպես կոչված, "արեւմտյան արժեքները"` նրանց քայքայիչ բաղադրիչով:
Այն, որ նա ընտրված համարվեց անցողիկության սահմանագծին` 5 տոկոսի շեմի վրա, թերեւս պետք է համարել քաղաքական որոշման արդյունք: Ու թեեւ Արցախում ամբողջ ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր դաշտը նրան վերաբերվում է բացասաբար, հարց է ծագում` իսկ ո՞վ նրան տեր կանգնեց, որպեսզի ԼՂՀ ԱԺ անցնելու քաղաքական որոշում կայացվի: Դժվար թե, դա թելադրված լիներ պաշտոնական Երեւանից, քանզի որեւէ գրանտակերին Ստեփանակերտում լծակներով օժտելը, մեղմ ասած, ոգեւորիչ հանգամանք չէ: Սեփական հեղինակություն վայելելու ու դրա շնորհիվ մանդատն ինքնուրույն նվաճելու մասին խոսելը նույնպես անլուրջ է:
Հիշենք, որ լրատվական դաշտում շրջանառվում էին լուրեր, որ ստվերային աջակցությամբ նրան ապահովում էր Ռոբերտ Քոչարյանը: Եվ իրոք, ՀՀ երկրորդ նախագահը, որ ոչ այնքան վստահելի պատրվակով փաստացի արհամարհել էր Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները, հանկարծ որոշում է հրապարակավ երեւալ Արցախի ընտրությունների կապակցությամբ եւ պաշտոնապես շնորհավորել ԼՂՀ նախագահին` ընտրությունների կապակցությամբ: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հաղորդմամբ` Քոչարյանը շնորհավորել է Բակո Սահակյանին եւ բոլոր արցախցիներին` ազատ եւ արդար խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ, ընգծել դրանց կարեւոր նշանակությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետականության կայացման եւ ժողովրդավարության ամրապնդման գործում:
Այսինքն, ինչքան է նա շահագրգռված եղել այդ ընտրություններում: Ու թեեւ ԼՂՀ ԱԺ-ում ընտրությունների արդյունքով առկա է կայուն իշխանական մեծամասնություն, այնուամենայնիվ, նման է, որ Ռոբերտ Սեդրակիչին հաջողվել է Ստեփանակերտի քաղաքական դաշտում իր համար ոտատեղ ապահովել: Ճիշտ է, այդ ոտատեղը ներկայացված է բավականին հակակրելի ֆիգուրով, բայց, այնուամենայնիվ, չեղածից լավ է: Քանզի Երեւանում դրա չափ էլ հենարան չկա:
Դե, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը Արցախում քիթը չխոթեց զուտ այն պատճառով, որ նախ այնտեղ նրա հեղինակությունը եւ ազդեցությունը զրոյական է, եւ երկրորդը` նույնիսկ ՀՀ առաջին նախագահի պնդերեսության հսկայական պաշարը դրա համար բավարար չէր:
Ինչեւէ, հենց այս պահին առայժմ ապակայունացման վտանգ Ստեփանակերտում չկա, բայց դա չի նշանակում, որ ապագայում նման բան բացառված է: Չէ՞ որ արմատականության սերմեր ցանողներ արդեն կան:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
