ՎԵՐՋԱՊԵՍ ԿԼԻՆԻ՞ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ
Արխիվ 12-16ՎԵՐՋԱՊԵՍ ԿԼԻՆԻ՞ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ
Բավական երկար ժամանակ շրջանառվում էր խոսակցություններ այն մասին, որ Ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ Հայաստանում համաներում է հայտարարվելու: 100-ամյակն անցավ եւ հիմա էլ այդ խոսակցությունները սկսել են կապվել մայիսի 9-ի հետ: Ի վերջոª համաներում կհայտարարվի՞. հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ՀՀ արդարադատության նախարար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՑ:-Պարոն նախարար, ըստ Ձեզ, կլինի՞ համաներում, ե՞րբ եւ ո՞ր հոդվածներով դատապարտվածների վրա այն կանդրադառնա:
- Ես հոգնել եմ արդեն "համաներում կլինի՞, թե ոչ" հարցից. այն արդեն ինձ հիշեցնում է Կիկոսի մահը: Երբ համաներման մասին պաշտոնական ինչ-որ տեղեկատվություն լինի, այդ ժամանակ կխոսենք: Հիմա, համենայնդեպսª այս վայրկյանի դրությամբ, նման բան չկա: Առայժմ երկրի նախագահը` Սերժ Սարգսյանը, համաներման մասին հանձնարարություն չի տվել: Սակայն դա դեռ չի նշանակում, որ մինչեւ մայիսի 5-ը, երբ կայանալու է ԱԺ արտահերթ նիստը, նման հանձնարարություն չի լինի: Ամեն դեպքում, ես այդ հարցի հասցեատերը չեմ. հանրապետության նախագահն է որոշում այդ հարցը:
- Արդյո՞ք արդարադատության նախարարը չի՞ կարող նման միջնորդությամբ կամ նախագծով դիմել նախագահին:
- Ո՛չ, արդարադատության նախարարը նման իրավասություն չունի: Դա նախագահի իրավասությունն է: Ինչպես կորոշի նախագահը, այդպես էլ կլինի: Ավելինª համաներման մասին նախապես հնարավոր չէ հայտարարել, քանի որ այն կանխատեսման դաշտում չէ: Համաներման առանձնահատկությունն այն է, որ այլ որոշումների եւ իրավական ակտերի նման բազմաթիվ հասկանալի պատճառներով դրա ընդունման պրոցեսը հրապարակային չէ: Համաներման գործընթացը մինչեւ վերջին պահը, երբ նման որոշում է կայացվում, եւ երկրի նախագահը դիմում է խորհրդարանին, տեղի է ունենում փակ պայմաններում. այդպիսին է համաներման համաշխարհային պրակտիկան: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե առաջիկա օրերին համաներում կլինի, թե ոչ, կարծում եմ` այս պահին ոչ ոք չի կարող ասել: Բացի, կրկնում եմ, նախագահից, ով ունի նման որոշում կայացնելու իրավասություն: Եվ եթե նման որոշում լինի, բնականաբար, հասարակությանն անմիջապես կտեղեկացվի այդ մասին:
- Մի շարք իրավապաշտպաններ նշում են, որ իրականում Հայաստանում ավելի շատ են համաներումներ լինում, քան աշխարհի բազմաթիվ այլ երկրներում: Այդպե՞ս է:
- Ես նույնպես այն կարծիքին եմ, որ Հայաստանում առավել հաճախ են լինում համաներումներ, քան այլ երկրներում: Բայց աշխարհում, իհարկե, համաներման տարաբնույթ պրակտիկա է կիրառվում: Կան երկրներ, որոնք ակտիվ կիրառում են համաներումը, կան երկրներ, որոնք ավելի շատ շեշտը դնում են պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի վրա, որն ավելի կոնկրետ անհատականացման էլեմենտներ է պարունակում եւ կոնկրետ մարդուն է վերաբերում: Այսինքնª հաշվի է առնվում, թե ինչպես է դատապարտյալը պատիժը կրում, արդյոք նա ուղղվելու, վերադաստիարակվելու ճանապարհին է կանգնած, նրա հետագա վերասոցիալիզացիան արդյունավետ կլինի, թե ոչ: Այնպես որª որեւէ մեկը չի կարող պնդել, որ այս մոդելն է ավելի ճիշտ կամ այն մյուսը: Որպես իրավաբան ավելի կարեւոր եմ գնահատում պայմանական վաղաժամկետ ինստիտուտի ակտիվ եւ արդյունավետ գործարկումը երկրում, քանի որ, ի տարբերություն համաներման, պայմանական վաղաժամկետի պարագայում գործ ունենք անհատական մոտեցման հետ: Սա ավելի արդյունավետ եւ արդար լուծում է: Մոտ ժամանակներս նախաձեռնություն ենք ներկայացնելու` այս ինստիտուտը վերափոխելու ուղղությամբ: Մենք պետք է փորձենք օրենսդրական այնպիսի լուծումներ գտնել, որպեսզի արդյունավետորեն ռեանիմացնենք այդ ինստիտուտը եւ այն իր նպատակներին ծառայեցնենք:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
