Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՄԱՐՇԱԼ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀՄԱՅՔԸ

Արխիվ 12-16

ՄԱՐՇԱԼ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀՄԱՅՔԸ


Նաև` Հայ ժողովրդի հազարավոր քաջորդիների

հերոսական ջանքերի շնորհիվ`

ապահովվեց մեծ հաղթանակը

Խորհրդային մեծ ու հզոր տերության անփառունակ և հեղինակազրկված կառավարությունը, անցյալ դարի 70-ական թվականների սկզբից սկսած, հաճախ էր նշանավոր տոնակատարությունների և հատկապես Ամանորի նախօրյակին՝ անծայրածիր երկրի բազմամիլիոն ու բազմազգ ժոդովուրդների առջև շնորհավորական խոսքով հանդես գալու բարի նախաձեռնությունը վստահում է մարշալ Հ. Բաղրամյանին, և նա՝ իր բարեհամբույր հայացքով, անզուգական, վայելուչ – զինվորական կեցվածքով ու ժողովրդական մեծ հմայքով կարողանում էր գերազանց կերպով կատարել կառավարության հանձնարարությունը։ Եվ պատահական չէր, որ Մերձբալթյան Կարմրադրոշ ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, Խորհրդային Միության հերոս, բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանին 1955թ. մարտի 11-ին ԽՍՀՄ մարշալի կոչում շնորհվելու հաջորդ տարում, խորհրդային կառավարությունը նրան վստահեց Ֆրանսիա մեկնող պատվիրակության ղեկավարման պատասխանատու և պատվավոր գործը, իսկ Փարիզի «Պերլաշեզ» գերեզմանատանը, թե մարշալ Հովհաննես Բաղրամյանը ինչպես էր այցելել Զորավար Անդրանիկի շիրմին, կարծում ենք, այդ մասին դեռ շատ քիչ բան է հայտնի մեր շատ հայրենակիցներին...

ԲԱՂՐԱՄՅԱՆԸ ՀԱՃԱԽ ԷՐ ԳԱԼԻՍ ՀԱՅԱՍՏԱՆ

Միայն այն փաստը, որ 1944 թվականին արդեն, 47-ամյա բանակի գեներալ Հ. Բադրամյանը Հայրենական պատերազմի հաղթական ավարտի տասը ռազմաճակատներից՝ ութի հրամանատար-մարշալներ Ժուկովի, Վասիլևսկու, Կոնևի, Ռոկոսովսկու, Տալբուխինի, Մալինովսկու, Մերեցկովի և Գովրովի կողքին էր հավասարապես, դա խոսում է նրա տաղանդավոր և մեծ զորապետ լինելու մասին։ Մենք առիթ ունեցել ենք համապատասխան հոդվածում գրելու մարշալ Հովհաննես Բաղրամյանի անցած փառավոր մարտական ուղու մասին, թե ինչպես է նա Ցարական ռուսական բանակի ենթասպայից հասել Խորհմիության մարշալի բարձր կոչմանը, դասակի հրամանատարից՝ ԽՍՀՄ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնին։ Այդ մեծ և դյուցազնական հերոս հայորդու մասին՝ այսօր ցանկանում ենք վերհիշել որոշ հետաքրքրական պատմական դրվագներ, որոնք վկայում են նրա մեծ հեղինակության ու ժողովրդական հմայքի մասին, որը վայելել է Հ. Բաղրամյանը իր փորձություններով լի ու առասպելական կյանքի տարիներին։
Առաջին անգամ ես 14 տարեկան հասակում էի մարշալ Հովհաննես Բաղրամյանին տեսել 1961թ. մարտին՝ Գառնիի հեթանոսական տաճարի դեռևս չվերականգնված տարիներին, երբ նա Մոսկվայից այցելության էր եկել Հայաստան, հետո՝ Գառնի-Գեղարդ։ 1967թ. կարդացի Հ. Բաղրամյանի հեղինակած գիրքը՝ «Հերոս քաղաքը Դնեպրի վրա», և նույն տարվա նոյեմբերին էլ զորակոչվեցի խորհրդային բանակ՝ ծառայության։ Բանակում ծառայելու տարիներին հաճախ էի տեսնում հեռուստատեսությամբ՝ մարշալ Հ. Բաղրամյանին, որն այդ տարիներին պաշտպանության նախարարի տեղակալն էր՝ խորհրդային բանակի թիկունքի պետը։ Զորահանդեսներում և մյուս զինվորական ու ռազմական միջոցառումներում նա աչքի էր ընկնում իր վայելուչ զինվորական կեցվածքով, գրագետ և խելացի ելույթներով, կազմակերպչական հնարամտությամբ ու բարձր կուլտուրայով։ Հաճախ էի ռադիոընդունիչով լսում հաղորդումներ, որոնք ձայնագրություններ էին մարշալ Հ. Բաղրամյանի ղեկավարած մարտական օպերացիաների մասին։ Դրանք ռուսաց լեզվով էին հնչում. «Վոյինի պրիբալտիյցի նաստուպայուտ» վերնագրով, սակայն ինձ համար շատ հարազատ էին, քանի որ ես լսում էի մարշալ Հովհաննես Բաղրամյանի ձայնը, որն այնքան ջերմ էր ու հայկական...
Պապս էր ենթասպա Հովհաննես Բաղրամյանին տեսել Սարդարապատի ճակատամարտի օրերին՝ 1918թ. մայիսի 19-20-ին, իսկ 22-ին արդեն՝ Դրոյի հեծյալների կազմում ինքը մեկնել էր Բաշ Ապարան։ Ծերության տարիներին՝ 1960-70թթ. Զ. Անդրանիկի և մարշալ Հ. Բաղրամյանի լուսանկարներն էին «զարդարում» պապիկիս սենյակը, և հաճախ էր Ալեքսան պապս հիանում, նայելով նրանց, իսկ Հ. Բաղրամյանի մասին զարմանքով էր նշում, թե ուր հասավ է՜, պրապորշչիկից հասավ մարշալի կոչման։ Հիացմունքով էր խոսում պապս, նաև հայկական կորպուսի հրամանատար, գեներալ– լեյտենանտ Թովմաս Նազարբեկովի մասին, որպես հայրենասեր և խելացի հայ զորավարի։
Անցյալ դարի 70-ական թվականներին, այսինքն՝ ուսանողական տարիներիս, բավականին գրքեր ընթերցեցի մարշալնել Գ. Կ. ժուկովի, Կ. Կ. Ռոկոսովսկու և մյուսների հուշերից, և շատ հետաքրքրական մանրամասներ իմացա մարշալ Հ. Բաղրամյանի հերոսական կյանքի և մարտական ուղու մասին։ Հայ ժողովրդի իրական, դյուցազնական զորապետ որդու կերպարը մենք տեսանք «Ազատագրում» կինոնկարում, որտեղ բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանին, գերագույն գլխավոր հրամանատար Ի. Ստալինի կողմից վստահված էր՝ սկսելու «Բագրատյոն» օպերացիան, որը վճռական նշանակություն ունեցավ գերմանաֆաշիստական զորքերի ջախջաման գործում։
Վերջապես, ես մոտիկից տեսա մարշալ Հովհաննես Բաղրամյանի ժողովրդական հմայքը, թե նա ինչպիսի հարգանք ու պատիվ էր վայելում իր ժողովրդի մոտ։
Դա 1975թ. հոկտեմբերին էր, երբ մարշալ Հ. Բաղրամյանը Երևան էր ժամանել, մասնակցելու հայ մեծանուն բանաստեղծ Ավ. Իսահակյանի ծննդյան 100-ամյակի տոնակատարությանը։ Չմոռանանք, որ հայ ժողովրդի բոլոր կարևոր միջոցառումներին, մարշալ Հ. Բաղրամյանը հնարավորինս անպայման մասնակցում էր, չնայած որ, այդքան կարևոր պետական-ռազմական բարձր պաշտոններում էր ծառայում։ Նշված միջոցառման առաջին մասը երբ ավարտվեց, և ընդմիջում էր՝ «Ռոսիա» կինոթատրոնի դահլիճների միջանցքներում, հանկարծ նկատեցի, որ առաջին հարկի լայն հրապարակում աշխուժություն էր տիրում։ Շտապեցի 2-րդ հարկից ցած իջնել, և վերևից նկատեցի, որ մարշալ Հ. Բադրամյանը, չորս գեներալների ուղեկցությամբ քայլում է ժողովրդի շարքերի միջև բացազատված լայն միջանցքով։ Հանկարծ լսվեց ժողովրդի խրոխտ ու միասնական ձայնը. «Կեցցե՛, ընկեր Բաղրամյանը...» ու որոտաց ծափահարությունների մեծ ալիքը։ Այնքան բնական էր և հուզիչ այդ պահը, որ ամիջապես ազդեց նաև մարշալ Հ. Բաղրամյանի վրա։
Մարշալը ձեռքի կտրուկ շարժումով գեներալներին նշան արեց, որպեսզի չարգելեն մարդկանց մոտեցումը՝ դեպի իր կողմը, այնուհետև բարձրաձայնեց. «Թողեք իմ ժողովուրդը թող մոտենա ինձ...»: Մի ուսուցչուհի առաջինը մոտենալով, խնդրեց Հ. Բաղրամյանին, որ ստորագրություն-ինքնագիր դնի ուսուցչական ծրագրի վրա, որպեսզի ինքը տանի Լենինական և ցույց տա իրենց կոլեկտիվին, որ հանդիպել է սիրելի մարշալին։ Մոտեցան տարեց մարդիկ, ոմանք հիշեցրին մարշալին, որ կռվել են իր հրամանատարության տակ մարտնչող դիվիզիաներում և այլն, իսկ ես, որպես խորհրդային բանակում արդեն ծառայած զինվոր, առաջին անգամ էի այդքան մոտիկից տեսնում իսկական մարշալին և նրա համազգեստը։
Այդ օրը ես հասկացա և համոզվեցի, որ մարշալ Հովհաննես Բաղրամյանը՝ հայ ժողովրդի նվիրյալ ու հերոսական մեծ որդիներից է, և վայելում է ժողովրդի անկեղծ սերն ու անսահման հարգանքը, որը կոչվում է ժողովրդական հմայք...
Հետագա տարիներին համոզվեցի նաև, որ մարշալ Հ. Բաղրամյանը մեծ հարգանք է վայելում այն ժողովուրդների մոտ, որտեղ ծառայել էր խաղաղ տարիներին, կամ պաշտպանել ու ազատագրել նրանց՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին՝ 1941-45 թվականներին: Այսօր նրա անունով են կոչվում շատ փողոցներ, ուսումնական հաստատություններ՝ Ուկրաինայում, Ռուսաստանում, Բելառուսիայում, Մերձբալթյան նախկին հանրապետություններում և այլուր։
Շարունակելով իրական և օբյեկտիվ առասպելը, մեծ հայորդու՝ մարշալ Հովհաննես Բաղրամյանի մասին, ցանկանում ենք համապատասխան փաստացի դրվագներով ցույց տալ նաև, թե ով էր հանրաճանաչ ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանը, մեր հարևան, սակայն ներկայումս հակառակորդ Ադրբեջանի ղեկավարության ու ժողովրդի համար։ Համոզված ենք, որ Ադրբեջանում կան հազարավոր մարդիկ, որոնք հետևում են մեր մամուլի հրապարակումներին, ուստի թող նրանք էլ կարդան այս ճշմարտության մասին, թե որքան հարգալից է եղել մարշալ Հ. Բաղրամյանը, հատկապես Անդրկովկասյան մեր հարևան ժողովոտդների նկատմամբ։ Նախապես նշենք, որ Խորհրդային Ադրբեջանի Կենտկոմի առաջին քարտուղար Հեյդար Ալիևը մեծ հարգանքով էր դիմավորում մարշալ Հ. Բաղրամյանին և զրույցների ընթացքում՝ շատ անգամներ էր նշել, որ շքեղ թանգարան է կառուցելու Հ. Բաղրամյանի անունով՝ հենց նրա հայրենի Չարդախլու գյուղում։

ԼԵՆԻՆԳՐԱԴՅԱՆ ԱՐԿԱԾՆԵՐ

Հ. Ալիևի կողմից հեղինակված գրքից՝ «Գերոյիչեսկիե սինովյա Սովետսկովո Ազարբայդժանա», տեղեկանում ենք, որ մոտ 90 Խորհրդային Միության հերոսներից՝ միայն 30-նն են ազգությամբ ադրբեջանցիներ, 30-ը՝ հայեր են, իսկ մնացածը՝ ռուսներ ու այլազգիներ։ Հայերի թվում են չարդախլեցի 12 ԽՍՀՄ հերոսներ, այդ թվում՝ մարշալներ Հ. Ք. Բաղրամյանն ու Հ. Խ. Բաբաջանյանը և 18 այլ ադրբեջանաբնակ հայորդիներ։ Զավեշտական է, որ նշված հերոսների շարքում է նաև ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանը, որի ընտանիքը 1914 թվականին Շուշիից տեղափոխվել է Երևան, երբ Նելսոնը եղել է ընդամենր մեկ տարեկան։ Այն մասին, թե Ադրբեջանի ղեկավարությունն ու բնակչության որոշ մասը ինչպես վերաբերվեցին մարշալներ Հ. Բաղրամյանի, Հ. Բաբաջանյանի ու մյուս հերոսների հիշատակը հավերժացնող մահարձանների հետ, մենք կնկարագրենք մեր հոդվածի եզրափակիչ մասում, իսկ առայժմ շարունակենք բուն նյութը՝ մարշալ Հ. Բաղրամյանի ժողովրդական մեծ հմայքի մասին։
1983թ. ապրիլի 4-ի երեկոյան, ձնաբուքը հաղթահարելով, խորհրդային երկրի բազմազգ տղամարդկանց մի խումբ թափառում էր Լենինգրադի փողոցներում, հույս ունենալով, որ վերջապես մի ռեստորանի անկյունում գոնե կհաջողվի իջևանել՝ ընթրելու նպատակով։ Սակայն ամենուրեք, ռեստորանների ցուցափեղկերին փակցված էին նույն բովանդակության գրությունները. «Ու նաս սվաբոդնիխ մեստ նետ»։ Հոգնածությունից զայրացած, ասացի, որ հերիք է խնդրենք սրանց, եկեք գնանք մեր հանրակացարանը, այնտեղ էլ կազմակերպենք մեր ընթրիքը։ Կովկասցիներով, քանի որ մեծամասնություն էինք կազմում՝ «ինտերնացիոնալ» խմբում, նույն պահին որոշեցինք անպայման խցկվել Նևսկի պրոսպեկտի վերջնամասում գտնվող «Կավկազ» ռեստորան, սակայն այստեղ նույնպես դռանը գրված էր՝ նույնը...։
Խմբում առավել վիրավորվածը՝ Բաքու քաղաքի դատախազության ավագ քննիչ էլբրուս Մահմեդովն էր, որը քիչ առաջ մերժում էր ստացել նաև «Բաքու» ռեստորանից, ուստի զայրացած սկսեց բռունցքով ծեծել մուտքի դռան հախճապակին։ Դռանը մոտեցավ մի տարեց ռուս տղամարդ՝ շվեյցարը, և դուռը կիսաբաց անելով ասաց. «Պո ռուսկի չիտատ նե ումեյտե, նապիսաննո ու նաս մեստ նետ»։ Մահամեդովը խցկվելով կիսաբաց դռան արանքում, գրագետ ռուսերենով, սակայն Բաքվի ակցենտով, պատասխանեց այդ մարադուն, ասելով հետևյալը. «Իմեյտե խոտ սովեստի դա, սնամի սին թավարիշչա մարշալա Բագրամյանա...»:
Մատնացույց անելով ինձ, որ այդ պահին խռովածի պես կանգնած էի քիչ հեռվում։ Ռուս շվեյցարը, ռեստորանի դուռը մեր առջև բացելով ասաց, որ ներս եկեք, քանի որ մեր հարգելի ու սիրելի մարշալ Բաղրամյանի զեմլյակն եք, ուրեմն համեցեք ներս։ Սակայն ընթացքից դիտողություն անելով Մահմեդովին. «Յա վոյեվալ ու մարշալա Բագրամյանա, պոմնյու, ու նեվո սինա նե բիլո, մոժետ դոչկին սին»։ Այստեղ Մահմեդովը արագ խորամանկեց. «Դա դյադյա, վի պրավիլնո ուքաթալի (ուգադալի), վնուկ թավարիշչա մարշալա սնամի»։
Երևույթը ամոթալի էր, քանի որ խորամանկությունը կապվում էր միջազգային հեղինակություն ու ճանաաչում ունեցող մարշալ Հ. Բաղրամյանի անվան հետ, սակայն ծայրահեղ վիճակում էինք՝ դիմեցինք այդ քայլին։ Ես զգում էի այդ քայլի ծանրությունն ու բարոյական պատասխանատվությունը, սակայն արդեն ուշ էր, Մահմեդովը խորամանկ քայլ կատարեց, որը մեր խմբի աչքում արդարացի էր դիտվում։ Ռուս շվեյցարը ուշադիր ու զննող հայացքով դիտելով ինձ՝ ոտքից գլուխ, կրկնում էր. «Կակ վի պախոժի նա դեդուշկու», իսկ ինձ մնում էր միայն հպարտանալ, որ Սանկտ–Պետերբուրգում այդպիսի «պատվի էի» արժանացել։
Այդ երեկոյան, մեր ընթրիքը մի քանի ժամ տևեց, որին մասնակցում էինք երկու հայեր, մի քանի հոգի վրացիներ, ադրբեջանցիներ, ռուսներ, ուկրաինացիներ և այլազգիների ներկայացուցիչներ՝ 10-12 տղամարդ։ Անցել է 32 տարի, սակայն լավ հիշում եմ, որ մենք՝ կովկասցիներս, մեր ազգային կոնյակներն ու ուտեստներն էինք բերել ընդհանուր սեղանին, հեռավոր արևելքից եկած ռուս քննիչը՝ օվկիանոսի «բալիկ» մեծ ու համել ձուկ էր բերել, մյուսները՝ իրենց ազգայինը։
Ծանոթանում էինք միմյանց հետ, կենացներ առաջարկում, պահպանելով խորհրդային մեծ երկրի, ազգային ու կուսակցական` այն տարիների քաղաքականության համապատասխան չափանիշները։ Այդ երեկոյի ընթացքում, նշված ռուս շվեյցարը մի քանի անգամ մոտեցավ մեր սեղանին և յուրաքանչյուր անգամ, երբ նրան մեկ գավաթ հայկական կոնյակ էի հյուրասիրում, խմելուց առաջ ասում էր հետևյալ բառերը. «Օյ, կակ մի ուվաժալի Իվան Խրիստաֆորովիչա…», այսինքն՝ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանին շատ էին հարագել՝ նրա զինվորներն ու սպաները։ Եվ այսպես, վերը նշված թվականի ապրիլի 1-ից հունիսի 21-ը՝ ԽՍՀՄ դատախազության և ՆԳՆ քննիչների կատարելագործման դասընթացներում էի։ Համապատասխան ինստիտուտը գտնվում էր Լիտեյնի պողոտայի թիվ 44 շենքում՝ Ֆինլանդական կայարանի և հրետանային ակադեմիայի մոտերքում էր, իսկ հանրակացարանի շենքը՝ դեպի Պուլկովոյի օդակայան գնացող մայրուղու կողքին գտնվող թաղամասի` գեներալ Կոստյուշկոյի փողոցի վրա էր։
Քննչական դասընթացների խմբերը մեծ էին՝ 60-70 մարդ։ Մենք՝ կովկասցիներս, բավականին մեծ թիվ էինք կազմում և ընդգրկված էինք առաջին խմբում, որին շուտով անվանեցինք «Կովկաս-83»։ Որպես ստաժավոր կուսակցականի՝ ինձ «նշանակեցին» 1-ին խմբի կուսկազմակերպիչի պաշատոնում։ Բացի իրավագիտությունից, զբաղվում էինք նաև կուսակցական, քաղաքական հարացերով, հաճախ էինք կուսակցական ժողովներ կազմակերպում։ Ազատ ժամերին զրուցում էինք տարբեր հարցերի շուրջ, ասենք՝ ազգային, պետական, պատմական և այլն։
Հերթական զրույցներից մեկի ընթացքում լուրջ վիճաբանության բռնվեցի նշված քննիչ էլբրոu Մահմեդովի հետ։ Այն պահին, երբ ես ժողովականներին պատմում էի հայ ժողովրդի հերոսական որդիների՝ մարշալ Հ. Բաղրամյանի, ծովակալ Հ. Իսակովի, ծովային ավիագնդի հրամանատար Նելսոն Ստեփանյանի սխրանքների մասին՝ Լենինգրադի և Մերձբալթիկայի պաշտպանության ու ազատագրության ժամանակ՝ Է. Մահմեդովը միջամտեց հետևյալ ելույթով. «Ես զարմանում եմ, որ դուք՝ հայերդ, ձեզ իրավունք եք վերապահում Ադրբեջանի հերոս մարշալներ Հովհաննես Բաղրամյանին, Համազասպ Բաբաջանյանին, չարդախլեցի և մյուս հերոսներին կոչելու ձերը, նրանք Խորհրդային Ադրբեջանի քաղաքացիներն են և մեր հերոսներն են»։
Այդ պահից ես ճանաչեցի Մահմեդովին որպես կեղծարարի և այլևս նրա հետ ոչ մի անգամ մտերմական կապեր չհաստատեցի։ Նրա հակապատկերն էր՝ Բարդայի շրջդատախազության քննիչը՝ Մուհամեդ Ալահվերդիևը, որը բավականին օբյեկտիվ և ճշմարիտ դատողությունների տեր մարդ էր։ Ընդունում էր հայերի հեղինակությունը, շատ հարգալից էր բոլոր կովկասցիների նկատմամբ։ Ռուս տղաները Ալահվերդիևին դաժան ծեծի էին ենթարկել՝ պարահանդեսում աղջիկների նկատմամբ կոպիտ վերաբերմունք դրսևորելու համար, իսկ ես նրան պաշտպանում էի, որպես կովկասցու,և նա 2 ամիս «պոչիցս կպած էր» դասի գալիս, վախենում էր ռուսներից։ Ինչպես հայկական խոսքում է ասված, որ օձի կծածը՝ չալպուտուրիկ պարանից էլ է վախենում...
Հանրակացարանում մեր սենյակները մոտիկ էին, և Ալահվերդիևը իր երկու արդբեջանցի ընկերների հետ հաճախ էր երեկոյան այցելում մեր սենյակ, ուր երկու հայ և մեկ ռուս տղա էինք բնակվում։ Զգում էի, որ անկեղծ էր նա. բարևելուց՝ մինչև հյուրասիրություն։ Այսքան տարիներ անց, դեռ հիշում եմ նրա բառերը, որ հնչում էին ադրբեջաներեն. «Ախշամ խեր, զեմլյակլաբն կաղանալում», այսինքն՝ բարի երեկո, համերկրացիներիս ցավը տանեմ...։
Հետաքրքիր դրվագները շարունակվում էին, սակայն ես ժամանակին կանխեցի սուտ լուրերի ընդարձակումը, որ ցանկանում էին տարածել մեր կովկասցի տղաները, թե իբր մարշալ Հ. Բաղրամյանի թոռնիկն է մեր կուրսերում սովորում։ Շուտով ես զգուշացա հետևյալ դեպքից հետո նաև, երբ մեր ինստիտուտի հարևան կաֆեում, ընդմիջման ժամանակ լսեցի մեր կին դասախոսներից մեկի զրույցը` իր ընկերուհու հետ. «Կակիե նովոստի ու վաս եստ վ ինստիտուտե», դասախոսը պատասխանում է. «Ինտերեսնըե նովոստի, կ ստատիի վ նաշիխ կուրսախ ուչիտսյա վնուկ մարշալա Բագրամյանա»։
Հատկապես մեր կովկասցի տղաներին բացատրեցի, որ մարշալ Հ. Բաղրամյանի վախճանվելու մեկ տարին դեռ չի լրացել, անհարմար է այդպիսի մեծ, հանրաճանաչ ու հեղինակավոր մարդու անվան հետ կատակելը և վերջապես մի օր այդ հորինված սուտը կբացահայտվի, այն ժամանակ ես ինչ պատասխան եմ տալու։ Բարեբախտաբար այդպես էլ ավարտվեց այդ հորինվածքը։ Այս հետաքրքիր ու ծավալուն հոդվածը ցանկանամ եմ ավարտել ամենահետաքրքրական դրվագով, որը գալիս է ապացուցելու մարշալ Հովհաննես Բաղրամյանի մեծ հումանիզմը՝ մարդասիրությունը, նրա մեծ համաժողովրդական մարդ լինելը։
Ինչպես նշել եմ արդեն, 32 տարի է անցել այդ ժամանակներից, և բոլորի անուն ու ազգանունները չեմ կարող հիշել, իսկ ումը, որ հիշում եմ, ճշմարտությամբ գրել եմ, այսինքն՝ սուտ անուն ու ազգանուն չեմ ցանկանում գրել ընդհանրապես։ Ուստի նշեմ, որ ադրբեջանցի ՆԳՆ քննիչը, որը մեզ հետ միասին վերը նշված վերապատրաստման կուրսերում էր, չեմ կարողանում նրա անունն ու ազգանունը մտաբերել, սակայն նրա պատմածը մանրամասն գրում եմ նույնությամբ, և եթե այդ մարդը ողջ է, թող ազնվություն ունենա և միանա ճշմարտության ու արդարության գործին, այսինքն՝ բարձրաձայնի անհրաժեշտության դեպքում, որ իր պատմածը իրոք ճշմարտություն է։

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՐԱԽՏԱՄՈՌՈՒԹՅՈՒՆ

Եվ այսպես, վերհիշում եմ ադրբեջանցի ՆԳՆ քննիչի պատմածը.
– Ծառայողական քննությունից հետո, ինձ հեռացրեցին քննիչի պաշտոնից։ Ղեկավար անձանց, Բաքվում սպառնացի, որ սպասեք, հասնեմ Մոսկվա, կտեսնեք, թե ինչ բողոք եմ բերելու ձեր դեմ։
Հասա Մոսկվա, սակայն ոչ կարգին ռուսերեն գիտեմ, ոչ էլ՝ մարդ եմ ճանաչում, որ դիմեմ նրանց։ Մոսկվայում աննպատակ թափառելիս, մի օր էլ հայտնվեցի ԽՍՀՄ պաշտպանության նախարարության մոտերքում, ընդմիջման ժամ էր։ Հանկարծ նկատեցի, որ մարշալ Բաղրամյանը մոտենում է իր ծառայողական մեքենային։ Ես բնազդաբար մոտ վազեցի մարշալի մեքենային, ինչպես դեպի հարազատի կողմն են վազում։ Սակայն մարշալի ռուս թիկնապահ–ադյուտանտը ինձ բռնեց և ցանկանում էր երևի դեն նետել, հենց այդ պահին էլ՝ մարշալ Բաղրամյանը ձեռքով նշան արեց, որ բաց թողնի ինձ։ Ես մոտեցա մարշալին և չկարողացա ռուսերեն որևէ բան ասել, խոսեցի ադրբեջաներեն։ Մարշալ Բաղրամյանը ռուսերեն հարցրեց. «Կովկասցի՞ ես, ապա նստիր մեքենան»։ Մեքենայի մեջ մարշալը ինձ հետ արդեն խոսեց ադրբեջաներեն և ասաց, որ գնանք մեր տուն, այնտեղ կպատմես, թե ինչ խնդիր ունես։ Հասնելով տուն, մարշալ Բաղրամյանը տիկնոջը՝ Թամարա Համայակովնային ադրբեջաներեն և ռուսերեն բացատրեց, որ ղոնախ-զեմլյակ ունենք, մեր կողմերի՝ Գյանջայի-Կիրովաբադի ճաշերից պատրաստիր, որ մեր հյուրի հետ մի լավ ճաշենք։
Մինչև ճաշելր, ես մարշալ Բաղրամյանին պատմեցի, որ ինձ անարդարացի կերպով ազատել են աշխատանքից, ցանկանում եմ բողոքել, սակայն չգիտեմ ինչպես, կամ ում բողոքեմ։ Մի լավ ճաշելուց հետո, մարշալ Բաղրամյանը ինձ ճանապարհեց տուն, ասելով, որ գնա Բաքու, մի քանի օրից հարցերդ կլուծեն այնտեղ։ Իրոք, հասա Բաքու, հրավիրեցին քննչական վարչություն և ասացին, որ քեզ վերականգնել ենք նախկին պաշտոնում, բայց մի պայմանով, որ պետք է աշխատես Դաղստանի Ինքնավար Հանրապետությունում։
Ես համաձայնվեցի, և ներկայումս աշխատում եմ նշված պաշտոնում ու այնտեղից էլ՝ եկել եմ վերապատրաստման կուրսերի։
Նշված քննիչը այս բոլորը ինձ պատմում էր մեծ հիացմունքով, երախտագիտության խորը զգացումով, որ այդ մեծ մարդը, որքան հումանիստ էր, մարդկային, որ կարող էր ընդառաջել նույնիսկ անծանոթ ու հասարակ մարդկանց նաև։ Դժբախտաբար, Հեյդար Ալիևը, ոչ միայն չկատարեց մարշալ Բաղրամյանին տված իր խոստումները, այլ նաև մարշալի թաղման օրը, գենսեկ Լ. Ի. Բրեժնևի հետ անպարկեշտ «գաստրոլներ» տվեցին Բաքվում, որը սազական չէր պետական ղեկավար անձանց, այն էլ այնպիսի բազմավաստակ, տաղանդավոր մարշալի հիշատակի հանդեպ, որը շուրջ 5 տասնամյակից ավելի տարիներ` մեծ ծառաայություններ է մատուցել սովետական մեծ տերությանը։
Հայ մարշալներին «սեփականաշնորհող» Բաքվի քաղաքային դատախազության ավագ քննիչ Էլբրուս Մահմեդովը 1987թ. ավտովթարի զոհ դարձավ՝ հենց դատախազի պաշտոնի նշանակվելու օրը, ճանապարհին գնալիս, և չտեսավ Արցախյան պատերազմի տարիներին, թե ինչպես իր հայրենակիցները սրբապղծեցին Կիրովաբադում և այլուր կանգնեցված հայ հերոսների հուշարձանները, բարբարոսաբար շուռ տվեցին մարշալներ Հ. Բաղրամյանի և Հ. Բաբաջանյանի արձանները ու քարշ տալով հեռացրին բնակավայրերից:
Մարդկային կերպարանքը կորցրած ազերիները գնացին ծայրահեղության, այն է՝ վանդալիզմի, Նախիջևանում ոչնչացնելով հայկական խաչքարերը, որոնք համաշխարհային քրիստոնեական պատմամշակութային ֆոնդի անբաժանելի մասն են հանդիսանում։
Կարծում ենք, որ այս ծավալուն և բազմաբովանդակ հոդվածով
կարողացանք ցույց տալ հայ ժողովրդի հերոսական որդու`
տաղանդավոր մեծ զորապետ, ԽՍՀՄ մարշալ Հ. Ք. Բաղրամյանի
ժողովրդական հմայքը, որը կենդանության օրոք զարդարում էր նրան, ուստի նա հավերժ կապրի իր ժողովրդի հետ միասին։

ԲԱԲԿԵՆ ԲԱԲԱՅԱՆ
Արցախյան պատերազմի մասնակից,
Կազակական զորքերի գնդապետ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ