«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆՔ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ»
Արխիվ 12-16«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆՔ
ՄԵՐ ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ»
Շատերն են սիրով ու կարոտով հիշում, որ ԽՍՀՄ-ում Մայիսի 1-ը երկար տարիներ պետական հիմնական տոներից էր համարվում: Աշխատավորության տոնը Հայաստանի անկախության առաջին տարիներին` ՀՀ առաջին նախագահ, այսօր արդեն ՀԱԿԿ թոշակառու ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման «թեթեւ ձեռքով» չեղյալ համարվեց: Մինչդեռ հետագայում ձեւավորված նոր կառավարությունն այս տոնը վերականգնեց` կոչելով Աշխատանքի օր: Սակայն տոնն այլեւս համազգային տարածում չգտավ, ավելին` այն մինչ այսօր տոնում էին միայն կոմունիստներն ու մասամբ դաշնակները:
Իսկ այս տարի մայիսմեկյան տոնակատարություններին միացել են նաեւ ՍԴՀԿ-ն եւ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության հետ համատեղ այսօր` Շառլ Ազնավուրի անվան հրապարակում հանրահավաք կանցկացնեն: Նախաձեռնության մասին, ինչպես նաեւ վերջին իրադարձությունների հետ կապված` ՍԴՀԿ-ի տեսակետը պարզելու համար «Իրավունքը» զրուցեց ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ:
–Ընկեր Գալստյան, ինչո՞ւ ՍԴՀԿ-ն որոշեց մայիսմեկյան հանրահավաքն անցկացնել հենց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության հետ եւ ոչ, օրինակ, կոմունիստների կամ դաշնակների:
– Դեռեւս մարտի 14-ին` ՍԴՀԿ հիմնադրման 128-ամյակին, կուսակցության անունից հայտարարեցինք, որ մենք մայիսի 1-ին անելու ենք առաջին հրապարակային ակցիան: Եվ նշեցինք, որ դրան կարող են միանալ բոլորը, ովքեր ունեն մեզ հետ գաղափարական ընդհանրություններ եւ կիսում են մեր ծրագրերն ու մտահոգությունները` երկրում առկա խնդիրների վերաբերյալ: Ի պատիվ ՀՀ Դեմոկրատական կուսակցության, իրենք արձագանքեցին, եւ մենք հաճույքով` որպես գործընկեր, իրենց հետ շարունակեցինք աշխատանքը: Բացի իրենցից, կան բազմաթիվ այլ հասարակական կազմակերպություններ, որոնք նույնպես միացել են մեզ: Մենք որեւիցե մեկին հստակ առաջարկներ չենք արել, այլ ի լուր աշխարհի` հայտարարել ենք, որ բաց ենք` բոլորի հետ աշխատելու հարցում:
– Իսկ հնարավո՞ր է հետագայում միասնական քաղաքական օրակարգ ձեւավորեք հենց ՀՀ Դեմոկրատական կուսակցության հետ:
– Ոչինչ չեմ ցանկանա բացառել, ոչ էլ հաստատել, ամեն ինչ ժամանակը ցույց կտա:
– Ի դեպ, քանի որ խոսեցիք ժամանակի մասին, հետաքրքիր է Ձեր տեսլականը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի եւ արդեն ապրիլի 24-ին հաջորդող քայլերի մասին` որպես Հայ դատի ակունքներում կանգնած կուսակցության ներկայացուցիչ:
– Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությունները բավական պատրաստված էր, եւ ես ինքս այդ պահին հասկացա, որ ցանկության պարագայում կարող ենք միասնական, ուժեղ եւ հզոր լինել: Ապրիլի 24-ը հենց դա ապացուցեց: Բայց, նախեւառաջ, խորապես համոզված եմ, որ ապրիլի 24-ով ո՛չ Ցեղասպանության ճանաչման հարցն է լուծվում, ո՛չ էլ մեր պահանջների խնդիրը: Հիմա բնական է, որ միջազգային ճանաչման գործընթացը էլ ավելի մեծ թափով պետք է ընթանա, բայց դրան զուգահեռ պետք է հասկանանք, թե հատուցում ասելով` ինչ ենք հասկանում, որովհետեւ չկա ընդհանուր ձեւաչափ: Իհարկե, լավ հասկանում եմ, որ ՀՀ իշխանություններն իրենց բարձրագույն մակարդակով չեն կարող որեւիցե հողային պահանջ ունենալ Թուրքիայից, որովհետեւ դա անմիջապես նշանակում է պատերազմ: Բայց, համենայնդեպս, գոնե քաղաքական կուսակցությունների եւ ազդեցիկ կազմակերպությունների մակարդակով պետք է ունենանք որոշակի ընդհանրական մոտեցում` հատուցման հետ կապված: Իսկ Ցեղասպանության հարցի ճանաչումով խնդիրը չի փակվել, դա միանշանակ է: Մեզ հայրենազուրկ են արել, մեր պապերին զրկել են իրենց հողերից, իրենց կյանքից եւ ինչքից, ու մենք պետք է վերադարձնենք մեր բոլոր իրավունքները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
