ՊԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՊԱՐԵՑԻՆ ՆԱԵՎ ՓՐԿԱՐԱՐՆԵՐՆ ՈՒ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ
Արխիվ 12-16ՊԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՊԱՐԵՑԻՆ
ՆԱԵՎ ՓՐԿԱՐԱՐՆԵՐՆ ՈՒ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ
Պարի միջազգային օրը Երեւանում կայացավ «Ազգերի բարեկամություն» պարային փառատոնը, որի առթիվ պարային խմբեր էին Հայաստան ժամանել Վրաստանից, Ջավախքից եւ Հնդկաստանից: Պարային փառատոնի կազմակերպիչ «Միլեն շոու փրոդաքշնի» հիմնադիր-տնօրեն ԱՐԹՈՒՐ ԵՂՈՅԱՆԸ, ինչպես խոստացել էր, ամեն ինչ արել էր, որպեսզի ե՛ւ հանդիսատեսի, ե՛ւ բամահարթակում գտնվող օրվա հերոսների համար օրը տոնի վերածվի:
«ՆՈՒՅՆԻՍԿ ՉՊԱՐՈՂՆԵՐՆ ԷԻՆ ՊԱՐՈՒՄ»
Բացի պարային խմբերից, հատուկ տոնի համար խմբեր էին կազմել եւ գեղեցիկ պարային համարներով հանդես եկան զինծառայողներ ու փրկարար ծառայության աշխատակիցներ: Երեկոյի հանդիսավար Սամվել Գրիգորյանը բեմից Արթուր Եղոյանին առաջարկեց հաջորդ տարի նրանց օրինակին հետեւեն նաեւ բժիշկներն ու այլ ոլորտների ծառայողները: Առաջարկին կուլիսներից դրական ժեստով հավանություն տվեց Ա. Եղոյանը: Իսկ արդեն երեկոյի ավարտին` «Իրավունքի» հետ զրույցում փաստեց, որ երեկոն իրոք կայացավ. «Գրեթե 3 ժամ մարդիկ ուրախանում էին, որովհետեւ օրն իրոք տոն դարձավ: Պարողները, նույնիսկ չպարողներն էին պարում` զինվորները, փրկարարներն էլ էին միացել մեզ: Արդեն եղավ առաջարկ, որ բժիշկներն ու լրագրողներն էլ հաջորդ տարի գուցե միանան մեզ: Պարով քիչ-քիչ գրավում ենք բոլորին, որ մարդիկ սիրեն ու կարողանան պարել: Երբ քարե դարի մարդն առաջին անգամ ուղղեց իր մեջքը, նա սկսեց պարել: Փաստն այն է, որ մարդիկ մինչեւ այսօր պարում են ու դեռ կպարեն»:
ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ ՏՈՆԻՆ ԿՄԻԱՆԱՆ ՆԱԵՎ ԲԺԻՇԿՆԵՐՆ ՈՒ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ
Երեկոյի հանդիսավար ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ նույնպես վստահեցրեց, որ պարողների
տոնը կայացել է ու շտապեց տեղեկացնել, որ իր առաջարկով հաջորդ տարի հույս ունի որ պարի միջազգային տոնին կմիանան նաեւ բժիշկներն ու լրագրողները. «Այ, երբ լրագրողները միանան, խումբ կազմեն ու մի բեմադրությամբ հանդես գան, այդ ժամանակ կխնդրեմ Արթուրին, որ այդ օրվա հանդիսավարը կրկին ես լինեմ: Արթուրի հետ ավելին քան 20 տարի ընկերություն ենք անում, աշխատում ենք, իմ բոլոր երգերի բեմադրությունների հեղինակը նա է: Առաջին հեթին` ուզում եմ շնորհավորել բոլոր պարողներին` իրենց միջազգային օրվա առթիվ, այդ թվում նաեւ այս գեղեցիկ օրվա կազմակերպչին` իմ լավ ընկեր «Միլեն շոու բալետի» գեղարվեստական ղեկավար Արթուր Եղոյանին` բավականին մեծ ու լուրջ գործ իր ուսերին վերցնելու եւ պատվով դուրս գալու համար: Ինքս պարարվեստի հետ քիչ կապեր ունեմ, համենայնդեպս, սիրողական տրամադրվածություն ունեմ, բայց կարծում եմ` երեկոն ստացվեց»:
«ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՀԱՅԻ ԿԱՄՔՈՎ»
Ախալքալակից Երեւան ժամանած «Վաչյան» պարային համույթի գեղարվեստական ղեկավար եւ պարուսույց ՆԱՍԼԵԴ ՔԵՅԱՆՆ էլ ասաց, որ չնայած առաջին անգամ են մասնակցում փառատոնին, բայց վստահեցրեց, որ հաջորդ տարիներին նույնպես Երեւան կգան ու սիրով հանդես կգան արտերկրից ժամանած պարային խմբերի հետ: Մեր զրուցակիցը խոսելով Ջավախքում պարային տրամադրության մասին` փաստեց. «Սովետից հետո մեզ մոտ պարարվեստն անկում էր ապրում, այս վերջին տարիներին կարողացանք ինչ-որ բան փոխել` Երեւանից ու Թբիլիսիից պարի մասնագետների հրավիրելով ու կարելի է ասել` փրկեցինք պարարվեստը: Իսկ ինչ վերաբերում է պարի միջազգային օրվա նշելուն, այո, այնտեղ էլ է նշվում, ուզում ենք, որ մեր ժողովուրդն էլ տեղյակ լինի, որ կա պարի միջազգային օր, որ մենք էլ մաս կազմենք այդ ամենին»:
Թե ինչ դժվարությունների առաջ են կանգնում` Ջավախքում հայկական պարն ու մշակույթը պահպանելու համար, «Իրավունքի» հարցին ի պատասխան` Ն. Քեյանը չժխտելով, ասաց. «Դժվարություններ կան իհարկե, բայց բոլոր դժվարութունները կարելի է հաղթահարել, միայն թե կարողանաս հասնես այն արդյունքին, ինչին ձգտում ես: Խմբի անդամների թիվը, որտեղ բոլորը հայեր են, հասնում է 100-ի, ու պարում ենք հայերեն: Դրա հետ միասին, նաեւ չենք անտեսում վրացական պարը, քանի որ իրավունք չունենք մեր երկրի մշակույթը չուսումնասիրելու: Եվ այն դժվարությունները, որոնք առաջանում են, փորձում ենք հաղթահարել հայի կամքով»:
Ինչպես փաստեց մեր զրուցակիցը, իրենց համար հայրենիքը` Հայաստանը, արդեն կարեւոր տեղ է զբաղեցնում. «Հայրենիքը մեզ համար դարձել է մի վայր, որտեղ մենք անխոս պիտի գանք տարվա մեջ գոնե երկու անգամ: Երեխաները շատ տպավորված են Հայրենիքով: Մենք վաղը կբարձրանանք նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգելու մեր անմեղ զոհերի հիշատակը»:
«ՀԱՅԵՐԸ ՊԱՐԻ ԼԱՎ ԳԻՏԱԿՆԵՐ ԵՆ»
Հնդկաստանից Հայաստան ժամանած «Հնդկական գույներ» պարային խմբի գեղարվեստական ղեկավար ՍՐԻՆԻՎԱՍԱՆ ԳԱՆԵՍԱՆՆ ասաց, որ իր համար առաջին հերթին պարը կիրք է, սեր: Անդրադառնալով օրվա խորհրդին` հույս հայտնեց, որ հանդիսատեսը այդ երեկոյից հետո ավելի շատ կսիրի պարը: Գանեսանը դժվարացավ ասել, թե հայ հանդիսատեսը որքանով հավանեց իրենց ներկայացրած պարային համարը, բայց մի բան հստակ ասաց. «Հայերը պարի լավ գիտակներ են, դժվարանում եմ ասել, թե ինչ տպավորություն թողեցինք հայ հանդիսատեսի վրա, սակայն մի բան հաստատ կարող եմ ասել, որ հայերը շատ են սիրում հնդկական պարեր: Շատ դժվար է հայկական պար բեմադրելն ու պարելը, բավական դժվար շարժումներ կան, բայց կարծում եմ, որ Արթուր Եղոյանն ինձ կօգնի այդ հարցում: Նա արդեն խոստացել է եւ մյուս տարի այն իրականություն կդառնա»,- վստահեցրեց Գանեսանն ու հայերենով շտապես տեղեկացնել, որ որքան դժվար է հայկական պար սովորելը, նույնքան էլ դժվար է հայերեն սովորելն ու խոսելը. «Ես ավարտել եմ Երեւանի բժշկական համալսարանը եւ հայերեն խոսել սովորելու համար ինձանից պահանջվեց 5 տարի»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
