"ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՀԱԿԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆ, ՈՉ ԹԵ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ"
Արխիվ 12-16Գրեթե մեկ ամիս առաջ միջազգային վարկանիշային կազմակերպության 2015 թվականի առաջին կիսամյակի վարկանիշային ցուցակում` որպես հոգեւոր ժառանգություն, ընդգրկվեց նաեւ ԼՂՀ-ի Մարտակերտի շրջանի Գանձասար վանական համալիրը: Այդ առթիվ "Իրավունքի" հետ զրույցում ԼՂՀ կառավարությանն առընթեր Զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետ ՍԵՐԳԵՅ ՇԱՀՎԵՐԴՅԱՆՆ ուրախությամբ նշեց, որ այն հաճելի լուր է իրենց համար: Այս գործում մեծ ներդրում է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:
-Շնորհակալ ենք պարոն Բաբուխանյանին. որքան վարկանիշային գործակալությունները Ղարաբաղը ներառեն իրենց ուսումնասիրությունների մեջ, այնքան լավ մեզ համար: Հատկապես, որ հուշարձանների ոլորտում Գանձասարի վանական համալիրը ներառել են որպես հայկական մշակութային ժառանգության նմուշներից մեկը: Մենք պիտի շարունակենք հուշարձանների հանրահռչակման գործընթացը` բոլոր հնարավոր միջոցներով, որովհետեւ դա նաեւ որոշակիորեն նշանակում է երկրի միջազգային ճանաչմանը աջակցող գործոն: Մենք այդպես նաեւ քարոզում ենք երկիրը` որպես զբոսաշրջային գրավչություն ներկայացնող երկիր:
"ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՎԵՐՈՒՄԸ ՍԿՍՎԵԼ Է ԱՐՑԱԽԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՕՐՎԱՆԻՑ"
-Պարոն Շահվերդյան, Ղարաբաղյան կռվից հետո շա՞տ կան վթարված հուշարձաններ:
- Արցախի հուշարձանների ավերումը սկսվել է ոչ թե պատերազմի, այլ Արցախը Ադրբեջանի կազմի մեջ մտնելու օրվանից: Մեր հուշարձանների 90 տոկոսը շտապ միջամտության կարիք ունի: Խորհրդային Ադրբեջանի ժամանակաշրջանում բազմաթիվ հուշարձաններ ուղղակի ավերվել են` հետք չի մնացել, իսկ մյուսներին որեւէ ուշադրություն չի դարձվել: Մի շարք հուշարձաններ էլ վերածվել էին անասնագոմերի ու պահեստների` իր բոլոր հետեւանքներով: Եթե ՀՀ-ի տարածքում` սկսած 1918 թվականից, Հայաստանի Առաջին հանրապետության հռչակումից մինչեւ այսօր, հուշարձանների պահպանության համար տարվում է խնամք, ապա մեզ մոտ ճիշտ հակառակն էր, այդ նույն ժամանակաշրջանում պետական քաղաքականությունը միտված էր հուշարձանների ավերմանը, որի հետեւանքով այսօր ունենք այն, ինչ ունենք: ԼՂՀ-ի կառավարությունը բավականին մեծ ջանքեր է ներդնում` հուշարձանների պահպանությունը բարելավելու համար: Այդ առումով շարունակական տարվում են հուշարձանների վկայագրման, հայտնաբերման, պահպանման, պետական ցուցակների կազմման գործընթացները, որոնք ընթանում են մոտ տասը տարի եւ դեռ չեն ավարտվել: Այն իրականացվում է նաեւ հուշարձանների հնագիտական հետազոտությունների տարբերակով, ինչը ամենակարեւոր աշխատանքներից մեկն է, որի արդյունքում հայտնաբերվեց Արցախի Տիգրանակերտը, որը հուշարձանների ուսումնասիրման եւ պահպանման ոլորտում է: Մյուս խնդիրը հուշարձանների վերականգնման աշխատանքն է: Այստեղ իհարկե ամբողջ պետական բյուջեն չի կարող բավարարել` գործը նորմալ կարգավորելու համար: Մենք ամեն տարի մի քանի հուշարձան վերականգնում ենք. դրանով փորձում ենք գոնե ապահովել մեզ հասած հուշարձանների փոխանցումը` հաջորդ սերունդներին:
"ՈՐ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑԻ ԴԱՌՆԱ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՀԱԿ"
-Արցախի խորհրդանիշ դարձած Տատիկ-պապիկի արձանը հաճախ է հայտնվում քաղաքացիների ու զբոսաշրջիկների հուշեր թողնելու թիրախում...
- Դա հուշարձանների պահպանության ոլորտի խնդիր չէ, պետությունը չի կարող յուրաքանչյուր հուշարձանի կողքին պահակ դնել: Դա ավելի շատ մշակութային դաստիարակչական ոլորտի խնդիր է, որն անդրադառնում է հուշարձանների պահպանության վրա: Մարդկանց մեջ ձեւավորված չէ հանրային վերաբեմունք` հուշարձանի նկատմամբ, եւ դա մեր լուծելիք խնդիրներից ամենախոշորն է: Իհարկե, հիմա փոխվել է վիճակը, այսօր այդ արտառոց դեպքերը չկան` ձեր հիշատակած արձանի եւ այլ հուշարձանների հանդեպ, բայց ամեն դեպքում, այդ խնդիրը գոյություն ունի ոչ միայն Ղարաբաղում, այլ ամբողջ Հայաստանում: Հուշարձանի պահակը պետք է դառնա երկրի քաղաքացին, ոչ թե պետությունը: Ես հնարավոր բոլոր ամբիոններն օգտագործում եմ, որպեսզի կոչ անեմ հասարակությանը, որ հուշարձանին վերաբերվեն որպես իրենց սեփականության, որ յուրաքանչյուր քաղաքացի դառնա հուշարձանի պահակ: Այլապես, շատ արագ կկորցնենք այն, ինչ մեզ փոխանցել են մեր նախնիները:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
