"ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՄԻՋՈՑՈՎ ՆՈՐԻՑ ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ ԼՈՒԾՈՒՄ"
Արխիվ 12-16"ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՄԻՋՈՑՈՎ ՆՈՐԻՑ ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ ԼՈՒԾՈՒՄ"
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Տիեզերքը ցնցած բուռն արձագանքը թեեւ ոգեւորիչ է, սակայն ժամանակն է եղածը վերլուծելու եւ հետեւություններ անելու: Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ դիտարկմամբ` վերջին իրադարձությունները, ցույց տվեցին, որ Հայոց ցեղասպանության հարցում դերակատություն ունեցած երկրների ցանկը, որոշակի փոփոխությունների թեեւ ենթարկվել է, բայց նպատակը 100 տարի անց էլ նույնն է մնացել: Դա թույլ է տալիս ենթադրել, որ գերտերությունները ցանկանում են վերականգնել եվրոպական նախկին ձեւաչափը եւ հայկական հարցն օգտագործելով` ակտիվ քաղաքական իրականություն վերադառնալ:
"Երկու գերտերություն` Ֆրանսիան եւ Ռուսաստանը, հիշեցրին մի փաստ, որը շատ հետաքրքիր էր: 1915 թ.-ի մայիսի 24-ին Անտանտի տերություններ Ֆրանսիան, Անգլիան եւ Ռուսաստանը հանդես եկան հայտարարությամբ, որտեղ ասվում էր, որ Հայաստանի քուրդ եւ թուրք ազգաբնակչությունը ոճիր է իրականացնում եւ կոտորում է Կարինի, Վանի եւ այլ բնակավայրերի հայերին: Փաստորեն, նախկին Անտանտի անդամ պետություններից երկուսը հաստատեցին 100 տարի առաջ ընդունած հայտարարությունը, սակայն Անգլիան լռեց: Անգլոսաքսերի` ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի լռությունը խոսում է այն մասին, որ նրանք հայ ժողովրդին չեն խոստանում բաներ, որոնք գիտեն, որ չեն իրականացնելու",- "Իրավունքի" հետ զրույցում ասաց քաղաքագետը:
Լ. Շիրինյանի դիտարկմամբ` ուշագրավ է սակայն այն, որ հիշատակելով համաձայնագրի առաջին մասը, երկրորդի մասին բոլորն էլ լռեցին:
"Նույն հայտարարության երկրորդ մասում ասվում է, որ Անտանտի երեք դաշնակից պետություններն այս հանցանքի մեջ որպես մեղավոր դիտում են թուրքական կառավարության անդամներին, եւ նրանք պետք է պատժվեն: Այդ է պատճառը, որ Թուրքիան իրար է խառնվել",- ասում է Լ. Շիրինյանը:
Իսկ Թուրքիայի դաշնակից Գերմանիայի "անսպասելի" ակտիվացումը քաղաքագետի կարծիքով` պայմանավորված է նրանով, որ Գերմանիան ոճիրներ կատարած պետություն է, եւ ժամանակն է, որ իր ոտքերից կախված կշռաքարերը թեթեւացնի:
"Գերմանիան ուզում է լրիվ մաքրվել եւ ակտիվ քաղաքականություն վերադառնալ: Հոլոքոստն ընդունել է, հայկական հարցն այս կամ այն կերպ կընդունի: Բունդեսթագի նախագահի հնչեցրած ճառից հետո այն չընդունելը դժվար կլինի: Սակայն հետաքրքիր է նաեւ այն, որ թեեւ Ռումինիան չի ընդունել Հայերի ցեղասպանությունը, բայց Գերմանիայի Բունդեսթագի նախագահի ճառի նման մի ճառ էլ ներկայացրել է նաեւ Ռումինիայի ազգությամբ գերմանացի նախագահը` հանդես գալով մարդասիրության, արդարության տեսանկյունից: Սրանք ազդակներ են, որոնք հուշում են այն մասին, որ Գերմանիան վերադառնում է ակտիվ քաղաքականություն",- ասում է Լ.Շիրինյանը:
Քաղաքագետի դիտարկմամբ թեեւ ներկայումս Թուրքիայի դեմ ճնշումների մասին որեւէ գործնական քայլ չկա` ամեն ինչ միայն խոսակցությունների մակարդակում է, սակայն հայկական հարցը նորից դառնում է համաշխարհային քաղաքական օրակարգի հարց, որտեղ եւ մենք պետք է շատ ուշադիր լինենք:
"ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՀԱՍԿԱՆԱԼ, ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ ԿՈԿՈՐԴԻԼՈՍԻ՞ ԵՆ, ԹԵ` ՈՉ"
Ինչո՞ւ Գերմանիայի Բունդեսթագը հետաձգեց Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը հարցին քաղաքագետ Լեւոն Շիրինյանի պատասխանը հստակ է` "առեւտրի մեջ են", իսկ բանաձեւն ընդունելով` Գերմանիան նպատակ ունի զսպաշապիկ հագցնել իր երկրում ապրող 5 միլիոնանոց թուրքական համայնքին: "Գերմանիայի թուրքական համայնքը, ապրելով Գերմանիայում, մնում են թուրք` իրենց էությամբ եւ ձեւով: Բացի այդ, Թուրքիան այլ երկրներում ապրող իր բոլոր համայնքներն օգտագործում է` տվյալ պետությունների եւ իշխանությունների դեմ ճնշումներ գործադրելու համար: Ուստիեւ, գերմանաբնակ թուրքերին բարոյապես եւ քաղաքակրթորեն ճնշելու, կարգ ու կանոնի մեջ պահելու համար զսպաշապիկ է պետք, որպեսզի Թուրքիան չկարողանա թուրքական համայնքին օգտագործելով` ճնշում գործադրել իր երկրի վրա: Այնպես որ, այստեղ բազմավեկտոր եւ բազմաֆունկցիոնալ խաղ է գնում",- ասում է քաղաքագետը:
Լ. Շիրինյանի խոսքով` մինչեւ Արցախյան պատերազմի հաղթանակը, Մեսրոպ Մաշտոցի տարիներից այս կողմ հայերը միշտ միայն բարոյական հաղթանակներ են տարել: Ուստի, այժմ պատերազմում հաղթանակած երկիր լինելով, մենք պետք է կարողանանք հասկանալ, թե գերտերությունների արցունքները կոկորդիլոսի՞ են, թե` ոչ:
"Արցախը ցեղասպանության հետեւանքով է մնացել Ադրբեջանի կազմում, ուրեմն հիմա մենք պետք է արցախյան հարցն առաջ մղենք: Մենք պետք է հարց ուղղենք, թե` արցախյան հարցում կունենա՞նք առաջընթաց: Եթե ասեն` ոչ, ուրեմն բոլոր արցունքները սուտ են",- ասում է քաղաքագետը:
Երկրորդ ամենակարեւոր հարցը, որն ըստ Շիրինյանի` շրջանցվում է, այն է, թե ինչու թուրքերին չեն հարցնում, թե ցեղասպանություն ասելով` իրենք ի՞նչ են հասկանում: Եվ երբ թուրքական կառավարությունը տարբեր հարթակներում ասում է, թե ցեղասպանություն չեն արել, իրենց կարծիքով` ի՞նչ է ցեղասպանությունը: "Իրենց ուղեղներում, եթե այն կա, ի՞նչ է ցեղասպանությունը, քանի որ բոլորը մի բան են ասում, իսկ իրենք բոլորովին այլ բան են ասում",- ասում է Լ. Շիրինյանը:
Քաղաքագետի կարծիքով` չնայած Թուրքիայի պատմության բոլոր էջերն էլ մութ են, բայց այն պետք է լայնորեն լուսաբանել, քանի որ ե՛ւ նախկինում, ե՛ւ հիմա եվրոպական բոլոր ազգերը լացում են նրանց "ձեռքը":
"Ու՞մ գլխին թուրքերը օյին չեն բերել: Ռուսների համար դա հստակ է, եւ եթե 1915 թվականի ապրիլի 24-ը հիշատակում է ՌԴ նախագահ Վ.Պուտինը, ուրեմն նրան պետք է ասել, որ Արցախն այդ պատճառով է Ադրբեջանի կազմում հայտնվել: Թուրք ազգաբնակչությունը նախճիր է սկսել հայ ժողովրդի դեմ, որը հիմա էլ շարունակվում է: Թուրքիայի նախճիրը քաղաքակրթության եւ մարդկության դեմ է, եւ ժամանակն է, որ Թուրքիան պատասխան տա մարդկության, մարդկայնության եւ քաղաքակրթության դեմ կատարած բոլոր ոճրագործությունների համար",- ասում է Լ. Շիրինյանը:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
