ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է. «ԹՈՒՐՔ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ ԵՍ ՉԵՄ ՀՐԱՎԻՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ»
Արխիվ 12-16ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է. «ԹՈՒՐՔ
ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ ԵՍ ՉԵՄ ՀՐԱՎԻՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ»
«Իրավունքը» մայիսի մեկին «Պատգանավորի ինքնագլխության պատասխանը. չի բացառվում Թուրքիան ուղղորդում է թուրք «անկեղծ» գործիչներին» վերտառությամբ հոդված էր տպագրել, որտեղ անդրադարձել էր մի քանի թուրքերի «հայամետ» հայտարարություններին եւ նախկին ԲՀԿ-ական Արագած Ախոյանի` նրանց Հայաստան հրավիրելուն: Պատգամավորը, սակայն, վերոնշյալ հոդվածի առնչությամբ ներկայացրեց իր պարզաբանումը ասելով, որ թուրքերին Հայաստան հրավիրել է ոչ թե ինքը, այլ պետությունը`մասնավորապես, պետական ծրագրերի շրջանակներում: «Եթե նկատեցինք, նրանք ունեցել են բեյջեր եւ եղել հրավիրվածների ցանկում: Այնպես որ այդ «ինքնագլուխ» բառն ինձ չի վերաբերում, այլ վերաբերում է նման մտքերին հայտնողներին, որոնք ցանկանում են պղծել»,-վրդովված ասաց պատգամավորը:
«Վերադարձ» հիմնադրամը , որի մասին եւս անդրադարձել է «Իրավունքը», այս յոթ տարիների ընթացքում գործունեություն ծավալել է Արագած Ախոյանի անձնական միջոցների հաշվին: ««Վերադարձ» հիմնադրամի բացման արարողության ժամանակ ոչ ոք նման միտք չի հայտնել (նկատի ունի այն, որ հիմնադրամի բացմանը ներկա գտնվողները մտավախություն ունեն, որ հիմնադրամը կարող է սնվել թուրքական իշխանություններից-խմբ.): Դա, երեւի, ինչ-որ մեկի վառ երեւակության արդյունքն է կամ «ոչ մի բարեգործ անպատիժ չի մնում սկզբունքով գրված ինչ-որ բան է»,- ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է արեւմտահայոց ազգային խորհրդի համագումարի քարտուղար Սեւակ Արծրունու այն հայտարարությանը, որ թուրք գործիչներին Հայաստան հրավիրելը եղել է Արագած Ախոյանի անձնական ցանկությունը, մեր զրուցակիցը դա եւս հերքեց. «Արեւմտահայոց ազգային խորհրդի համագումարի նախագահը`Սուրեն Սերայտարյանը, ապրիլի 23-ի ֆորումին մասնակցում էր»:
Անդրադառնալով ԳԱԱ հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանի պարզաբանումներին, թե չի բացառվում, որ թուրք գործիչները թուրքական իշխանությունների պատվերն են կատարում ( հիմք ընդունելով «Արեւմտյան Հայաստանը մեր ընդհանուր հայրենիքն է, քանի որ փոխվել է Արեւմտյան Հայաստանի բնակչության կազմը» եւ ««Օսմանյան հայերի թոռներ» արտահայտությունները)` պատգամավորը հստակ պատասխան չտվեց. «Հարգանքով եմ վերաբերվում Արմեն Մարուքյանին: Ո՞վ չգիտի, որ մենք գործ ունենք լուրջ ապարատի ու մեխանիզմի հետ` ի դեմս թուրքական քարոզչության: Բայց ես չեմ առաջնորդվում «ոչինչ չանենք, որ չսխալվենք» սկզբունքով: Պետք է այսօր գործել, աշխատել: Իհարկե, իրերն իրենց անուններով կոչելով... նրանք շատ զգույշ են, քանի որ Թուրքիայում 301-րդ հոդվածն է գործում: Հիմա մեր նպատակը ո՞րն է`մտել ենք այգի, այգեպանին ծեծենք, թե՞ խաղող ուտենք»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
