ԶԱՐՄԱՆՔ
Արխիվ 12-16
"Հիմնադիր խորհրդարանի" ղեկավարներից ԿԱՐՈ ԵՂՆՈՒԿՅԱՆԸ զարմանալիորեն որոշել է հեքիաթներով կերակրել մարդկանց, հասարակ հանրահավաք անցկացնելու անկարողությունը բացատրելով ինչ-որ սուպերմարտավարական խորամանկություններով: Կարծում ենք, ընթերցողն ահագին կզվարճանա` կարդալով նրա պատմած հեքիաթը. "Որոշվել է հանրահավաքներ չանել` մարտավարական փոփոխությունների պատճառով: Բացի այդ` պարզվեց, որ Էրեբունի թանգարանի այդ տարածքը ունի սեփականատեր, որը փորձում է խոչընդոտել հանրահավաքները, ու համաձայնության գալ հնարավոր չէ: Մենք տեղեկություններ ունենք Էրեբունիում քրեական տարրերի առկայության մասին, ու այդ տարրերը կարող են խոչընդոտել, իսկ ոստիկանության պահվածքն էլ չգիտենք ինչպես կլինի ու ենթադրում ենք, որ այդտեղ կա ծուղակ մեզ համար:
Մի պատճառ էլ կա. մենք քաղաքապետարանի իրազեկումների մեջ տվել ենք, որ ուզում ենք շուրջօրյա անել հավաքները, նստացույց սկսել, բայց իրենք ասում են` մինչեւ երեկոյան տասն եք կարող հավաք անել, ու մենք չգիտենք` տասից հետո մեզ հետ ի՞նչ կլինի, դա կարող էր բախում ստեղծել: Սրանք են հանրահավաքները չանելու պատճառը: Հիմա դիմել ենք քաղաքապետարան, որպեսզի մեզ տրամադրեն Ազատության հրապարակը, բայց, կարծես թե, մեզ ուզում են ուղղել դեպի Էրեբունի: Իրենք Կենտրոնում հնարավորություն ունեն մեզ տալ նաեւ Մատենադարանը, մենք դեմ չենք, բայց, կարծես թե, մեզ ուզում են ծուղակ գցել, բայց մենք խուսափելու ենք: Հանրահավաքները կարվեն այն ժամանակ, երբ մեզ Կենտրոնում տեղ կտան":Իսկ կինոռեժիսոր ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆՆ էլ, զարմանալիորեն, հարձակվել է Հայրենական պատերազմի հաղթանակի խորհրդանիշ Գեորգիեւյան ժապավենի վրա. "Կներեք վերջնագրի ոճիս համար, բայց ես հեռացնելու եմ ՖԲ իմ ցանկից բոլոր նրանց, ով այս իրավիճակում փակցնելու է կայքում, լուսանկարներում կամ առավել եւս կրծքին "գեօրգեւյան" սեւ-նարնջագույն ժապավենը: Պապս պատերազմի մասնակից էր եւ բազմաթիվ շքանշաններ ուներ, այնպես որ "սրբապղծության" կամ "անշնորհակալության" մեղադրանք չեմ ընդունում: Այսօր այդ ժապավենն ինձ համար խորհրդանշում է կայսերական գաղութացման, զավթիչների գոռոզության եւ մեր ազգային արժանապատվությանը հակասող գաղափար: Շնորհակալ եմ, եթե հասկանում եք": Ախր, ինչ ասես սրան, ինչ կապ ունի` սիրում ես Ռուսաստանը, թե` ատում: Չէ՞ որ մեր պապերը, այդ թվում եւ Խզմալյանի պապը, Գեորգիեւյան ժապավենով զարդարված մարտական պարգեւներ են ստացել, նույն Գեորգիեւյան ժապավենով էին եւ Նժդեհի ու Անդրանիկի մարտական պարգեւները: Խզմալյանի դեպքը զարմանալի պարզությամբ ի ցույց է հանում, թե ինչ է պատահում մարդու հետ, երբ ատելությունը մթագնում է նրա ուղեղը:
Իսկ իրենք իրենց "ատելության դեմ պայքարող" հռչակած ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԸ չորեքշաբթի մեր թերթին վերաբերող հերթական դատական նիստի ժամանակ դրսեւորեցին այնպիսի զարմանալի վարքագիծ, որ դրան դժվար է անուններ տալ: Այսպես, նրանց փաստաբանը երկար, ձանձրալի ու անհամ դասախոսություն կարդաց համասեռամոլների, այսպես կոչված, "իրավունքների" մասին, բայց գլուխգործոցը, անշուշտ, նրա միջնորդությունն էր` դատական սանկցիա կիրառել մեր փաստաբան Լեւոն Բաղդասարյանի դեմ այն բանի համար, որ իր խոսքում օգտագործում է "համասեռամոլ" բառը: Բնականաբար, դատարանը մերժեց այդ անհեթեթությունը, եւ այդպես էլ պետք է լիներ: Նաեւ շատ նյարդային վարքագիծ դրսեւորեց հայցվոր Արման Սահակյանը, երբ դատարանում հրապարակվեց, թե ինչպիսի այլանդակություն էր նա հարցի փոխարեն զետեղել Ինգա եւ Անուշ Արշակյանների ֆեյսբուքյան ասուլիսի էջում, վերջում էլ խոստովանեց, որ երբ Վանաձորում ապրող իր բարեկամները մեր թերթից տեղեկացան, որ ինքը զբաղված է համասեռամոլների պաշտպանությամբ, իրեն ասացին, որ Վանաձորում չերեւա, այլապես "ոտները կջարդեն":
Իսկ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ աչքին, զարմանալիորեն, ամենուրեք ԿԳԲ-ի գործակալներ են երեւում: Խոսելով Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների մասին, նա հանկարծ կրկին շեղվեց այդ թեմայի վրա եւ հայտարարեց` "Մենք ունեցել ենք ԿԳԲ-ի գործակալ նախագահներ", ուստի ռուսն ինչ կուզի կանի, եւ 100-ամյակի միջոցառումներն արդյունավետ չեն կարող լինել: Դե ինչ, զարմանալով հանդերձ, պետք է այդ մեղադրանքից պաշտպանենք նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Այո, պարոն Հայրիկյան, ԼՏՊ-ն ԿԳԲ-ի հետ կապ ունեցել է, բայց ընդամենն այնքանով, որ ԽՍՀՄ-ի օրոք բարձրագույն արեւելագիտական կրթություն ստացողները բուհն ավարտելիս ստանում էին նաեւ ԿԳԲ-ի պահեստի սպայի կոչում` ճիշտ այնպես, ինչպես տեխնիկական բուհ ավարտողները ստանում էին բանակի պահեստի սպայի կոչում: Համ էլ ԽՍՀՄ կործանումից քառորդ դար անց էլ ի՞նչ ԿԳԲ:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
