ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԱՆԳԱՄ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ ԲԱԺԱՆՄԱՆ ԼՈՒՐԵՐ ՉԵՄ ԼՍԵԼ ԱՐՑԱԽՈՒՄ»
Արխիվ 12-16ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԱՆԳԱՄ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ ԲԱԺԱՆՄԱՆ ԼՈՒՐԵՐ ՉԵՄ ԼՍԵԼ ԱՐՑԱԽՈՒՄ»
ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը որպես դիտորդ մեկնել է Արցախ` հետեւելու խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: «Իրավունքը» պատգամավորից պարզեց` ինչպես են անցել ընտրությունները Արցախում, արդյոք խախտումների ու լցոնումների ականատես եղել է նա: «Ես անձամբ եղել եմ Շուշիում, Ասկերանում, Ասղաշենում եւ մի շարք այլ բնակավայրերում, օրինակ, Խնձորեստանում եւ վստահաբար կարող եմ ասել` խախտումներ չեն եղել: «Լցոնում» հասկացությունը Արցախում ընդհանրապես չկա: Ամեն ինչ անցել է միասնականութան, օրինականության եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտում»,- պատասխանեց պատգամավորը:
Փորձեցինք պարզել` այս պահի դրությամբ կարելի է մոտավորապես ասել` ուր ուժերը կհաղթահարեն անցողիկ շեմը եւ կանցնեն խորհրդարան: Պատգամավորը չշտապեց հստակ պատասխանել. «Ես կսպասեմ արդյունքների հրապարակմանը: Այստեղ միակ հաղթողը Արցախի ժողովուրդն է»:
Վահան Բաբայանի խոսքով` անգամ ընտրակաշառքի բաժանման մասին լուրեր Արցախում չի լսել: «Երեւի Երևանում դա դժվար է պատկերացնել, բայց ես շատ կցանկանայի` մեզ մոտ էլ նման մակարդակի ընտրություններ լինեն»,- եզրափակեց ԲՀԿ պատգամավորը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
