ՓՈԽՆԱԽԱՐԱՐ. «ՄԻՆՉԵՎ 12,5 ՔՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼՈՒ Է ԱՆՎՃԱՐ»
Արխիվ 12-16ՓՈԽՆԱԽԱՐԱՐ. «ՄԻՆՉԵՎ 12,5 ՔՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ
ԳԵՐԵԶՄԱՆԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼՈՒ Է
ԱՆՎՃԱՐ»
Օրեր առաջ խորհրդարանը քննարկեց դիահերձարանների ու գերեզմանատեղերի մասին օրենքում փոփոխություններ անելու նախագիծն ու այն երկրորդ ընթերցմամբ ընդունելը: Խնդրի առնչությամբ «Իրավունքն» արդեն զրուցել է պատգամավոր Թեւան Պողոսյանի հետ, ով հուսով է` վերոնշյալ օրենքում փոփոխություններ անելու շնորհիվ քաղաքացին ավելի հեշտ կկարողանա գերեզմանատարածք վերցնել որեւէ համայնքում: Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը եւս կարծում է, որ օրենքի փոփոխված տարբերակով հնարավոր կլինի խուսափել կոռուպցիոն ռիսկերից. «Նախագծում մենք փոփոխություններ ենք կատարել բժշկական տեղեկանքների հետ կապված, հստակեցրել ենք «գերեզման» եւ «ընտանեկան գերեզման» հասկացությունները, ներդրել ենք մասնավոր գերեզմանատան նոր ինստիտուտը»:
Քաղաքացիները, ըստ փոխնախարարի, կշահեն երկու տեսանկյունից: Առաջին` փորձել ենք վերացնել օրենքում առկա բոլոր թերությունները (տեղեկանքների տրամադրում, ընտանեկան գերեզմանի կարգ եւ այլն), հստակեցրել ենք պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթները. «Նախկինում հստակեցված չէր վերահսկողության ինստիտուտը: Ներկայում համայնքի ղեկավարին ու լիազոր մարմնին որոշակի իրավունք ենք տվել իրականացնել վերահսկողական գործառույթներ եւ պատասխանատվության միջոցներ կիրառել: Նախատեսված են նաեւ մեծ տուգանքներ»:
Օրենքի փոփոխված տարբերակով երեք տեսակի գերեզմանատուն է առանձնացված` պետական, մասնավոր, համայնքային: Քրմոյանը վստահեցնում է` երեք գերեզմանատները միմյանցից ոչնչով չեն տարբերվում, պարզապես մասնավոր գերեզմանատներից օգտվելու համար քաղաքացին պետք է վճարի (Հայաստանում գերեզմանոցների մեծ մասը համայնքային է):
Օրենքի նոր տարբերակով սահմանվել են բաց, մասնակի փակ եւ փակ գերեզմանատներ: Փակ գերեզմանատներում ընդհանրապես հուղարկավորություն չի կատարվում, մասնակի փակում ընդհանրապես գերեզմանատարածք չի տրամարդվում, բայց քաղաքացուն արդեն իսկ տրամադրված գերեզմանոցում հուղարկավորություն կամ վերահուղարկավորություն իրականացնելու հնարավորություն է տրվում, եթե 15 տարին անցել է: Բաց գերեզմանատներում քաղաքացիներին տրամադրում են գերեզմանատարածքներ:
Փոխնախարարի խոսքով` քաղաքացին գերեզմանատարածք ստանալու համար պետք է դիմի համայնքի ղեկավարին կամ նրա կողմից նշանակված լիազոր ներկայացուցչին կամ էլ համայնքի ղեկավարի կողմից գերեզմանատները սպասարկող կազմակերպությանը:
Եթե համայնքի ղեկավարը չի լուծում գերեզմանոցի հետ կապված առաջացած խնդիրները եւ ընթացք չի տալիս քաղաքացու բողոքին, վերջինս, Քրմոյանի խոսքով, կարող է դիմել կառավարության լիազոր մարմնին, որն այս պահին հստակեցված չէ:
Քաղաքացիները համայնքային գերեզմանոցներից օգտվելու դեպքում ոչ մի գումար գերեզմանատարածքի համար չեն վճարում: «12,5 քմ նախատեսված է ընտանեկան գերեզմանոցների համար: Բայց եթե տեխնիկապես կա հնարավորություն լրացուցիչ տարածք վերցնելու, ապա քաղաքացին վճարովի հիմունքներով կարող է վեց քմ տարածք ստանալ: Գնացուցակը կսահմանվի կառավարության կողմից»,- եզրափակեց փոխնախարարը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
