«ԻՄ ԲՈԼՈՐ ԴԱՓՆԻՆԵՐԸ ԿՏԱՅԻ ՀԱՆՈՒՆ ՆՐԱ, ՈՐ ԲԵՄՈՒՄ ԻՆՁ ԾԱՂԻԿ ՆՎԻՐՈՂՆԵՐԻ ՄԵՋ ԱՌԱՋԻՆԸ ԵՐԵԽԱՍ ԼԻՆԵՐ»
Արխիվ 12-16«ԻՄ ԲՈԼՈՐ ԴԱՓՆԻՆԵՐԸ ԿՏԱՅԻ ՀԱՆՈՒՆ ՆՐԱ, ՈՐ ԲԵՄՈՒՄ ԻՆՁ ԾԱՂԻԿ ՆՎԻՐՈՂՆԵՐԻ ՄԵՋ ԱՌԱՋԻՆԸ ԵՐԵԽԱՍ ԼԻՆԵՐ»
Գերմանիայում այսօր 90 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ տվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, բալետի պարուհի եւ խորեոգրաֆ ՄԱՅԱ ՊԼԻՍԵՑԿԱՅԱՆ: Այս մասին հայտնել է ռուսական «Մեծ թատրոնի» գլխավոր տնօրեն ՎԼԱԴԻՄԻՐ ՈՒՐԻՆԸ ու ցավով նշել. «Ինձ զանգահարեց բալետի պարուհու ամուսինը եւ ասաց, որ Պլիսեցկայան մահացել է սրտի ծանր նոպայի պատճառով: Բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, բայց ոչինչ այլեւս չեն կարողացել անել»:
Նշենք, որ լեգենդար պարուհու առաջին գլխավոր դերապարը Մաշան էր (1944, Չայկովսկու «Շելկունչիկ»)։ Պլիսեցկայայի պարը մշտապես առանձնացել է բարձրարվեստ պլաստիկայով («Մեռնող կարապը», երաժշտ․՝ Սեն-Սանսի եւ այլն): Նա նորովի է
մեկնաբանել Չայկովսկու, Գլազունովի, Բիզեի երաժշտությունը: Պլիսեցկայայի անհատականությանը մոտ են ե՛ւ քնարական, ե՛ւ հերոսական դերապարերը` Օդետա-Օդիլիա (Չայկովսկու «Կարապի լիճը»), Պղնձե լեռան տիրուհի (Պրոկոֆեւի «Քարե ծաղիկ»), Ռայմոնդա (Գլազունովի «Ռայմոնդա»), Կիտրի (Մինկուսի «Դոն Կիխոտ»), Կարմեն («Կարմեն-սյուիտ», երաժշտությունը՝ Բիզե-Շչեդրինի): 1972 թ-ին Ն․ Ի․ Ռիժենկոյի եւ Վ․ Վ․ Սմիռնով-Գոլովանովի հետ բեմադրել է «Աննա Կարենինա» (ըստ Լեւ Տոլստոյի) բալետը։ Պլիսեցկայան հյուրախաղերով շրջել է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Կանադայում եւ այլուր: 1957-ին Երեւանում հանդես է եկել Օդետա-Օդիլիայի
(Չայկովսկու «Կարապի լիճը»), Զարեմայի (Ասաֆեւի «Բախչիսարայի շատրվանը»), Կիտրիի (Մինկուսի «Դոն Կիխոտ») դերապարերով: Ի դեպ, Մ. Պլիսեցկայայի ամուսինը ռուս կոմպոզիտոր. Ռուսաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՍՍՀՄ ժողովրդական արտիստ ՌՈԴԻՈՆ ՇՉԵԴՐԻՆՆ է: Երջանիկ ամուսինները այդպես էլ ժառանգ չունեցան, քանի որ Մայա Պլիսեցկայան չհամաձայնեց զավակ ունենալ ու հեռանալ բեմից: Իսկ ամուսինն այդ հարցում աջակցեց նրան` ասելով. «Բալետի պարուհու համար չափազանց կարեւոր է հատուկ կազմվածք ունենալը, իսկ երեխա ունենալուց
հետո յուրաքանչյուր կնոջ կազմվածքը փոխվում է, եւ դա անխուսափելի է: Շատ հայտնի բալետի պարուհիներ այլեւս չեն կարողացել զբաղվել իրենց սիրելի մասնագիտությամբ հենց հղիության պատճառով»: Սակայն, միայն տարիներ անց Մ. Պլիսեցկայան հասկացավ, թե ինչ է կորցրել ու մի առիթով անկեղծացել է. «Արվեստի մեծագույն երջանկությունն առ ոչինչ է մարդկային երջանկության առջեւ: Ես իմ բոլոր դափնիները կտայի հանուն նրա, որ բեմում ինձ ծաղիկ նվիրողների մեջ առաջինը երեխաս լիներ»: Թերեւս սա այն մեծագույն խորհուրդն էր, որ կարող էր լեգենդար պարուհին պատգամել աշխարհի բոլոր բալետի երիտասարդ պարուհիներին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
