ՆՈՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ "ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ" ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
Արխիվ 12-16ՆՈՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ "ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ" ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ
ՄԻՋԱՆՑՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
"Հյուսիս-հարավ" ճանապարհային միջանցքի եւ երկաթգծի կառուցումը Հայաստանի տնտեսական զարգացմանն ուղղված ռազմավարական նշանակության առաջնահերթ ծրագրերից ու կարեւոր ձեռքբերումներից մեկն է, որի իրագործումը կարող է ոչ միայն Հայաստանին` որպես տարանցիկ երկրի նոր տնտեսական հնարավորություններ ընձեռել եւ նոր շուկաներ բացել հայկական արտադրանքի համար:Ներկա իրավիճակում այն կենսական նշանակություն ունի Հայաստանի տնտեսական, եւ, մասնավորապես, Իրանի եւ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Այս երկու երկրների հետ հարաբերությունների համար այսօր առկա է բավականին բարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակ, հատկապես` ապրիլի 2-ին Իրանի եւ "վեցյակի" միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո, որոնք նախատեսում են Իրանի նկատմամբ պատժամիջոցների դադարեցում:
Մեզ տնտեսական զարգացման համար հեռանկարային, գլոբալ քայլեր են անհրաժեշտ, այլապես տնտեսական մասնակի շրջափակման մեջ գտնվող Հայաստանն իր սուղ ռեսուրսներով չի կարող լուրջ աճ ապահովել: Սա գիտակցում է նաեւ կառավարությունը, որը հետեւողական քայլեր է կատարում "Հյուսիս-հարավ" ճանապարհային միջանցքի կառուցման ուղղությամբ:
Այս նպատակով, դեռ ապրիլի 22-ին կառավարությունը հավանություն տվեց "Միջազգային կազմակերպության հետ Եվրոպական միության օժանդակության համաձայնագրով ("Աջակցություն Հայաստանի հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք" ներդրումային ծրագրի Երեւան-Բավրա հատվածին) ՀՀ-ի համար նախատեսված իրավունքների եւ պարտավորությունների ստանձնմանը: Նշված ճանապարհային միջանցքի 3-րդ տրանշի ֆինանսավորման նպատակով Ասիական զարգացման բանկը տրամադրել է 100 մլն ԱՄՆ դոլարի վարկ: Եվս 60 մլն եվրոյի չափով վարկային միջոցներ է տրամադրել եվրոպական ներդրումային բանկը: Ծրագրի համաֆինանսավորման նպատակով նախատեսված էր նաեւ Եվրոպական միության հարեւանության ներդրումային գործիքի միջոցով ստանալ 12 մլն եվրո դրամաշնորհ, որը կտրամադրվի Հայաստանի Հանրապետությանը եւ կուղղվի 3-րդ տրանշի Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարությանն ու վերահսկողությանը, ինչպես նաեւ Հյուսիսային տրանշի նպատակայնության ուսումնասիրությանն ու նախագծմանը:
Նույն օրը մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ ստորագրված "Հյուսիս-հարավ" ճանապարհային միջանցքի 4-րդ հերթի շինարարության նախագծի ֆինանսավորման ներդրումային վարկի համաձայնագրին: Վերջինիս համաձայն Հայաստանին կտրամադրվեն տարեկան 1.65%-ով, մինչեւ 20 տարի մարման ժամկետով (որից 5 տարին` արտոնյալ ժամկետ) 150 մլն դոլար վարկային միջոցներ, որոնք կուղղվեն Ագարակից դեպի Քաջարան հատվածի բարելավմանը, վերակառուցմանն ու լայնացմանը:
"Հյուսիս-հարավ" ճանապարհային միջանցքի կառուցումը կարեւոր է ոչ միայն առեւտրաշրջանառության (այն Կասպից եւ Սեւ ծովերի միացման ամենակարճ տարանցիկ ուղիներից մեկն է), այլեւ այլ ոլորտների տեսանկյունից նույնպես:
Մասնավորապես, ճանապարհի կառուցումը կարող է նպաստել տուրիզմի զարգացմանը, հատկապես որ Սյունիքի մարզն իր Տաթեւի վանական համալիրով տուրիստների համար ամենագրավիչ շրջաններից մեկն է: Եվ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Իրանի քաղաքացիները նույնպես հետաքրքրված են Հայաստան այցելությամբ, ճանապարհի կառուցումը կավելացնի պոտենցիալ զբոսաշրջիկների թիվը:
Մյուս կողմից, ճանապարհի կառուցումը եւ դրա արդյունքում տնտեսական ակտիվության աճը կնպաստեն Հայաստանի տարածքային համաչափ զարգացմանը, ինչն էլ իր հերթին կարող է կանխել Հայաստանում առկա ուրբանիզացիոն միտումները:
Կարեւոր հանգամանքներից է նաեւ այն, որ ճանապարհը կառուցվում է ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխան, ինչը կապահովի դրա երկարատեւ շահագործումը, եւ ավելի շահեկան կլինի ընթացիկ ծախսերի տեսանկյունից` ապահովելով տնտեսական զարգացման համար լավ հեռանկարներ:
ԱՐՄԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
