«ՄԻՋԻՆ ԽԱՎԻ ՄԱՐԴԻԿ ԿՈՐԱՆ, ԵՐԲ ՎԵՐԱՑՐԵՑԻՆ ԲԱՆՎՈՐԻ ԱՐՁԱՆԸ ԵՎ ՏԵՂԸ ՍԱՐՔԵՑԻՆ ՉԱՐՉՈՒ ՇՈՒԿԱ»
Արխիվ 12-16«ՄԻՋԻՆ ԽԱՎԻ ՄԱՐԴԻԿ ԿՈՐԱՆ, ԵՐԲ ՎԵՐԱՑՐԵՑԻՆ ԲԱՆՎՈՐԻ ԱՐՁԱՆԸ ԵՎ ՏԵՂԸ ՍԱՐՔԵՑԻՆ ՉԱՐՉՈՒ ՇՈՒԿԱ»
Էլ ի՞նչ Մայիսի 1, առանց կոմունիստական շքերթների, եւ այս տարին նույնպես բացառություն չէ: Թե ինչպե՞ս են պատրաստվում Աշխատավորության միջազգային օրը նշել կոմունիստները, այդ թվում` Սոցիալիստական շարժումը, «Իրավունքը» հետաքրքվեց Սոցիալիստական շարժման ղեկավար, Կոմունիստական կուսակցության անդամ ՌՈԲԵՐՏ ԱՀԱՐՈՆՅԱՆԻՑ.
-Սոցիալիստական շարժումը` որպես հասարակական կազմակերպությունների միավորում, այսօր շքերթ է կազմակերպում Հայաստանի Կոմունիստական կուսակցության հետ համատեղ: Մենք համարում ենք մեզ Կոմկուսի անբաժանելի մաս, եւ մեր երիտասարդական թեւը ու ակտիվիստներն այսօր Մարտիրոս Սարյանի արձանին հարող տարածքից` Մաշտոցի պողոտա-Գ. Լուսավորչի փողոց-Մանկական զբոսայգի երթուղով շքերթ կանցկացնեն:
– Ընկեր Ահարոնյան, ինչո՞վ է պայմանավորված, որ այս միջազգային տոնը տարիների ընթացքում դարձավ կուսակցական տոն, քանի որ սովորաբար միայն կոմունիստներն ու դաշնակներն են նշում:
– Որովհետեւ բանվորագյուղացիական խավը հանրապետությունում կորավ: Ընդհանրապես, միջին խավի մարդիկ կորան, երբ Հայաստանում վերացրեցին Բանվորի արձանը եւ տեղը սարքեցին չարչու շուկա: Ավելին` Աբովյան փողոցի վրա դրեցին օլիգարխ Մանթաշովի իսկ մյուս կողմում` աղքատ Կարաբալայի արձանը, եւ դա դարձրին մեր 25 տարվա պետության սիմվոլը: Մինչդեռ Կոմունիսական կուսակցության սիմվոլը «Մայր հայրենիքն» էր, Ցեղասպանության հուշահամալիրն էր, Բանվորի արձանն էր: Դրա համար էլ այսօր ոչ մի կուսակցություն չի կարող մասնակցել Աշխատավորության միջազգային տոնին, որովհետեւ նախ չունենք աշխատավորություն, իսկ օլիգարխների կողմից ստեղծված մի օրվա կուսակցությունները չունեն գաղափարախոսություն: Ինչ վերաբերում է դաշնակցությանը, նրանք էլ սոցիալիստական գաղափարախոսություն ունեն, բայց նրանց հետեւից մարդիկ էլ չեն գնում ու երթ չեն կարողանում անել, որովհետեւ 8-10 տարի լինելով կառավարության մեջ` կառուցեցին կապիտալիստական երկիր: Հակառակ դրան, ինչպես հայտնի է, Կոմկուսը մինչեւ 1999 թիվը եղել է առաջին ընդդիմությունը: Իհարկե, այն ժամանակ կարող էր մտնել կոալիցիոն կառավարության մեջ, բայց սոցիալիստներն ու կապիտալիստները միասին անհամադրելի են: Հետեւաբար, մայիսմեկյան շքերթը Հայաստանում դարձավ զուտ Կոմունիստական կուսակցության տոն, ինչը չեմ կարող ասել Ռուսաստանի մասին, քանի որ այնտեղ այսօր էլ առաջին ընդդիմությունը սոցիալիստներն են:
– Ի դեպ, Մայիսի 1-ը նաեւ համարվում է Աշխատավորության իրավունքների պաշտպանության օր, այսօր ինչի՞ց պետք է պաշտպանել մեր աշխատավոր հանրությանը:
– Երկիրը քանդվում է տարբեր գենդերային հավասարություններ քարոզող, արտասահմանից ֆինանսավորվող գրանտային ծրագրերի, «Եհովայի վկաների» եւ տարբեր աղանդների պատճառով: Իհարկե, մենք չենք ուզում փչացնել մայիսմեկյան շքերթը եւ խոսել դրա մասին, բայց որպես սոցիալիստ, որպես կոմունիստ` ես մշտապես ասել եմ, որ պայքարում եմ այդ եվրոպական մոտեցումների դեմ: Իսկ ինչ վերաբերում է աշխատավորության շահերին, մենք Հայաստանում չունենք աշխատավորություն, որ կարողանանք պաշտպանել իրենց շահերը: Եթե մի սուպերմարկետում 30-100 երիտասարդ օրիորդ կամ տղա է աշխատում, դա աշխատավորություն չէ, բանվոր դասակարգ չէ: Ժամանակին կոմունիստների կողմից սարքված «Տեցի կռուգ» գնացող ճանապարհը ամենալայնն էր, որովհետեւ այնտեղ գործարարներ էին գնում, ու կար բանվոր դասակարգ: Փողոցը լայն էր կառուցվել, որ ժամը 18:00-ին` աշխատանքից հետո, մարդիկ մեքենաներով, ավտոբուսներով խցանման մեջ չհայտնվեին: Կոմունիստներս ստեղծել էինք «Բազալտ» գործարան, որտեղ աշխատում էին 8-10 հազար քաղաքացի, հիմա այդ գործարանը սարքել են «Սոչի-պլազա»: Իսկ եթե ավելի կոպիտ ասեմ` «բարդակնոց», որտեղ գենդերային հավասարություն քարոզողներն ու պոռնիկները գալիս ու սենյակներ են վարձում, դա է մեր Հայաստանի այսօրվա դեմքը: Այնպես որ, մենք պետք է մեր երթերով ու շքերթներով փորձենք կառուցել նոր բանվոր դասակարգ, հետո նոր մտածենք իրենց շահերը պաշտպանելու մասին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
