ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՍՐՃԱՐԱՆ ԿԱՄ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՆՄԱՆ ՄԻ ԲԱ՞Ն Է
Արխիվ 12-16ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՍՐՃԱՐԱՆ ԿԱՄ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՆՄԱՆ ՄԻ ԲԱ՞Ն Է
Ապրիլի 23-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել էր, որ նախկին նախագահը չի կարող ապրիլի 24-ին լինել Հայաստանում արտերկրում վիրահատվելու պատճառով: Նախկին նախագահն արդեն Հայաստանում է եւ ինչպես «Իրավունք»-ին տեղեկացրեց Ռ. Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, պրն Քոչարյանի առողջական վիճակը շատ լավ է:
«Շնորհակալ եմ անհանգստության համար»,- ասաց պրն Սողոմոնյանը:
Թե կոնկրետ ինչ վիրահատություն է ունեցել նախկին նախագահը, մամլո խոսնակը դժվարացավ հստակ պատասխանել. «Բժշկական տերմինները չեմ ճշտել: Բարդ վիրահատություն չէր, բայց պետք էր վիրահատվել: Վիրահատությունից հետո պրն Քոչարյանը վերադարձել է Երեւան»:
Արդյոք վիրահատությունից հետո`ուշացումով, նախկին նախագահը այցելել է Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Ամեն օր էլ հնարավոր է, ամեն օր էլ կարող է գնալ Ծիծեռնակաբերդ: Ես հարցի իմաստը չեմ հասկանում»,- ասաց պրն Սողոմոնյանը:
Հ.Գ. Հետաքրքիր է, մի՞թե Ռոբերտ Քոչարյանի վիրահատությունը պետական գաղտնիք է, որ այդպես էլ հստակ պատասխան չի տրվում մամլո խոսնակի կողմից ու կարծում ենք դրա համար անհրաժեշտ չէ ունենալ բժշկական կրթություն: Կամ ի՞նչ է նշանակում` ամեն օր էլ կարող է նախկին նախագահը այցելել Ծիծեռնակաբերդ, այն դեպքում, երբ տասնյակ երկրներից բարձրաստիճան պաշտոնյաներ էին եկել Հայաստան հենց ամսի 24-ին, իրենց հարգանքի տուրքը մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին: Տպավորությունն այնպիսին է, որ Ծիծեռնակաբերդ այցելելը նախկին նախագահի համար սրճարան կամ կինոթատրոն գնալու նման մի բան է: Երբ քեֆը տա, այն ժամանակ էլ կայցելի՞:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
